Մեդիախոհանոց․ Որտե՞ղ են ծառայում պաշտոնյաների զավակները

Երեւի մամուլը պետք է ժամանակ առ ժամանակ անդրադառնա այն գերատեսչություններին, որոնք անտեսում են եւ սահմանված ժամկետում չեն պատասխանում ԶԼՄ-ների հարցումներին։ Մեր թերթի խմբագրություն հաճախ են այցելում ազատամարտիկներ, արցախյան պատերազմի հաշմանդամներ, ներկայացնում տարբեր փաստաթղթեր եւ պատմում սրտաճմլիկ պատմություններ, թե քանի անգամ են բախել պաշտպանության նախարարության, այլ գերատեսչությունների դռները եւ պահանջել սոցիալական խնդիրների լուծում․ մեկը տուն չունի, մյուսի՝ առողջական խնդիրներ ունեցող որդուն են զորակոչել, երրորդը՝ բուժման համար պահանջվող գումարը չունի, չորրորդն ուղղակի սոցիալական արդարություն է պահանջում եւ հարց ուղղում՝ քանի՞ ԱԺ պատգամավորի կամ պաշտոնյայի որդի է ծառայում առաջնագծում։

Ապրիլյան քառօրյա պատերազմն առավել քան սրությամբ առաջ քաշեց սոցիալական արդարության խնդիրը։ Պաշտոնյաների, օլիգարխների զավակների, նրանց մերձավորների ծառայության հարցը ավելի ու ավելի հաճախ է արծարծվում հանրային շրջանակներում, մամուլում։ Քաղաքացին ուզում է հստակ պատասխան ստանալ, թե որտեղ, ինչ պայմաններում են ծառայում ԱԺ ամբիոնից հայրենասիրությունից խոսող, խաղաղ պայմաններում Արցախ մեկնող եւ այնտեղ լուսանկարվող, այդ նկարները սոցիալական ցանցերի միջոցով սեփական PR-ին ծառայեցնող ԱԺ պատգամավորներն ու պաշտոնյաները։ Ի վերջո, որքանո՞վ են օրենքի առջեւ հավասար օլիգարխի զավակն ու շարքային քաղաքացու որդին։

Այս տարվա ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն ուղարկել էինք հետեւյալ հարցերը։
1․ Քանի՞ պաշտոնյայի եւ ԱԺ պատգամավորի զավակ է ծառայում Երեւանի եւ Երեւանին մերձակա քաղաքների զորամասերում։ Խնդրում եմ նշեք նրանց անունները։
2․ Արդյո՞ք «Ես եմ» ծրագիրը կարող է երաշխավորել սոցիալական արդարություն Հայաստանում, երբ նրա իրական հասցեատերը սոցիալապես անապահով խավն է։
3․Պետությունը չի՞ կարող իրականացնել այնպիսի ծրագիր, որ առաջնագիծ մեկնեն հասուն տարիքի, զինվորական փորձ ունեցող տղամարդիկ, իսկ նորակոչիկները նրանցից փորձ եւ գիտելիքներ յուրացնեն։

Քանի որ սահմանված ժամկետում մենք չստացանք մեր հարցերի պատասխանները, ստիպված էինք որոշ ժամանակ անց՝ մայիսի 11-ին նորից ուղարկել հարցերը՝ այդ մասին նախապես տեղեկացնելով նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ կետի 3-րդ ենթակետում նշված է․ «Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Քանի որ պաշտպանության նախարարությունից այդպես էլ պատասխան չէինք ստացել հարցումն ուղարկելու օրվանից ի վեր, այդ մասին տեղեկացրեցինք նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին։ Նա էլ արձագանքեց, որ ինքը գտնվում է Արցախում, բայց լավ հիշում է մեր հարցերը, որ ուղարկել էինք։ Իսկ նրանց պատասխանների մասին Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ մեզ տեղեկացնել Հայաստան վերադառնալուն պես։ Հուսանք, որ այս հրապարակումը պաշտպանության նախարարությունում կընդունեն ի գիտություն եւ մեր հարցերին էլ կտան խիստ կոնկրետ պատասխաններ։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X