Քաղաքագրություն. Հայաստանի Երկաթուղին

Անդրկովկասում երկաթուղային շինարարությունն սկսվում է 19-րդ դարի երկրորդ կեսից: Այստեղի երկաթուղիների շինարարության գլխավոր խթանները ռազմաստրատեգիական նպատակներն էին եւ տարանցիկ առեւտրի զարգացման անհրաժեշտությունը: Սակայն, դրանցից բացի, կարեւոր էին նաեւ տնտեսական ազդակները: Բնական եւ գյուղատնտեսական հանքերով հարուստ Անդրկովկասը զարգացող ռուսական կապիտալիզմի համար չէր կարող հետաքրքրություն չներկայացնել: Նրա նավթը, գունավոր մետաղների հանքավայրերը, բամբակը, խաղողը եւ այլ հումքերը մեծ խթան կարող էին դառնալ ռուսական կապիտալիզմի զարգացման համար, առաջինները՝ իբրեւ օբյեկտ տեղում կապիտալի ներդրման, իսկ վերջինը՝ իբրեւ հումք կենտրոնի տեքստիլ արդյունաբերության համար: Ժամանակակիցները մեծ ջերմությամբ էին արձագանքել Անդրկովկասում երկաթուղային ցանց ստեղծելու գաղափարին: Անդրկովկասի երկաթուղային շինարարության պլանը հաստատվում է 1861 թվականին: 1865 թվականին սկսվում է եւ 1872-ին շահագործման է հանձնվում Անդրկովկասի առաջին՝ Փոթի-Թիֆլիս երկաթգիծը: 1893 թվականին ավարտվում է Թիֆլիս-Բաքու երկաթուղու շինարարությունը, որից հետո կառուցվում են նույն այդ մայրուղուց սկսվող եւ դեպի երկրի տարբեր մասերը ձգվող Թիֆլիս-Թելավ, Խաշուրի-Բորժոմի, Շորապանի-Ճիաթուրի, Բաքու-Սարուխանի-Սաբաչունի եւ այլ ճյուղերը: Ամենից կարեւոր ճյուղը, սակայն, Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Երեւան-Ջուլֆա գիծն է կամ Հայաստանի գիծը, որը համարվում է այն ժամանակվա Անդրկովկասի համար երկրորդ մայրուղի: Հենց այդ գիծն է, որ Երեւանի համար ուներ եւ ունի կենսական նշանակություն:

Հայաստանի երկաթուղու կառուցման առաջին նախագիծը երեւան է գալիս դեռեւս 70-ական թվականների վերջերին, ռազմական մինիստրի պահանջով Կարսի մարզը Ռուսաստանին միացնելուց անմիջապես հետո: Սկզբում այդ նախագծերը վերաբերում էին միայն Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս գծին, որի ուղղության հետազոտումը եւ գործնական նախագծերի կազմումն սկսվում են միայն 1893 թվականին: Այդ գիծը համարելով հիմնական գիծ, նշվում է նաեւ, որ դրա ավարտումից հետո անմիջապես պետք է սկսել Ալեքսանդրապոլ-Երեւան-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
1895 թվականին սկսվում է Թիֆլիս-Կարս երկաթգծի շինարարությունը եւ այն վերջնականապես շահագործման է հանձնվում 1899 թվականի դեկտեմբերի 1-ին: Դրա կառուցմամբ հացառատ Շիրակն ու արգավանդ Կարսի շրջանը կապվում են Թիֆլիսի հետ: Սակայն դեռեւս առանց երկաթուղային կապի է մնում Արեւելյան Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտն ու Երեւան քաղաքը՝ Երեւանի նահանգի կենտրոնը: Ալեքսանդրապոլ-Երեւան երկաթուղու ուղղության հետազոտությունը եւ համապատասխան նախագծերի կազմումն ավարտվել էին դեռեւս 1894 թվականին՝ Թիֆլիս-Կարս երկաթուղու ուղղության ուսումնասիրության հետ միասին: Դրա ամբողջական նախագիծը, սակայն, հաստատման է ներկայացվում միայն 1898 թվականին: Պարզվում է, որ, ըստ նախագծի, երկաթուղին Ալեքսանդրապոլից Սարդարապատ (Հոկտեմբերյան) եւ Ուլուխանու (Մասիս) կայարանների վրայով ուղիղ դիմելու է դեպի ռուս-պարսկական սահմանագլխին գտնվող Ջուլֆա, շրջանցելով Երեւան քաղաքը, որը Մասիսից գտնվում է 14 կմ հեռավորության վրա: Այդ մեծ հարված կլիներ Երեւան քաղաքի համար: Քաղաքի հասարակությունը եւ քաղաքային օրգանները՝ դուման ու քաղաքային վարչությունը, չէին կարող անտարբեր անցնել այդ՝ քաղաքի տնտեսական կյանքի համար մեծ կարեւորություն ունեցող հարցի կողքով:

1902 թվականի գարնան վերջերին լիովին ավարտվում են երկաթուղու շինարարության աշխատանքները, իսկ նույն թվականի դեկտեմբերի 5-ից սկսվում է կանոնավոր երթեւեկությունը: Նոր երկաթուղին ուղջունում էին ե՛ւ Երեւան քաղաքի քաղաքացիները, ե՛ւ հայկական պարբերական մամուլը: Երկաթուղու նշանակությունը հսկայական էր Երեւան քաղաքի համար: Այն նպաստում է քաղաքի արդյունաբերության զարգացմանը, քաղաքի ներքին եւ արտաքին առեւտրի ծավալմանը: Երկաթուղու բացումը Երեւանում կատարվում է 1902 թվականի դեկտեմբերի 5-ին, հանդիսավոր պայմաններում: Դրանից հետո անմիջապես սկսվում է Երեւան-Ջուլֆա գծի կառուցումը: Վերջինս ավարտվում է 1906 թվականին:
Թ. Խ. Հակոբյան, Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան 2750»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X