Անվտանգության խորհուրդն ավելո՞րդ է (ֆոտո)

>

Անվտանգության խորհուրդը կրկին առանց քարտուղարի է մնացել։ Յուրի Խաչատուրովն ընդամենը 8 ամիս աշխատեց այդ պաշտոնում, ապա նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Բայց եթե հաշվի առնենք, որ ԱԽ-ն առանց քարտուղարի դիմացել է մոտ 2,5 տարի՝ Արթուր Բաղդասարյանից հետո, ապա այժմ էլ կդիմանա, առավել եւս՝ ունենալով խորհրդակցական մարմնի կարգավիճակ, քանի որ քարտուղար չունենալն իրավական առումով խնդիր չէ։ Ի դեպ, 2018թ․ ապրիլից այս կառույցի լիազորությունները կընդլայնվեն, այն կլինի ոչ միայն խորհրդակցական, այլեւ որոշումներ կայացնող, որոնք վերաբերում են ռազմավարական ոլորտին։ Հավանաբար, մինչ այդ առանձին օրենք կգրվի, որով հստակ կարգավորումներ կլինեն կառույցի հետ կապված, նոր Սահմանադրությունը չի կարգավորում այն։ Եվ գուցե նաեւ դա է պատճառը, որ այն ոչ կենսունակ կառույցի է վերածվել։ ԱԽ-ի կայքում վերջին հաղորդագրությունը եղել է մարտի 7-ին, երբ Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը։ Իսկ կառուցվածքում նշված է, որ ԱԽ ղեկավարը Սերժ Սարգսյանն է, խորհրդի անդամներն են ԱԺ նախագահը, վարչապետը, ՍԴ նախագահը, փոխվարչապետը, ԱԳ նախարարը, Պնախարարը, ԱԱԾ ղեկավարը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, եւ այս ցանկում է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի անունը։ Նախ՝ ՕԵԿ-ն արդեն վաղուց չկա, այն դարձել է ՀՎԿ, որը ղեկավարում է Բաղդասարյանը, եւ հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով են Անվտանգության խորհրդում ընդգրկել ընդդիմադիր կուսակցության ղեկավարին եւ չեն ընդգրկել, օրինակ, Գագիկ Ծառուկյանին կամ Նիկոլ Փաշինյանին։

Մեկնաբանություն
X