Ռազմիկ Ամյանը կոտրում է լռությունը

Լրագրողներն այնտեղ են, որտեղ ամենաքիչն են նրանց սպասում։ Հենց այսպիսի մի անակնկալ էլ «Հրապարակի» լրագրողները մատուցեցին երգիչ Ռազմիկ Ամյանին, որի հետ մի քանի օր է՝ փորձում են կապ հաստատել, բայց ապարդյուն։ Երգչին պատահական տեսնելուն պես միանգամից տեղացին հարցերը, որոնք օրեր շարունակ կապույտ տիրույթի (Facebook) «բնակիչներին» հուզում էին։ Հիշեցնենք, որ Հանրապետության տոնի առթիվ երգիչ Ռազմիկ Ամյանն արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։ Նա շտապեց ֆեյսբուքյան իր էջում հայտնել շնորհակալությունը՝ հայատառ ու լատինատառ, որը և դարձավ քննարկման թեմա։ Երգչից ու նրա պրոդյուսերից մեկնաբանություն ստանալն այդ օրերին անհնար էր։

Երեկ մեր խմբագրության մոտակայքում՝ «Տերյան» ռեստորան այցելած Ռազմիկ Ամյանին հարց ուղղեցինք. ինչպե՞ս է մեկնաբանում այդ գրառումներն ու հանրության արձագանքը դրանց վերաբերյալ։ Երգիչը կտրականապես հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն իր պրոդյուսերը։ Այնուամենայնիվ, արձանագրեցինք՝ դուք շարունակում եք նույն կերպ գրառումներ անել, որին ի պատասխան երգիչն ասաց՝ այո, բայց մնացած հարցերով դիմեք պրոդյուսերին։

Բանից պարզվում է՝ պրոդյուսերին դիմելն ու «անակնկալի բերելը» կրկնակի բարդ է։ Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հեռախոսահամարը կամ անհասանելի է, կամ «զբաղված»։ Մնում է հուսանք, որ այս անգամ Երևանի փողոցներից մեկում, «բախտի բերմամբ ու պատահմամբ» կհանդիպենք Արմին Մովսեսյանին ու հարց կուղղենք. «Պարոն Մովսիսյան, հարցազրույցներում միշտ նշում եք՝ յուրաքանչյուրս մեր աշխատանքը պետք է անենք իդեալական, մամուլից խուսափե՞լն է իդեալականը․․․»։

Մեկնաբանություն
X