Ալլահն ի՞նչ կանի Մերձավոր Արևելքում

Այսօր, մանավանդ օրվա երկրորդ կեսին, ողջ աշխարհի ուշադրությունը գամված է լինելու Վաշինգտոնին եւ Լոնդոնին: Վաշինգտոնում ԱՄՆ Սենատի հանձնաժողովի առջեւ հանդես է գալու եւ հարցերին պատասխանելու է Ջեյմս Քոմին՝ FBI-ի (Կենտրոնական հետախուզական վարչության) նախկին ղեկավարը, որին նախագահ Թրամփը պաշտոնից ազատեց ճիշտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 9-ին, եւ հաջորդ օրն էլ Սպիտակ տան Օվալաձեւ սրահում ընդունելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ զազրախոսել էր, թե Քոմիին պաշտոնանկ անելուց հետո իրեն թեթեւացած է զգում, քանի որ Կրեմլի եւ Թրամփի շրջապատի միջեւ շփումների հարցով FBI-ի հետաքննությունը ճնշում էր իրեն: Այժմ, եթե Քոմիի ցուցմունքներից պարզ դառնա, որ Թրամփն իսկապես փորձել է միջամտել եւ դադարեցնել ՌԴ-ի հարցով հետաքննությունը, Թրամփի ոչ միայն ձախողումները, այլեւ կատարյալ վարկաբեկումն ու պաշտոնանկությունը կդառնան շոշափելի:

Լոնդոնում նվազ հետաքրքիր չէ, որովհետեւ Միացյալ Թագավորությունում այսօր խորհրդարանական ընտրություններ են, եւ իսկական դրամա է այն, թե ընդամենը չորս-հինգ շաբաթում ինչ շեշտակի վերադասավորում եղավ ՄԹ քաղաքական կյանքում: Մայիսի սկզբին վարչապետ Թերեզա Մեյն անսպասելիորեն եւ իր բոլոր նախորդ հավաստիացումներին հակառակ, խորհրդարանական արտահերթ ընտրություններ նախաձեռնեց, քանի որ հույս ուներ, թե Tory-ները (Պահպանողական կուսակցությունը) ավելի շատ մանդատ կստանան, եւ դրա արդյունքում ԵՄ-ի կազմից դուրս գալու բանակցություններում ինքն ավելի ինքնավստահ եւ անխոցելի կեցվածք կորդեգրի: Սակայն, ինչպես հայտնի ասույթն է զգուշացնում, «Մարդը ծրագրում է, Աստված՝ տնօրինում»: Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու պահին Թերեզա Մեյը եւ Tory-ները բոլոր սոցհարցումներով երկնիշ՝ մոտ 20% ձայների առավելություն ունեին ընդդիմադիր Լեյբորիստների նկատմամբ, չորս շաբաթվա անհաջող ընտրարշավի, գուցե ինչ-որ տեղ էլ Մանչեստրում եւ Լոնդոնում իրականացված ահաբեկչությունների խորքին այդ առավելությունը լիովին փոշիացավ եւ վերացավ: Այսօր Թերեզա Մեյը եւ Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինն ընտրությունների են գնում ձայների հազիվ 1-3% տարբերության կանխատեսումներով, եւ հարցն այն է, թե Tory-ները միայն մանդատնե՞ր են կորցնելու, թե՞ նաեւ կառավարությունը:

Իսկ երեկ թոփ նորությունն աշխարհում Իրանի խորհրդարանում եւ 1979-ի իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խոմեյնիի դամբարանում իրականացված ահաբեկչություններն էին, որոնց զոհ գնաց 12 անձ, եւ մոտ չորս տասնյակը վիրավորվեցին: ISIS-ն ստանձնեց պատասխանատվությունն ահաբեկչության համար, սակայն կողմնակի հայացքով էլ դժվար է հավատալ, թե ISIS-ի հնարավորությունները թույլ կտային Թեհրանում նման հնչեղ ահաբեկչություն իրականացնել: Իրանից կարծես մտադիր են մեղադրանքի սլաքներն ուղղել Սաուդյան Արաբիային, եւ մնում է տեսնել, թե ինչ է դրան հետեւելու:

Ընդհանրապես, այդ թեման միշտ էլ՝ քողարկված, թե անսքող, արծարծվում է, եւ գաղտնիք չէ, որ Իրանը ձգտում է Սաուդյան Արաբիայում իշխող արքայական ընտանիքի տապալման, Սաուդյան ընտանիքն էլ փոխադարձաբար ձգտում է Իրանում այաթոլաների տապալման: Ընդ որում՝ այնպես չէ, թե առաջինը հակառակորդին տապալողը հաջորդիվ ինքն էլ չի տապալվի, քանի որ երկու ռեժիմներն էլ ռեպրեսիվ են, եւ երկուսին էլ իշխանության ղեկին պահողը ռազմական ուժն է: Այդ պատճառով էլ Սաուդյան Արաբիան եւ Իրանը որքան էլ լարում են երկկողմ հարաբերությունները, որքան էլ միջնորդավորված պատերազմում են միմյանց դեմ Սիրիայում, Իրաքում, Եմենում եւ գրեթե բովանդակ Մերձավոր Արեւելքը վերածել են իրենց թշնամության, մրցակցության, արյան ու ավերածության թատերաբեմի, ուղղակի պատերազմական կոնֆլիկտից թե Էր-Ռիադը, թե Թեհրանը խուսափում են:

Սակայն այժմ կարծես ռուբիկոն է հատվում: Եթե հետաքննությամբ կամ քաղաքական նպատակահարմարությամբ Թեհրանն իրականացված ահաբեկչության մեջ մեղսակից հայտարարի Սաուդյան Արաբիային, ապա երկկողմ բախումը կդառնա անխուսափելի՝ այժմ լինի դա, թե ինչ-որ ժամանակ հետո: Իսկ եթե ուղղակի բախվեն Իրանը եւ Սաուդյան Արաբիան, գուցե բոլոր ջրերը կպարզվեն, նույնիսկ՝ ստորերկրյա, սակայն փոխարենը Մերձավոր Արեւելքը դժոխք կդառնա՝ շատ ավելի սարսափելի բարբարոսությամբ եւ մասշտաբներով, քան այսօր: Դրա համար էլ ցանկալին այն է, որ այդ երկու երկրները, այնուամենայնիվ, ուղղակի չբախվեն: Դա գուցե ընդհանրապես կախված է Իրանում եւ Սաուդյան Արաբիայում իշխող ու մեծարվող ալլահից, բայց ավելի առարկայորեն կախված է նրանից, թե Իրանը պաշտոնապես ինչ գնահատական կտա եւ ում կմեղադրի երեկ Թեհրանում իրականացված աննախադեպ ահաբեկչական ակտերի համար:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X