Իրավունք

Ղեկին Հրազդանի քաղաքապետի որդին էր

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը որդու՝ 16 տարեկան Ռազմիկ Դանիելյանի հետ երեկ առավոտյան ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին։ Տղան խոստովանել է, որ հունիսի 8-ին քաղաքապետի ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 58-ամյա Վալերի Թորոսյանին։ Քաղաքապետի ծառայողական մեքենան բարձր՝ ըստ տվյալների, 150 կմ/ժամ արագության տակ սլանալով, հարվածել է Վալերի Թորոսյանին։ Նա Կոտայքի ԳԳՄ-ի վթարների վերացման բաժնի աշխատող էր: Հրազդանի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ վթարի պահին իր ընկերոջ՝ գազի գրասենյակի մեկ այլ աշխատողի հետ նա ճանապարհի երթեւեկելի հատվածում գազի խողովակների զոդման աշխատանքներ է կատարելիս եղել։ Ռազմիկը քաղաքապետի ամենափոքր զավակն է, միակ որդին։ Քաղաքում պատմում են, որ նա սիրում էր արագ վարել, որ հայրը նրան երես էր տվել, ինչպես հաճախ է պատահում պաշտոնյաների ընտանիքներում։

Գազի գրասենյակում նա երկու ամիս աշխատեց

Այսօր Հրազդանում վրաերթի ենթարկված Վալերի Թորոսյանի հուղարկավորության արարողությունն է։ Հրազդանցիները պատմում են, որ հանգուցյալը բարի մարդ էր, ընտանիքի ազնիվ հայր, ծնունդով՝ Ջավախքից։ Նա երկար ժամանակ աշխատանք չի ունեցել։ Ընտրությունների ժամանակ ՀՀԿ շտաբում ինչ-որ աշխատանքներ է կատարել, ինչի դիմաց հանրապետականները նրան գազի գրասենյակում աշխատանքի են տեղավորել։ Ընդամենը երկու ամիս է աշխատել։ Վերջին երկու օրը ընտանիքի համար մղձավանջի պես են անցել։ Հատկապես ծանր վիճակում է Թորոսյանի մայրը։ 80-ն անց կինը պարբերաբար սպառնում է, որ գնալու է այրի քաղաքապետարանի շենքը։ Վալերի Թորոսյանը 4 երեխա ունի՝ 3 որդի եւ դուստր։ Հարազատները հենց սկզբից կասկած չունեին, որ ժողովրդի մեջ ու մամուլում շրջող լուրը, թե սպանողը քաղաքապետի որդին է, ճշմարիտ է։ Պաշտոնապես Ռազմիկ Դանիելյանի անունը չէր նշվում։ Ընդամենը հայտնում էին, որ «հունիսի 8-ին, ժամը 12։30-ի սահմաններոմ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնին»։ Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ վարորդը սառնասրտորեն դուրս է եկել ավտոմեքենայից, ականատեսների աչքի առաջ փոխել է մեքենայի համարները եւ քշել-գնացել։

Քաղաքապետը որդու համար բնակարան էր գնել «Միկրոյում»

Ամեն ինչ կատարվել է անցորդների աչքի առաջ։ Նրանք են շտապօգնություն կանչել, սակայն չի հաջողվել փրկել մարդուն։ Թորոեսյանը որովայնի շրջանի աջ հատվածում ուժգին հարված է ստացել եւ անմիջապես կոմայի մեջ ընկել։ Հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում եւ մահացել է ներքին արյունահոսությունից, այդպես էլ ուշքի չգալով։ Քաղաքապետի «Նիսսանը» եւ նրա 16-ամյա որդուն շատերն են ճանաչել։ Սակայն որեւէ մեկը նրա դեմ վկայություն չի տվել։ Տեսնողները նշել են, որ ղեկին «երիտասարդ, ջահել լակոտ է եղել»։ Քաղաքապետն իր որդու համար բնակարան էր գնել Հրազդանի Միկրոշրջան թաղամասում, այն նույն շենքում, որտեղ բնակվում էր զոհը՝ Թորոսյանը։ Հստակ տվյալներ ունենք առ այն, որ Արամ Դանիելյանն իր մարդկանց միջոցով փորձել է պայմանավորվել զոհվածի ընտանիքի, նրա որդիների հետ, հաշտության եզրեր է փնտրել։

