Ովքեր են նորանշանակ տեղակալները

Կառավարությունում շարունակվում են պաշտոնանկություններն ու նշանակումները։ Երեկ գրեցինք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Կարինե Ավետիսյանն ու Վահե Ջիլավյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալներ։ Հիշեցնենք, որ կառավարության աշխատակազմի ղեկավար էր նշանակվել Վահե Ստեփանյանը։

Ովքե՞ր են նորանշանակ տեղակալները

Արթուր Սարգսյան (անկուսակցական)- 38-ամյա Արթուր Սարգսյանը կառավարությունում նորեկ չէ։23 տարեկան լինելուն պես հայտնվել է կառավարությունում, մասնավորապես արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչությունում՝ որպես փորձագետ։ 2008 – 2014 թթ. եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, որից հետո ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իսկ այժմ՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ Արթուր Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

**Կարինե Ավետիսյան (անկուսակցական)- **40-ամյա Կարինե Ավետիսյանի կենսագրության զգալի մասը կապված է նրա դասախոսական գործունեության հետ։ Մասնավորապես՝ եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, դասախոսել է նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Կառավարությունում դեռևս 2005-2007 թթ․-ից աշխատել է որպես ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան ֆինանսական
ծրագրերի կառավարման կենտրոնի գնումների մասնագետ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրի ղեկավար, խորհրդատու է եղել, ինչպես նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարության վերլուծական կենտրոնի ղեկավար։Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ:

**Վահե Ջիլավյան (անկուսակցական)- **42-ամյա Վահե Ջիլավյանը կառավարության հնաբնակներից է, նրա անունն առավելապես կապվում է սփյուռքի նախարարության հետ։ 2012-2014 թթ․-ին եղել է սփյուռքի նախարարի տեղակալ։ Եղել է նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաքին պետական պարտքի վարչության առաջատար մասնագետ։ Տարիներ շարունակ զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ։2009-2012թթ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել,ինչպես նաև եղել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի փոխտնօրեն։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X