Մի պոռոտախոսեք

Ինչ-որ մեկն ի վերջո պիտի բացատրի՞ Էդուարդ Շարմազանովին, որ եթե անգամ օրը տասն անգամ էլ հայտարարի, որ ժողովուրդը մեզ քվե է տվել, մենք վայելում ենք ժողովրդի վստահությունը, միեւնույն է՝ ոչ իրենց նկատմամբ վստահությունն է աճելու, ոչ էլ լսողներն են հավատալու, որ իրենք իսկապես վայելում են ժողովրդի վստահությունը։ Եթե անգամ շատ բարդ է դա ԱԺ փոխխոսնակին բացատրելը, ապա գուցե բացատրե՞ն, որ այդ ինքնավստահ խոսքերը ճիշտ հակառակ էֆեկտն են ունենում։ Քիչ է, որ մարդիկ չեն վստահել, չեն վստահում եւ չեն վստահելու, դեռ նյարդային բռնկումների արդյունքում կարող են այլ դրսեւորումներ էլ արձանագրվել՝ հեռուստաէկրանից լսվող ցինիզմին ի պատասխան հեռուստացույցները ջարդելու կամ էկրանից ծանոթ ֆիզիոնոմիան փողոցում հանդիպելիս բռնել-ջարդելու եւ այլ տեսքով։ Երբ երկրով մեկ համատարած ընտրակաշառք է բաժանվել, երբ ադմինիստրատիվ, ու տարբեր անօրինական լծակներ են գործի դրվել, ու ընտրողն էլ այնքան հասուն ու այնքան գիտակից չի եղել, որ ընդվզի այդ ամենը կիրառողների դեմ, վստահության մասին խոսելն առնվազն անամոթություն է։ Ուրեմն այնպես, ինչպես մենք ենք հանդուրժում իրենց իշխանությունը՝ խաղաղ գոյակցության ինչ-որ բանաձեւի շրջանակներում, նույնկերպ էլ իրենք պետք է գիտակցեն, որ համաժողովրդական վստահություն ասվածը բոլորովին ուրիշ բան է։ Դա Հանրապետականին երբեք չի առնչվել ու չի առնչվելու։ Ուստի այս պարագայում միակ ելքը համեստությունն է՝ գնահատականների, պահվածքի, հարաբերությունների մեջ։ Այո, դուք իշխանություն եք, եւ այդպես կլինի, ամենայն հավանականությամբ՝ առաջիկա տարիներին։ Բայց դուք ձախողված իշխանություն եք եւ ժողովրդի վստահությունն էլ չեք վայելում։ Սա է ճշմարտությունը, որքան էլ որ եւ մենք, եւ դուք այլ բան ուզենանք։

Մեկնաբանություն
X