Նախագահականի մեքենաները կրճատում են

Կառավարության այսօրվա նիստը աննախադեպ կարճ տեւեց, ընդամենը 24 րոպե։ 45 հարցերից կազմված օրակարգից վարչապետը քննարկեց մոտ կեսը, մնացած հարցերը կամ չզեկուցվող էին, կամ լսելու էին գաղտնի ռեժիմով։ Կարեւոր որոշումներից էր սեյսմիկ պաշտպանության բնագավառի օպտիմալացմանն ուղղված նախագծի հաստատումը։ Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն ՊՈԱԿ-ը միավորվեց արեւմտյանի հետ։

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը առաջարկեց 144 մլն դրամ հատկացնել խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին, հատկացումը սահմանված է 2017թ բյուջեով, 108մլն դրամը հիմնադրամը արդեն ստացել է, արտասահմանյան գործուղումներ եւ տարատեսակ «պրիզենտացիաներ» կազմակերպող այս հիմնադրամը շարունակում է վայելել վարչապետների բարեհաճությունը։

Ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը առաջարկեց «Սյունիք ֆուդ» ձեռնարկության կողմից ներմուծվող հումքը եւ սարքավորումները ազատել մաքսատուրքից, քանի որ ընկերությունը ներդրումային լուրջ ծրագիր է իրականացնում։

Վարչապետը հիշեց, որ եղել է այնտեղ եւ հետաքրքրվեց՝ արդյոք ծրագիրը չի ուշացվում, Կարայանը պատասխանեց, որ մատակարարները իրենց պարտավորությունները ժամանակին չեն կատարել եւ մի քիչ ուշացումներ կան։ «Շատ լավ»,-ասաց վարչապետը, սակայն թե ինչն է լավ, չհասկացանք։

«Ֆուրնիվուդ» ընկերությունը եւս մաքսատուրքի գծով արտոնություն ստացավ, այն ներքնակների, սպունգի եւ կահույքի պատրաստման այլ նյութերի գծով ներդրումներ է կատարել։

Ֆինանսների նախարարն էլ նախագիծ էր բերել, որով Հայաստանի նախագահի աշխատակազմի 27 հաստիքային միավոր է կրճատվելու եւ 15 ավտոմեքենաներ։ Դրա արդյունքում մոտ 50մլն դրամ կուղղվի Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդ։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X