Շաբաթվա գիրքը․ Քոնրադ՝ «Խավարի սիրտը»

Բորխեսը սգում էր, որ նոր ժամանակներում Ջոզեֆ Քոնրադին քիչ են ընթերցում և որ նա գրեթե մոռացված հեղինակ է։

Այդուհանդերձ, առայսօր ծագումով լեհ, անգլիագիր Քոնրադի (Թեոդոր Յուզեֆ Կոժենևսկի) գրականության շուրջ հետաքրքրությունը մեծ է, նրա վեպերը, պատմվածքները շարունակում են թարգմանվել, դրանց հիման վրա նկարահանվում են ֆիլմեր, ստեղծվում անիմացիաներ, պիեսներ։

Ջոզեֆ Քոնրադը ծնվել է 1857թվականին Բերդիչև քաղաքում։

Երիտասարդ նավաստին անգլիական քաղաքաքացիություն է ստանում 1886թվականին։

Քոնրադի երկրորդ լեզուն անգլերենն էր, որ սերտեց ոչ վաղ հասակում՝ ստեղծելով 20-րդ դարի մոդեռնիստական գրականության վրա զգալի ազդեցություն թողած արձակ։

Բորխեսը Քոնրադի «Խավարի սիրտը» վեպը ներառել է իր կազմած անձնական գրադարանի ցանկում, վեպը լույս է տեսել 1902թվականին։

1990թվականին «Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել վեպի հայերեն թարգմանությունը (թարգմ․ անգլերենից՝ Վահան Անտոնյանի)։

«Ձայն չկար: Իսկ ուրիշ ի՞նչ կար: Բայց ես իրազեկ եմ, իհարկե, որ հաջորդ օրը տարագնացները մի բան թաղեցին փոսի մեջ: Իսկ հետո քիչ էր մնում ինձ էլ թաղեին: Սակայն ինչպես տեսնում եք, ես այն ժամանակ չգնացի Քուրցին միանալու: Ո՛չ, չգնացի: Ես մնացի մինչև վերջ երազելու մղձավանջը և մի անգամ ևս ցույց տալու իմ հավատարմությունը Քուրցի նկատմամբ: Ճակատագիր: Իմ ճակատագիրը: Հեգնական բան է կյանքը՝ մի փուչ նպատակի համար անգութ տրամաբանության այդ խորհրդավոր դասավորումը: Ամենաշատը, որ կարող եք ակնկալել կյանքից, մի քիչ իմացություն է ձեր անձի մասին, որը շատ շուտ է գալիս և անվերջ զղջումներ է բերում: Ես գոտեմարտել եմ մահվան հետ: Դրա նման անհետաքրքիր մարտ դժվար է պատկերացնել: Տեղի է ունենում մի անշոշափելի գորշության մեջ, որտեղ ոչինչ չկա հատակին, ոչինչ չկա շուրջը, հանդիսատես չկա, աղմուկ չկա, փառք չկա, հաղթելու ցանկությունը մեծ չէ, պարտվելու վախը մեծ չէ, մի հիվանդագին մթնոլորտ է տիրում, քիչ ես հավատում քո սեփական իրավունքին և ավելի քիչ՝ քո հակառակորդին: Եթե այսպիսին է գերագույն իմաստության ձևը, ապա կյանքը մեզանից ոմանց կարծածից ավելի մեծ առեղծված է: Ես անչափ մոտ էի գտնվել հռետորական վերջին ելույթին և նվաստորեն զգացել, որ ինքս հավանաբար ոչինչ չէի ունենա ասելու: Հենց այս պատճառով ես գտնում եմ, որ Քուրցը նշանավոր մարդ էր: Նա մի բան ուներ ասելու և ասաց»։

Հատված Ջոզեֆ Քոնրադի «Խավարի սիրտը» վեպից։

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X