Քաղաքագրություն. Հեռախոսային ցանցը

Քաղաքի համար տրանսպորտային միջոցներից բացի կարևոր նշանակություն ուներ նաև այդ ժամանակներում արդեն շատ քաղաքների կենցաղի մեջ մտած հեռախոսը: Մինչև քաղաքային հեռախոսային ցանցի ստեղծումը Երևանում գոյություն ուներ փոստ-հեռագրական գրասենյակ, որը պետական օրգան էր և որևէ չափով չէր առնչվում քաղաքի ներսում հեռախոսային ցանց ստեղծելու հետ:

Երևանում ներքին հեռախոսային ցանց ստեղծելու համար առաջին անգամ է քաշվում տակավին 1886թվականին: Սակայն դրանից հետո 5-6 տարի մատնվում է մոռացության: Հարցը նորից է քննարկման ու գրագրությունների նյութ դառնում 1902թվականի հունվարի սկզբներին, երբ քաղաքային վարչությունը միջնորդում է Թիֆլիսի փոստ-հեռագրական օկրուգին՝ Երևանում ներքին հեռախոսային ցանց ստեղծելու մասին: Նույն թվականի հունվարի 24-ին ստացվում է օկրուգի պետի պատասխան գրությունը: Նա քաղաքային վարչությանը գրում էր, որ նախ և առաջ անհրաժեշտ է պարզել կառավարական հեռախոսների աբոնենտների թիվը, ապա մտածել ներքին հեռախոսային ցանցի մասին: Այնուհետև նա հիշեցնում է հեռախոսային անդամավճարի մասին, որը կենտրոնական կայանից մինչև երկու վերստ հեռավորություն ունեցող յուրաքանչյուր կետի համար տարեկան կազմում էր 75 ռուբլի, իսկ ավելի հեռավորություն ունենալու դեպքում յուրաքանչյուր վերստի համար ավելանում էր 15 ռուբլի:

Փոստ-հեռագրական օկրուգի պետը միաժամանակ գրում էր, որ գոյություն ունեցող օրենքների համաձայն քաղաքային հեռախոսային ցանցը կարող էին սարքավորել նաև մասնավոր ընկերություննեն ու անհատ մարդիկ: Քաղաքում հեռախոսային ցանց ստեղծելու մասին առաջին դիմումը ստացվում է նույն քաղաքի բնակիչ Անդրեաս Տեր-Աստվածատրյանից 1907թվականին գարնանը: Քաղաքային վարչությանն ուղղված իր այդ դիմումում Տեր-Աստվածատրյանը նշում է մի քանի նախապայմաններ, որոնք պետք է դրվեին քաղաքային դումայի և վարչության քննարկմանը:

Վերջապես 1912թվականի հունվարին կառավարությունը թույլատրում է և հաստատում Երևանում հեռախոսային ցանցի ստեղծումը: Նույն թվականի նոյեմբերի սկզբներին քաղաքում հեռախոսալարեր անցկացնելու համար Թիֆլիսից Երևան է գալիս փոստ-հեռագրական օկրուգի մեխանիկ Կուկուլինսկին: Հեռախոսի հարցն սկզբունքորեն լուծելու համար պահանջվում էր միայն 30-40 աբոնենտի առկայություն, մինչդեռ Երևանում 1912թվականի վերջերին այդպիսինների թիվը հասնում էր ութ տասնյակի:
Նոյեմբերի 7-ին Կուկուլինսկին արդեն Երևանում էր: Իսկ դրանից մի քանի օր անց իր հետ բերած վարպետների ու բանվորների հետ միասին՝ նա սկսում է հեռախոսագծերի անցկացման աշխատանքները: Առաջին հերթին սարքավորելու էին նավագնացության ու առևտրի ռուսական ընկերության, Շուստովի գինու-կոնյակի գործարանի, քաղաքային հիվանդանոցի, Շահնազարյանի դեղատան, Կովկասյան հրաձգային 7-րդ գնդի գրասենյակի, Սարաջևի գործարանի, Երևանի ջրմուղի ընկերության, նահանգական վարչության, ժողովրդական ուսումնարանների դիրեկցիայի, քաղաքային վարչության, օկրուգային դատարանի բնակարանային հեռախոսների, թվով 80 հատ: Հեռախոսալարերի ացկացումը և ապարատների սարքավորումը կատարվում են մոտ վեց ամսվա ընթացքում:

1913թվականի մայիսի 12-ին Երևանի քաղաքային հեռախոսային կայարանը լուսավորված էր հանդիսավոր կերպով և արդեն սկսված էր նրա մշտական աշխատանքը: Հենց այս օրն էլ պետք է համարել Երևանի հեռախոսային ցանցի ծննդյան օրը:

Թ.Խ. Հակոբյան, Ա. Պ. Սիմոնյան «Երևան 2750»

Պատրաստեց՝ Արամ Պաչյանը

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X