Վերահսկիչ պալատում կրճատումներ են, իսկ Յոլյանի աչքը մամուլից վախեցած է

«Ազդարարի ինստիտուտի ներդրման մասին» օրենքը դեռ քննարկումների փուլում է, բայց «Հրապարակի» ազդարարներն արդեն ակտիվացել են։ Երեկվա մեր «ազդարարը» Վերահսկիչ պալատի կոլեկտիվից է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս համակարգում չպատճառաբանված, անհասկանալի կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Մոտ 30 աշխատողի ազատում են գործից։ Նրանց մի մասին կանչել եւ ստիպել են ազատման դիմում գրել, առանց որեւէ բացատրության։ Ոմանք չեն ենթարկվել, եւ նրանց որոշել են ապօրինի ազատել աշխատանքից։

«Ըստ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ քաղաքացիական ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին: Սակայն, ինչպես երեւում է, Վերահսկիչ պալատում որոշել են խախտել օրենքը՝ իրենց ծանոթներին պաշտոնում պահելու համար աշխատանքից ազատելով ծանոթ չունեցող, սակայն օրենքով պաշտպանված քաղծառայողներին»,- հայտնում է Վերահսկիչ պալատի աշխատակիցներից մեկը։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պալատի նախագահ Լեւոն Յոլյանից։ Փետրվարին էներգետիկայի նախկին նախարար Լեւոն Յոլյանն այս պաշտոնում փոխարինեց Իշխան Զաքարյանին, եւ սպասվում էր, որ ավելի բարեկիրթ ու մեղմ կգտնվի կոլեկտիվի հետ, քանի որ երկար տարիներ Վերահսկիչ պալատի երկրորդ մարդն էր՝ նախագահի տեղակալը։ Բայց Յոլյանը մի քանի ամիս սպասեց ու ճիշտ հակառակ վարքագիծն ստանձնեց։ Ստացվում է, մի քանի ամիս սպասելուց հետո նա ճիշտ հակառակ կերպ վարվեց՝ վիրավորելով մարդկանց։ Մենք փորձեցինք Լեւոն Յոլյանից բացատրություն ստանալ, հարցնել նրան, թե ինչ հիմքով են ազատել այս 30 աշխատակիցներին։ Բայց Յոլյանի փոխարեն մեզ պատասխանեց Կարեն անունով աշխատողը։ Նա է պատասխանում լրագրողների զանգերին, ավելի ճիշտ՝ քաղաքավարի ձեւով «ցրում» է նրանց։ Կարենը նախ հորդորեց վերահսկիչի էլեկտրոնային հասցեով նամակ գրել։ Երբ առարկեցինք, որ ԶԼՄ-ների հետ չինովնիկների շփումը հատուկ կարգ է ենթադրում, եւ մեր հրապարակումն էլ հրատապ է, նա խոստացավ, որ հարցը կփոխանցի իր ղեկավարին ու կզանգահարի մեզ։ Բնականաբար՝ չզանգեց, իսկ մեր զանգերին էլ դադարեց պատասխանել։

Պետք է ընդունել, սակայն, որ Յոլյանը միշտ չէ այսքան անհաղորդ եղել ու, առավել եւս՝ իր բջջայինն ում ասես չէր վստահում։ ՀՀԿ գրասենյակում աշխատելու տարիներին նա անձամբ էր հեռախոսին պատասխանում։ Նա այս գրասենյակի գորշ կարդինալն էր, նախագահի հանդիպումները կոորդինացնողը, նրա անունից խոսողը։ 2016-ին, երբ էկոնոմիկայի նախարար նշանակվեց, դադարեց բջջայինին պատասխանել, բայց մամուլից դեռ չէր վախենում եւ սիրալիր պատասխանում էր լրագրողների հարցերին։ Ճիշտ է, ոչ մի արտառոց բան չէր ասում։ Հիմնականում պատասխանում էր, որ դեռ չի խորացել, որ կուսումնասիրի հարցը, նոր կպատասխանի։ Երեւի այդ ժամանակ էլ հասկացավ, որ մամուլից ավելի լավ է հեռու մնալ, ու հիմա նույնիսկ մամուլի քարտուղար չի պահում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X