Մեդիախոհանոց. Ո՞ր դեպքերում են պաշտոնյաները նախընտրում լռությունը

«Ուղարկեք հարցերը գրավոր, սահմանված ժամկետում կպատասխանենք»․ սա այն ստանդարտ պատասխանն է, որ հնչում է տարբեր գերատեսչությունների պաշտոնյաների շուրթերից, երբ լրագրողը փորձում է նրանից իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ։

Ոչ հեռու անցյալում, երբ մեր երկրում համացանցը լայն տարածում չուներ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն էլ չէր ընդունվել, պաշտոնյա-լրագրող հարաբերություններն ավելի անմիջական էին։ Ուզածդ ժամանակ կարող էիր մուտք գործել ցանկացած նախարարություն, հանդիպել վարչության պետերի, տարբեր աշխատակիցների հետ, հարցեր ուղղել նրանց։ Նախարար-փոխնախարարներն էլ էին այսօրվա համեմատ հասանելի։

Լրագրողներից կարգ, օրենքի տառին հավատարիմ մնալ պահանջող պաշտոնյաները որքանո՞վ են իրենք հավատարիմ մնում նույն այդ օրենքի տառին եւ ոգուն։ Արժե, թերեւս, հերթով անդրադառնալ այն գերատեսչություններին, որոնք անտեսում կամ շրջանցում են լրագրողական՝ իրենց ուղղված ոչ այնքան ցանկալի հարցադրումները։
Մայիսի 11-ին ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությանը հղել էինք հետեւյալ հարցերը։

1․ Համայնքների խոշորացման ծրագրով քանի՞ գյուղական համայնք է միավորվել։

2․ Որո՞նք են համայնքների խոշորացման արդյունքում ձեւավորված նոր համայնքները։

3․ Համայնքային կառավարման տեսանկյունից որքանո՞վ են արդյունավետ այդ միավորումները, որքա՞ն տնտեսում է արվել։

4․ Արդյո՞ք արվել են հաշվարկներ, թե համայնքների խոշորացման արդյունքում որքանով է աճել գործազուրկների թիվը։

5․ Այսօր լուրջ խնդիր է մտավորականությանը գյուղական համայնքներին ինտեգրելը։ Համայնքների միավորումը չի՞ նպաստում գյուղական մտավորականության արտագաղթին, որոնց դժվար է գյուղում ապրելու համար շահագրգռելը։

6․ Քանի՞ դպրոց է փակվել գյուղական համայնքների միավորման արդյունքում, ո՞ր համայնքների դպրոցներն են դրանք։

7․ Ունի՞ կառավարությունը սահմանամերձ գյուղական համայնքների դպրոցներին խրախուսելու ծրագիր։ Եթե այո, ապա խնդրում եմ մանրամասնել այն։

Մենք, իհարկե, չենք կարծում, թե մեր պաշտոնյաները խարխափում են անիրազեկության մեջ, տեղյակ չեն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներին, որոնցով հստակ սահմանված է, թե ինչ ժամանակահատվածում պետք է նրանք պատասխանեն լրագրողների հարցերին։ Ժամանակ առ ժամանակ նրանց իրազեկվածությունն ավելացնելու, կրթելու համար կազմակերպվում են տարբեր սեմինարներ, ծախսվում են պատկառելի դրամաշնորհներ, տպագրվում են տարատեսակ ուղեցույցներ եւ բրոշյուրներ, այդ մասին մամուլում տարածվում է տեղեկատվություն։ Հաճախ հենց իրենք են սիրում մեջբերումներ անել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից, լրագրողական էթիկայից, պահանջում, որ հարցերն ուղարկվեն պատշաճ կարգով։ Իսկ երբ հերթը հասնում է իրենց, պարզվում է, որ հարցերը շրջանցելու հազար ու մի ձեւ կարող են գտնել։ Հատկապես, երբ հարցերը վերաբերում են այնպիսի մի ցավոտ խնդրի, ինչպիսին օրեցօր դատարկվող սահմանամերձ գյուղերն են։

Անկախ Հայաստանում ոչ մի իշխանության չհաջողվեց հաղթահարել քաղաքների եւ գյուղական բնակավայրերի միջեւ խորացող անջրպետը, գյուղում ապրելն ու աշխատելը դարձնել շահավետ եւ հեռանկարային, լուծել այնտեղ ապրողների առողջապահական, կրթական, տրանսպորտային խնդիրները, որոնց համար ցանկության դեպքում կարելի է միշտ էլ փող գտնել։ Իսկ երբ այդ ցանկությունը բացակայում է, նախընտրելին մնում է լռությունը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X