Փոքրիկներն արտասանում են, մեծերը՝ ինքնասպան լինում

Անցյալ շաբաթ Երեւանի զորամասում ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանը։ Նա կախվել է՝ նախապես երկտող թողնելով։ Մեր տեղեկություններով, Մելիք Խաչատրյանը պարտքեր ուներ, որոնք էապես գերազանցում էին պայմանագրային զինծառայողի աշխատավարձը։ Թեեւ չար լեզուներն ասում են, որ պարտքերը կուտակվել էին նրա վրա դրված «նալոգների» արդյունքում։ Իսկ որ բանակում շատ արատավոր երեւույթներ կան՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ինչքան պետք է մարդուն նեղած լինեն, ինչքան պետք է նա հուսահատված լինի ու ելքի զգացումը կորցրած, որ 35 տարեկանում դիմի ինքնասպանության։ Անգամ իրավապահները չեն կարողացել կոծկել կատարվածը՝ այն սոսկ ինքնասպանություն որակելով, եւ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով (Քրօր․ 110, 1-ին մաս)։ Այս դեպքը վկայում է մեր զինվորականության նվաստ սոցիալական վիճակի, անխնա շահագործման, ծանր հոգեվիճակի, բարոյալքման մասին։ Նույն օրը, երբ ինքնասպան էր եղել Մելիք Խաչատրյանը՝ հունիսի 1-ին, պաշտպանության նախարարությունն իր տարածքում հավաքել էր մանկապարտեզների եւ դպրոցների տարրական դասարանների սաներին, զինվորական շորեր էր հագցրել։ Եվ երեխաներն իրենց պաշտպանության օրվա կապակցությամբ ռազմատենչ բանաստեղծություններ էին արտասանում, ռազմահայրենասիրական տեքստեր հնչեցնում։ Այս եղանակով նախարարությունը փորձում էր բարձր պահել զինվորականի անունը, ներշնչել հարգանք ու սեր համազգեստի նկատմամբ, մանուկներին դաստիարակել բանակում ծառայելու բարձր գիտակցությամբ։ Իսկ մեկ ուրիշ ընտանիքում այդ նույն պահին սգում էին եւ անիծում այն օրը, որ համաձայնեցին իրենց որդին պայմանագրային զինծառայող դառնա ու կյանքը զոհաբերի հայրենիքին։

Մեկնաբանություն
X