Ի՞նչ է ուզում Աստված Թերեզա Մեյից

Ինչպես հայտնի է՝ Աստծո գործերն անքննելի են: Բայց երբ Աստված սկսում է հարվածներ տեղալ, մահկանացուն կամա-ակամա հայացքը ետ է շրջում իր անցած ուղուն: Երեկ ողջ օրվա ընթացքում Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը զարմանալիորեն չխոսեց, եւ այդ լռությունն ավելի խոսուն էր, քան որեւէ խոսք: Նա վերջապես երեւի լռել է մտորելու համար, թե ինչու է Աստված այդքան հարվածներ տեղում:

Անցյալ ամիս, երբ Մանչեստրում teenager-ային (պատանեկան տարիքի) մի երգչուհու համերգի ժամանակ ահաբեկչություն եղավ, որին զոհ գնացին երգչուհու երկրպագու մանուկներ եւ պատանիներ, Թերեզա Մեյը կարող էր համարել, որ կատարվածը դժբախտություն է, որն ուղղակի ժամանակային առումով համընկավ խորհրդարանական ընտրարշավին:

Երբ Մանչեստրի ահաբեկչությունից 10 օր էլ չանցած Լոնդոնի նոր ահաբեկչությունը եղավ, ապշեցնողը եւ հարգանք ներշնչողը Լոնդոնի Metropolitan Police-ի ոստիկանների պրոֆեսիոնալիզմն ու պատրաստվածության մակարդակն էր: Ինչպե՞ս է հնարավոր ընդամենը ութ րոպեում ահազանգն ստանալուց հետո հասնել դեպքի վայր, այն էլ՝ Լոնդոնի կենտրոնի նեղլիկ փողոցներով, եւ դեպքի վայրում գտնվող հարյուրավոր մարդկանց մեջ իդենտիֆիկացնել ու չեզոքացնել անհայտ ահաբեկիչներին․ երեք ահաբեկչին էլ՝հարյուրավոր մարդկանց միջից, ընդամենը մի քանի րոպեում: Վերմարդկային կարողություն է, որը, սակայն, ցավոք, չէր կարող մեղմել կորուստների ցավը: Սա արդեն երկրորդ հարվածն էր, բայց վարչապետ Թերեզա Մեյը, թերեւս, դա էլ աննպաստ հանգամանքներին վերագրեց եւ ժողովրդին դիմելու խոսքեր գտավ:

Անցյալ շաբաթ կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որ պահպանողականների եւ վարչապետ Թերեզա Մեյի համար ավարտվեցին ավելի վատ, քան մղձավանջային երազում կարելի էր պատկերացնել: Մեյն առանց մի պատճառի եւ հարկադրանքի արտահերթ ընտրություններ նախաձեռնեց՝ միայն որովհետեւ այդ պահին, համաձայն սոցհարցումների, շուրջ քսան տոկոսի վարկանիշային առավելություն ուներ Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդեպ եւ ցանկանում էր այդ սոցհարցումային առավելությունը դարձնել մանդատային առավելություն: Մեյը հույս ուներ ջախջախել ընդդիմությանը, համարյա հարյուր մանդատ ավելացնելով Tory-ների ունեցածին, եւ դա էլ հանուն ինչի՞: Հանուն բոլորովին սխալ եւ դատապարտելի մի նպատակի՝ ՄԹ-ն Եվրամիության կազմից դուրս բերելու:

Մեյը չէր ընկալել, որ Թրամփի հիմարությունից ապշահար եղած՝ ամբոխավարության բոլոր դրսեւորումները մերժող Եվրոպայում եւ գենետիկորեն Եվրոպայից անբաժանելի Միացյալ Թագավորությունում ԵՄ-ի հետ հարաբերությունները խստիվ խզելու քաղաքականությունը չի կարող կողմնակիցներ հավաքել: Իհարկե, կոշտ Brexit-ի քաղաքականությունը ոչ մի հաջողություն էլ չգտավ ընտրողների մոտ, Մեյը եւ պահպանողականներն էլ ոչ թե նոր մանդատներ ձեռք բերեցին, այլ ունեցածը կորցրին:

Այլ հարց, որ դա օգտակար էր Բրիտանիայի համար, քանի որ Մեյի կորցրած մանդատները նշանակեցին խիստ պայմաններով Brexit-ի մերժում եւ վերջաբան:

Այդ տապալումից հետո էլ վարչապետ Մեյը, փոխարեն հետեւություներ անելու, շարունակեց պնդել, թե ինքը նոր կառավարություն կկազմավորի եւ որոշված օրը՝ հունիսի 19-ին, ԵՄ-ի հետ կսկսի Brexit-ի բանակցությունները: Մեյին կառավարություն կազմավորել չի հաջողվում, ինքը դա թողած՝ Brexit-ից է խոսում: Ընդ որում, իրոք չի հաջողվում, որովհետեւ եթե Հյուսիսային Իռլանդիայի DUP կոչվող կուսակցությունն իր տասը մանդատով միանա Tory-ներին, եւ աշխատող մեծամասնություն ձեւավորվի, Իռլանդիայում DUP-ի հակառակորդ կուսակցությունը՝ Sinn Fein-ը, որ ավանդաբար բոյկոտում է եւ չի մասնակցում ՄԹ խորհրդարանի աշխատանքին, կարող է հանկարծ մանդատները վերցնել եւ գալ Համայնքների պալատ: Այդ դեպքում DUP-ն էլ Թերեզա Մեյին չի փրկի:

Ահա այս, ինչպես Ուեսթ-մինսթրում, նոր խորհրդարանի առաջին նիստում էին կատակել՝ Մեյի կողմից «Քաոսի կառավարություն» կազմավորելու խառնաշփոթի մեջ իրադրությանը միջամտեց եւ հաջորդ շաբաթ Brexit-ի բանակցություններին մեկնարկ տալու պնդաճակատությանը վերջակետ դրեց երեկվա սարսափելի հրդեհը Լոնդոնի բնակելի երկնաքերում: Բացարձակ սարսափ էր մարդկանց ժամեր տեւող մաքառումը կրակի դեմ եւ դրսում գտնվող ծառայությունների՝ նրանց օգնելու անկարողությունը։ Շուրջ մեկ տասնյակ զոհեր, յոթ տասնյակ այրվածքներով հիվանդանոցներ տեղափոխված անձինք, որ վարչապետ Մեյին հարկադրեցին վերջապես լռել:

Մեյը սխալ էր հենց այն պահից, երբ կոշտ Brexit-ի դիրքորոշում որդեգրեց, եւ դրա իրականացմանը տանող ուղին ուղղակի դիակներով եւ ավերածություններով ծածկվեց: Երբ մարդը կորցնում է ճիշտը սխալից տարբերելու կարողությունը, ճակատագրի հարվածներն են տնօրինում իրերի դրությունը:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X