Չինովնիկներին պատկանող լաբորատորիաները պայքարում են փողի համար

Անցյալ տարեվերջին, փոխելով սննդի անվտանգության պետին, Կարեն Կարապետյանը նշում էր, որ նրանից վերահսկողության խստացում է ակնկալում։ «Ուղղակի դա շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- ասել էր վարչապետը կառավարության նիստերից մեկի ժամանակ։ Այս բառերից հետո սպասվում էր, որ ոլորտում կուժեղանա մրցակցությունը, որ ինչ-որ բան կփոխվի դեպի լավը։ Իրականում վարչապետի հրամայականից հետո տարբեր լաբորատորիաների միջեւ գզվռտոց սկսվեց եւ նույնիսկ ներքին պատերազմ «յուրայինների» եւ օտարների միջեւ։

Յուրայինը, բնականաբար, սննդի անվտանգության տեսչության լաբորատորիան է, Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնը։ Այն բուռն պայքարի մեջ է մեկ այլ լաբորատորիայի՝ «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի հետ, որի աշխատակազմը երեկ մամուլի միջոցով դիմել էր նախագահին՝ հայտնելով, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, օգտագործելով պաշտոնական դիրքը, փորձում է ստեղծել սննդամթերքի փորձաքննության մոնոպոլիա: Ըստ բողոքի, որը հրապարակվել է այս լաբորատորիայի աշխատակազմի անունից, լաբորատորիաները կարողանում էին գործունեություն ծավալել ի հաշիվ սննդամթերքի փորձաքննության պատվերների․ «Սակայն ավելի քան երեք ամիս սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ապօրինաբար բոլոր պատվերներն ուղղորդվում են նույն ծառայության ենթակայությամբ գործող լաբորատորիա»:

Անցյալ տարի վարչապետն անդրադարձել էր լաբորատորիան սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայությունից դուրս բերելու հարցին, բայց՝ անարդյունք։ Մասնավոր լաբորատորիաներն էլ մնացել են առանց պատվերների, իսկ տեսչության «պատվերները կրկին այնտեղ են ուղղվում, ընդ որում՝ օգտագործվում են ծառայողական ավտոմեքենաների, պաշտոնյաների ժամանցի կազմակերպման վրա»,- նշված է նամակում։ «Ստանդարտ դիալոգ» կազմակերպության եւ սննդի անվտանգության տեսչության միջեւ լուռ պատերազմն սկսվել է վաղուց։ Այս լաբորատորիան պատկանում է սննդի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանին, ինչը ՍԱՊԾ-ից չեն ժխտում։ Լաբորատորիաների միջեւ կոնֆլիկտի հիմքում հների եւ նորերի պայքարն է։

Տեսչությունը երեկ պատասխանեց «Ստանդարտ դիալոգին»։ Անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարող ՍՊԸ-ների ցանկը կազմված է 33 ընկերությունից, ու «ծիծաղելի է անգամ այստեղ մենաշնորհային դիրք տեսնելը»՝ գտնում են ՍԱՊԾ-ում: «Ծառայությունը լաբորատոր փորձաքննություններ է պատվիրում սահմանված կարգով հավատարմագրում անցած եւ մրցույթը շահած երեք լաբորատորիաների՝ այդ թվում եւ «Ստանդարտ դիալոգ»-ին, որը միայն այս տարվա առաջին եռամսյակում ստացել է ընդհանուր պատվերների 41,7 տոկոսը՝ գումարային արտահայտությամբ, իսկ փորձաքննությունների նմուշների քանակով՝ 51,2 տոկոսը․․․ Սեփական գումարները վաստակելու ճանապարհին անպայման չէ վատաբանել մեկ այլ կառույցի, տվյալ դեպքում՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին, հատկապես որ վերջինս համալրվել է նորագույն սարքավորումներով եւ որոշ ծառայությունների գծով եզակի է տարածաշրջանում»: Ստացվում է, որ ամենաշատ պատվերներ ստացած լաբորատորիան է բողոքում մենաշնորհից։ Ըստ ՍԱՊԾ-ի՝ բացատրությունը հետեւյալն է․ «Ծառայության սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության արդեն նախկին պետը «պարենային անվտանգություն» էր ապահովում միայն սեփական լաբորատոր հետաքրքրությունների շրջանակում»։ Ապա զգուշացնում են, որ առաջիկայում գումարների բաշխման ծավալների փոփոխություն կարող է լինել, քանի որ «էքսպրես մեթոդով մանրէաբանական փորձաքննություն արդեն կատարում է նաեւ այլ լաբորատորիա»:

Չինովնիկական լեզվով սա նշանակում է՝ զգուշացեք, ձեր պատվերներն ավելի են քչանալու։ Ահա այսպես, ՍԱՊԾ-ն անթաքույց «բոչկա է գլորում» նախկին պետի վրա, փոխանակ վերացնելու վտանգավոր ավանդույթները, խորհելու այն մասին, թե ինչպես է պատահում, որ պատվերների մեծ մասը նախկինում ստանում էր նույն ծառայության աշխատակցի հովանավորությամբ գործող ընկերությունը, իսկ հիմա՝ ծառայության ենթակայության հիմնարկը։ Իսկ ի՞նչ անեն անտանիք ձեռնարկությունները։

ՀԳ․ Մենաշնորհ հաստատելու մասին պնդումները եւ լաբորատորիայի կողմից գումարները ոչ նպատակային ծախսելու վերաբերյալ ակնարկները, ըստ ՍԱՊԾ պետի, իրականությանը չեն համապատասխանում։ Մեր հարցին, թե ինչու Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնը դուրս չի բերվում սննդի անվտանգության ծառայության կազմից՝ տարատեսակ խոսակցություններից ու մեղադրանքներից խուսափելու համար, ՍԱՊԾ-ից պատասխանեցին․ «ՍԱՊԾ-ն, ըստ մասնագետների, պիտի լաբորատորիա ունենա, որ տարրական մոնիտորինգ անի։ Նույն տրամաբանությամբ՝ մասնավորին էլ կարող ես չվստահել»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X