Քաղաքապետարանից անընդհատ մարդիկ են եկել զոհվածի տուն

223-րդ շենքի համատիրության նախագահին են ուղարկել Թորոսյան եղբայրների մոտ։ Այս երկու օրը քաղաքային իշխանությունները կազմակերպել են բակի մաքրում։ «Նույնիսկ 223 շենքի բակում աղբարկղ են դրել։ Հանրապետականներ են գալիս շենք, օգնություն են առաջարկում»։ Քաղաքապետն անձամբ չի եկել, բայց հպատակների միջոցով փոխանցել է․ «Պատրաստ եմ գալ-չոքել, ներողություն խնդրել, որ իմ ծառայողական մեքենան է եղել։ Ինչ պետք է՝ իմ կողմից կանեմ, եթե պարզվի, որ իմ վարորդն է»։ Որդու անունը Արամ Դանիելյանը չի տվել մինչեւ երեկ առավոտյան ոստիկանություն գնալը։ Ի դեպ, Հրազդանի քաղաքապետը մի քանի ավտոմեքենա ունի, բացի ծառայողականից, բայց այնքան չի տարբերել սեփականը հանրային ունեցվածքից, որ քաղաքի հոգսերի համար հատկացված մեքենան դրել է անչափահաս որդու տակ։ Թորոսյան եղբայրներից մեկի պատասխանը քաղաքապետին, ըստ նրանց ազգականի, հետեւյալն է եղել․ «Ինձ քեզանից ոչ մի կոպեկ պետք չէ։ Ուրախ եղիր, որ իմ ձեռքով չի գնում»։ Դեպքից անմիջապես հետո Ռազմիկ Դանիելյանն անհետացել է։ Հրազդանցիները խոսում են, որ ինչ-որ բարեկամի տանն են նրան պահել, իսկ քաղաքապետի դուստրը եւ մյուս ազգականները մարդկանց ասել են՝ մեր տղան քաղաքում չի եղել։ Քաղաքապետը հանձնել է որդուն, հավանաբար, հնարավոր հաշվեհարդարից խուսափելով։ Հրազդանում Արամ Դանիելյանին չեն սիրում, եւ կատարվածը կարող է լցնել քաղաքի բնակիչների համբերության բաժակը։

Վարորդներն իրենց վրա են վերցնում «շեֆերի» հանցագործությունը

Հայաստանում սա ընդունված ավանդույթ է, որն այս անգամ արդյունք չտվեց։ Վթարի օրը հայտնի դարձավ, որ մեղայականով իրավապահներին է ներկայացել Արամ Դանիելյանի վարորդը՝ Ռաֆայել Օհանյանը։ Վարորդը Կոճոռի թաղապետ, հանրապետական Լյովա Օհանյանի որդին է։ Նաեւ Հրազդանի ավագանու անդամ, չնայած քաղաքապետարանի կայքում նշված է, որ Ռաֆայել Օհանյանը չի աշխատում։ Ավագանու նիստերին, ըստ քաղաքապետարանում աշխատող մեր «տեղեկատուի», նրան գրեթե չեն տեսնում։ Միայն Արամ Դանիելյանի ղեկավարած հիմնարկում կարող էր նման աբսուրդային իրավիճակ լինել։ Այստեղ ամենակարեւոր մարդիկ վարորդն ու մամուլի քարտուղարն են՝ հայտնի Ալինան։ Իրավապահները չեն հավատացել, որ Օհանյանն է եղել ղեկին, հավանաբար, այլ ապացույցներ ունենալով։ Այս անգամ Կոտայքի ոստիկանապետի հետ լավ հարաբերությունները, նույնիսկ այն, որ քաղաքապետը համայնքի բյուջեից 4 մլն. 210 հազար դրամով ձեռք է բերել DEAWOO-NEXIN լյուքս մակնիշի ավտոմեքենա եւ նվիրել Հրազդանի ոստիկանության բաժնին՝ փոխշահավետ համագործակցության ակնկալիքով, չեն փրկել նրան։ Հրազդանի քաղաքապետը, որը 10 տարուց ավելի այս պաշտոնին է ու ինքն էլ է կարծես հոգնել իր անպտուղ պաշտոնավարումից, որեւէ աջակցություն վերեւում կարծես չունի։ Իշխանությունները նրան հեշտությամբ զոհաբերելու են հանուն իրենց արդար ու «բարեփոխվող» իմիջի։ Հրազդանի բնակիչներն էլ կողջունեն ցանկացած իշխանավորի, որը կազատի իրենց Արամ Դանիելյանից։ Նրանք պատմում են, որ պաշտոնավարման տարիներին քաղաքապետը ոչ մի լավ բան չի արել Հրազդանի ու հրազդանցիների համար։ «Միակ բանը, որ եղել է 10 տարվա ընթացքում՝ մարզպետարանի շենքի առաջ տնկած բարության պուրակն է, որն այնքան ժամանակ չեն ջրել, որ ծառերը ոնց որ ուժաս կինոների միջից լինեն»,- ասաց ընկերություններից մեկի տնօրենը։

ՀԳ․ Երեկ մենք մի քանի անգամ փորձեցինք կապվել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ՝ նրան լսելու համար, բայց նա չէր պատասխանում զանգերին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X