Մեդիախոհանոց. Ինչին են ուղղված դրամաշնորհները

Մամուլի խնդիրներով զբաղվող տարբեր կազմակերպություններ իրենց ամենամյա զեկույցներում պարբերաբար արձանագրում են, որ մեր մամուլն ազատ չէ, կախված է օլիգարխներից եւ իշխանական տարբեր օղակներից, այդ իսկ պատճառով էլ մարդու իրավունքների, ազատությունների խնդիրները ոչ միշտ են մամուլում դիտվում առաջնային։ Ինչպես այդ զեկույցներում, այնպես էլ տարբեր սեմինարներում, մամուլի անկախության հասցեին հնչող քննադատությունների պակաս չի զգացվում։
Հայաստանում ինչպես այլ ոլորտներին, այնպես էլ մամուլի ազատությանն ուղղված բազմաթիվ դրամաշնորհներ են մուտք գործում։ Արեւմտյան չափանիշները կամաց-կամաց մուտք գործեցին նաեւ ԶԼՄ-ներ՝ մոռացության մատնելով կուսակցական, գաղափարականացված թերթերը, որոնք զուտ նեղ խմբերի շահեր էին սպասարկում։ Այսօր դժվար է գտնել թեմաներ, հասարակական հնչեղություն ունեցող հարցեր, որոնք տեղ չեն գտնում մամուլում եւ ինտերնետային կայքերում, չեն արժանանում հանրային քննարկման։ Այդ քննարկումները համացանցում ուղեկցվում են երբեմն էթիկայի նորմերի կոպիտ խախտմամբ, վիրավորանքներով եւ հրապարակումներին ոչ հարիր բառապաշարով։ Փաստ է, սակայն, որ սեփական գլխի ճարը տեսնելուն զուգահեռ՝ մամուլը հնարավորինս օպերատիվ եւ համակողմանի արձագանքում է հանրային կարեւորություն ունեցող տարբեր հարցերի, փորձում ներկայացնել տարբեր տեսակետներ, ասպարեզ տալիս բոլոր նրանց, ովքեր ասելիք ունեն այդ հարցերի մասին։
Մենք փորձեցինք պարզել, թե անկախ մամուլին աջակցելու նպատակով վերջին տարիներին որքան դրամաշնորհներ են հատկացվել, եւ որ լրատվամիջոցներին են դրանք տրամադրվել։

Մեր հարցմանն առայժմ արձագանքել է «Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ հիշեցնելով, որ իրենց տրամադրած դրամաշնորհների մասին կազմակերպության կայքում տեղադրված է անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ըստ այդ տեղեկատվության էլ՝ լրագրողական տարբեր կազմակերպություններին տրամադրված դրամաշնորհների հետ մեկտեղ դրամաշնորհներ են տրամադրվել նաեւ տարբեր ԶԼՄ-ների, այդ թվում նաեւ՝ մարզային։ 2008 թվականից մինչեւ 2017թ․ ներկայացված տվյալներով՝ դրամաշնորհներ են տրամադրվել «Մելտեքս» ՍՊԸ-ին, ՉԱՊ ՍՊԸ ԳԱԼԱ ԹիՎի-ին, «Առավոտ» օրաթերթին, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին, «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին։ Կազմակերպության ուշադրությունից դուրս չեն մնացել նաեւ մարզային լրատվամիջոցները, որոնց տարբեր տարիներին տրամադրվել են դրամաշնորհներ՝ ըստ երեւույթին մարզերի խնդիրները, մարզային լրագրությունն աչքաթող չանելու նպատակով։ Դրանց մեջ են մտնում «Քյավառ» թիվի ընկերություն ՍՊԸ-ն, «Լոռի ԹՎ» ՍՊԸ-ն, «Ձագեձոր ԹիՎի ընկերություն» ՍՊԸ-ն, «Սոսի ԹիՎի»-ն, «Ցայգ» ՍՊԸ-ն, «Լոռու միգ» ՍՊԸ-ն։ Հետեւելով այդ ցանկին՝ ակնհայտ է դառնում, որ տարիներ շարունակ հիմնականում նույն ԶԼՄ-ներն են ստացել դրամաշնորհներ։

Մի տեսակ հաջողվել է ապահովել նրանց դրամաշնորհներ ստանալու շարունակականությունը հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների կողքին, որոնք այսօր լրատվական դաշտում բախվում են լուրջ խնդիրների եւ կայացել են ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Եվ հենց այդ աշխատանքի միջոցով տարիներ շարունակ լրատվական շուկայում իրենց տեղը գտած թերթերին ու կայքերին էլ հաճախ չի հաջողվում թեկուզ երբեմն-երբեմն թղթակիցներ գործուղել մարզեր, ժամանակ տրամադրել լրագրողական հետաքննություններին, լուրջ, հիմնարար խնդիրներ արծարծող թեմաներ բերել հանրային օրակարգ եւ դրանց անդրադառնալ ոչ հարեւանցի ու հպանցիկ։

Լրագրողական կազմակերպությունները, հայտնի է, որ մամուլին, լրագրողին հիշում են հիմնականում այն ժամանակ, երբ նրանց նկատմամբ կիրառվում է բռնություն, եւ հարկ է լինում հանդես գալ որեւէ հայտարարությամբ, հրավիրել մամուլի ասուլիս եւ բարձրաձայնել այդ մասին, գրել տարեվերջյան զեկույցում։ Իսկ ամենօրյա նրանց սեւագործ աշխատանքը, որն ուղղված է երկրում թեկուզ փոքր խնդիրներ լուծելուն, պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների զգոնությունը չկորցնելուն, հաճախ դուրս է մնում նույն այդ կազմակերպությունների ամենատես աչքից։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X