Տարվա ամենաթրենդային ֆակուլտետները. Միջազգայինը զիջել է Կիրառական մաթեմատիկային

Այն, որ ամենակուլ նորաձևությունը չի շրջանցում անգամ մասնագիտությունները, փաստ է։ Ապացույցը հայաստանյան որոշ բուհերում առկա քննական պայքարն է։ Դիմորդները, մեղմ ասած, «պայքարում» են ամենաթրենդային ու ամենապահանջված մասնագիտությունների համար։ Ու թեև ընդունվելու ցանկությունը մեծ է, այդուհանդերձ տեղերը սահմանափակ են։ Նման ֆակուլտետներում մեկ տեղի համար մրցակցության մեջ են մեկից ավելի դիմորդներ։

Իսկ որո՞նք են ամենապահանջված ու նորաձև մասնագիտություններն ու ֆակուլտետները՝ ըստ 1-ին հայտի։

Երևանի պետական համալսարանում վերջին տարիներին պահանջված մասնագիտությունների շարքում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ամենապահանջվածներից շարունակում են մնալ Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները։ Այս մասին մեզ վստահեցնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։ «Ռադիոֆիզիկան, օրինակ, վերջին տարիներին սկսել է ավելի հետաքրքրել դիմորդներին։ Կա նաև հետաքրքրվողների աճ արվեստի մասնաճյուղերում՝ դիզայն, ճարտարագիտություն, ակտիվացել են։ Եվ կան մասնագիտություններ, որոնք թուլացել են՝ քիմիա, հումանիտար որոշ առարկաներ՝ գերմաներեն և այլն։ Այսինքն՝ կան ֆակուլտետներ, որտեղ դիմորդների քանակը նվազում է։ Կարելի է ասել նաև, որ հումանիտար ոլորտից գնում է կիրառական ոլորտ։ Այն մասնագիտությունները, որոնք բնագիտական ուղղվածություն ունեն, բայց նաև կիրառական ու ինժեներական են, դրանք ավելացել են»։

Ուսումնասիրեցինք ԵՊՀ 2017-2018 թ․թ․-ի դիմորդների շարժը՝ ըստ 1-ին հայտի։

Ամենամոդայիկ ֆակուլտետները, որոնք այս տարի «մոդայիկ» չեն

Ուշագրավ է, որ այս տարի, դիմորդների թվի նվազման հետ մեկտեղ, նվազել են մի քանի «պոպուլյար» մասնագիտությունների պահանջարկները ևս։ Օրինակ՝ վերջին տարիներին ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դիմորդների թիվը գերազանցել է սահմանված տեղերի քանակին։ Այս տարի վերոնշյալ ֆակուլտետում սահմանված 75 տեղի համար պայքարում է ընդամենը 76 դիմորդ։

Տարիներ շարունակ «պրիստիժնի» ֆակուլտետ համարվող Միջազգային հարաբերություններում այս տարի պատկերը հետևյալն է. սահմանված 142 տեղի համար պայքարում է ընդամենը 132 դիմորդ։ Այսինքն՝ այս ֆակուլտետ ընդունվելն այս տարի չափազանց հեշտ է՝ նախորդ տարիների համեմատ։ Տարիներ շարունակ ամենապահանջվածներից համարվող Տնտեսագիտության ֆակուլտետում սահմանված 133 տեղի համար «պայքարում» է 64 դիմորդ։

Ամենաթեժ մրցակցություն ունեցող ֆակուլտետները

Որոշ ֆակուլտետներում մրցակցությունը թեժ է։ Օրինակ՝ Իրավագիտության ֆակուլտետում սահմանված 140 տեղի համար պայքարում է 227 դիմորդ։ Այս տարի բավական աճել է նաև ՏՏ ոլորտի հետ կապ ունեցող ֆակուլտետների ու մասնագիտությունների պահանջարկը։ Այսպես՝ ԵՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում սահմանված 207 տեղերի համար պայքարում է 267 դիմորդ, Տեղեկատվական անվտանգությունում՝ 47 տեղի համար պայքարում է 59 դիմորդ։

«Մեռնող» ֆակուլտետները

ԵՊՀ-ում կան նաև «մեռնող մասնագիտություններ»։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը, անդրադառնալով դրանց, նշեց, որ Քիմիայի, Ֆիզիկայի, Կենսաբանության ֆակուլտետների դիմորդների քանակը վերջին 3-4 տարիներին անհամեմատ նվազել է։

Նշենք, որ Քիմիայի ֆակուլտետում սահմանված 33 տեղի համար դիմել է 3 դիմորդ, Կենսաբանության ֆակուլտետում առկա 53 տեղի համար դիմել է 16 դիմորդ, իսկ Ֆիզիկայի ֆակուլտետում առկա 77 տեղի համար՝ 33 դիմորդ։

Հիշեցնենք, որ այս տարի առաջին փուլով հայտագրվել է 9737 դիմորդ՝ անցած տարվա 11375-ի փոխարեն։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X