Զոհերի պատճառը փնտրեք ՊՆ-ում

Հերթական փոքրիկ հաղորդագրությունը պաշտպանության նախարարության էլեկտրոնային հասցեից գուժում է ցավալի լուրը՝ զինվոր է մահացել։ Մի օր՝ հակառակորդի գնդակից, մյուս օրը՝ զինակցի, երրորդ օրը՝ ինքնասպանության արդյունքում։ Հասարակական մի շերտ այս թեմաների վրա տաբու է դրել, թե չի կարելի անդրադառնալ՝ «թշնամուն մի ուրախացրեք»։ Իսկ չանդրադառնալը նշանակում է ուրախացնել «ներքին թշնամուն»՝ նրան, ով մեր երիտասարդների կյանքին գին չի տալիս, ով մատը մատին չի խփում այս իրավիճակը փոխելու համար։ Նրան, ում խղճի վրա են այս բազում զոհերը, եւ ով պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Բանակն «անգիր» իմացող գնդապետին, թվում է, հռետորական հարցեր եմ տալիս՝ բա, լավ, ի՞նչ անենք, որ զոհեր չունենանք, որ բանակ ուղարկելն ու մարտի դաշտ ուղարկելը նույն նշանակությունը չունենան, որ սեւազգեստ մայրեր չտեսնենք։ Զրուցակիցս լրջորեն պատասխանում է պատասխան չենթադրող հարցերիս․ «Բանակը շատ նուրբ օրգանիզմ է, այն ղեկավարելու համար լուրջ հմտություններ ու որակներ են անհրաժեշտ։ Իսկ ՊՆ ղեկավարության մեջ գնալով մեծանում է բանակից խուսափածների քանակը։ Հետաքրքրվեք՝ այսօրվա ղեկավարներից քանի՞սն է ծառայել բանակում։ Քանի՞սը գիտի՝ ինչ է բանակը։ Մյուս համակարգերում կարելի է անփորձ ու անտեղյակ ուսյալների նշանակել, բանակում՝ չի կարելի։ Բանակն այն համակարգն է, որտեղ նախարարն իր կաբինետում փռշտում է, ամենածայրամասային զորամասում ասում են՝ առողջություն։ Նախարարի անձից ու իմացությունից շատ բան է կախված։ Քանի դեռ պաշտպանության նախարարի աթոռը միայն քաղաքական պաշտոն են դիտում, որտեղ կարգում են հավատարիմ զինակիցներին, հաշվի չառնելով անձնային որակներն ու պատրաստվածությունը, մենք ունենալու ենք բարոյալքված բանակ»։

Մեկնաբանություն
X