Գզվռտոցներ Հաց բերողի մարմնի ու հոգու շուրջ

Փայտարվեստի վարպետ, գեղարվեստական փորագրող, արցախյան պատերազմի մասնակից Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի կյանքի հիմնական մասն անցավ անաղմուկ, հասարակության աչքից հեռու։ Եվ միայն վերջին փոքր հատվածում՝ յոթուկես ամիսներին, նա աննկարագրելի ճանաչում ձեռք բերեց, դարձավ լեգենդ։ Փառքը նրան սկսեց հետապնդել ոչ թե ղարաբաղյան պատերազմի տարիներին, ի դեպ, նա այն ժամանակ էլ էր հաց տանում դիրքեր եւ նույնիսկ վիրավորվել էր այդ առաքելությունը կատարելիս, ոչ թե Վերնիսաժում, որտեղ նա իր պատրաստած ջութակներն ու զարդատուփերն էր վաճառում կամ երբ աղքատ ու տաղանդավոր երեխաների հետ մաթեմատիկա էր անվճար պարապում, բուհ ընդունվելուց առաջ, կամ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղ նա սարկավագ էր։

Փառքը նրան հասավ 2016թ. հուլիսի 26-ին, Խորենացու փողոցում, առավոտյան 7-ին, երբ նա հացով բեռնված «Պյատնաշկայով» կտրեց-ճեղքեց ոստիկանների շարքն ու մտավ ՊՊԾ գունդ։ Հետագայում մի շատ հայտնի թերթի խմբագիր գրեց, որ ոստիկանները պարտավոր չէին «Սասնա ծռերին» «Դոլմամայից» ուտեստներ բերել, որ նրանք պահպանում էին ծռերի կենսունակությունը։ «Մինչեւ հաց բերելը ոչ ոք չմահացավ»,- փաստարկում էր խմբագիրը։ Բայց շատերն այն օրերին ու հիմա էլ կարծում են, որ սովը ոստիկանների ստրատեգիայի մասն էր։ Հաց բերողը խանգարեց։ Ոստիկանները կրակեցին «Պյատնաշկայի» վրա։ Եթե չլինեին նրանք, իսկ հետագայում՝ նաեւ քննիչները, ընտրություններին պատրաստվող ՀՀԿ վերնախավը, որն զգուշանում էր Հաց բերողի քաղաքական վարկանիշից, նախագահականը, որը բոլոր կարեւոր վճիռներ ընդունող ու «դաբրոներ» տվողն էր, եթե նրանք չհերոսացնեին Հաց բերողին, ապա նա կտաներ իր հացն ու հիմա էլ, գուցե, Վերնիսաժի իր սեղանիկի մոտ փայտե ջութակներ վաճառեր։

Իշխանությունը լեգենդ դարձրեց ու հետո սպանեց Հաց բերողին։ Կարծում եմ՝ սա անգամ այն խելացի խմբագիրն է իր հոգու խորքում ընդունում։ Ավելի մարդասիրական վարք այս իշխանությունից ոչ ոք չէր էլ սպասում։ Ավելի զարմանալի է Արթուր Սարգսյանի երկրպագուների, ֆանատների, հարազատների, նրան աջակցող ՀԿ-ների, նրա փառքին շուլալված անձանց, նրան պաշտպանողների ու աջակցողների գզվռտոցը նրա մահից հետո։

Նախ Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան, խմբագրություններով անցավ, եկավ նաեւ «Հրապարակ»։ Նա սիգարետը սիգարետի հետեւից կպցնելով, պատմում էր, որ որդու հուղարկավորության հարցերով հանձնախումբն իրականում ոչինչ չի արել, մահվան ժամանակ եղել է դուդուկ ու մի մեքենա, որոնց համար վճարել են անհայտ անձինք, իսկ իրեն հուղարկավորությունից հետո թողել են քարին նստած։ Նրա մյուս որդին էլ՝ Արսենը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հետեւում էր դրամահավաքների ընթացքին։ Դրանցից մեկի կազմակերպիչ՝ ՖԲ օգտատեր Գայանե Ասլիբեկյանն էլ արդարացել էր, թե գումարը հավաքել է ու տվել Արթուրի քրոջը՝ Աստղիկին, որից ինքը ստացականներ ունի։ Այսպես, հերոսի մահը մանր փողային տհաճ «ռազբորկայի» վերածվեց։ «Իմ տղային վեր են ածել բիզնեսի»,- ասում էր Արթուրի մայրը։ Հուղարկավորության հանձնաժողովի անդամ ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն էլ, նրան հերքելով, իրեն թույլ տվեց խորանալ Արթուրի, նրա մոր եւ մյուս հարազատների ներընտանեկան հարաբերությունների մեջ, եւ եթե հոգին կենդանի է, ապա այն հաստատ այս հակադարձումների ընթացքում տանջվեց։ Արթուրի մարմինն էլ հոգու նման հանգիստ չունի։ Մարտի 23-ին նրան իր ձեռքով սարքած դագաղում հուղարկավորեցին Շահումյանի գերեզմանատանը, ոչ թե հասարակ փոսի մեջ, այլ յուրօրինակ ստորգետնյա դամբարանում։ Իսկ 1 ամիս առաջ Արթուրի մարմինը հանեցին այդ ժամանակավոր կացարանից ու հանձնեցին հողին։ Թվում էր՝ սրանով մարդիկ վերջապես կհանգստանան, բայց՝ ոչ։ Հիմա էլ մի նոր ալեկոծում է սկսվել։ Այս անգամ Արթուր Սարգսյանին պաշտպանում են նրա պաշտպաններից։

«Ազատություն եւ հայրենիք հիմնադրամ» կազմակերպությունը ներկայացնող Արուսյակ Հայրապետյանը բողոքել է Փաստաբանների պալատ, մեղադրելով նրա փաստաբաններին այն բանի համար, որ Բեխտերեւի հիվանդությամբ տառապող Արթուր Սարգսյանը եղել է կալանավայրում, ինչը կառավարության որոշմամբ արգելված է։ Երկրորդ մեղադրանքն էլ այն է, որ ներպետական ատյանները չսպառելով, նրանք դիմել են ՄԻԵԴ։ Հետաքրքիր է, որ հենց սա ՀՀ կառավարության արգումենտն է լինելու ՄԻԵԴ-ում Սարգսյանի հարցով դիմումը քննության առնելու ժամանակ, եւ եթե ՀՀ փաստաբանների պալատն ընդունի այն, հետեւապես պաշտպանելու է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Այսօր, հունիսի 15-ին, պալատը նիստ է նշանակել այս հարցով։ Ի դեպ, «Ազատություն եւ հայրենիք հիմնադրամը» նախկինում կոչվել է «Սասնա ծռեր», բայց «Սասնա ծռերի» հարազատները դուրս եկան այս կազմակերպությունից՝ պարտադրելով փոխել հիմնադրամի անվանումը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X