Հյուսիս-հարավ. «Սինոհիդրո Քորփորեյշնին» թերությունները շտկելու ժամանակ է տրվել (տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 16-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի՝ Թալին- Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Այստեղ ճանապարհաշինական աշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը:

Նախարարն իր նախորդ այցերի ընթացքում ընկերության աշխատանքում թերացումներ էր արձանագրել և հանձնարարել, որ դրանք շուտափույթ վերացվեն: Այս անգամ Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ շինարարական աշխատանքներում բավական առաջընթաց է գրանցվել թե՛ շինարարության ընթացքի և թե՛ ներգրավված
տեխնիկայի առումով, սակայն կատարվող աշխատանքի որակը դեռևս գոհացուցիչ չէ:

Տեխնիկական վերահսկողություն իրականացնող ինժեներները նախարարին
հայտնեցին, որ արդեն պատրաստ ջրթող խողովակներից երկուսն առանց լաբորատոր
վերահսկողության են կառուցվել, հիմա սխալը շտկվում է։ Վերցվել են նմուշները
և կատարվելու է լաբորատոր հետազոտություն՝ ստուգելու համար դրանց որակական
համապատասխանությունը պահանջվող չափանիշներին։

Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց խիստ վերահսկողությամբ իրականացնել
ստուգումները, և թերություններ արձանագրելու դեպքում ճանապարհաշինական
ընկերությանը պարտադրել վերացնել դրանք։

Նախարարը նշեց, որ բետոնապատումից առաջ պետք է հեռացվի և հետագա
օգտագործման նպատակով պահեստավորվի ճանապարհի ամբողջ սևահողը:

Բետոնապատման ժամանակակից տեխնիկան շինհրապարակում է։ Գերմանիայից
Հայաստան ժամանած ինժեներների առջև խնդիր է դրված այն շահագործել այնպես,
որ անհրաժեշտ որակի բետոնե ծածկ ստանան: Նախարարը նշեց, որ ընկերությանն
անհրաժեշտ է վերանայել ինժեներ- մասնագետների իր անձնակազմը, նկատելով, որ
բետոնե շերտը դեռևս որակյալ չէ, և գերմանացի մասնագետները պետք է մնան
այնքան ժամանակ, մինչև կստանան պահանջվող չափորոշիչներին համապատասխանող
ճանապարհածածկ:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան Թիան Էրլունը, ով նույնպես ուղեկցում էր նախարարին, վստահեցրեց, որ
անձամբ կհետևի, որ չինական ընկերությունը արդարացնի իր վրա դրված
պատասխանատվությունը:

Աշխատանքային խորհրդակցությունը շարունակվեց «Սինոհիդրո» ընկերության
գրասենյակում, որտեղ առավել մանրամասն քննարկվեցին շինարարության
կազմակերպման բոլոր առանձնահատկությունները:

Կողմերն արտահայտեցին իրենց տեսակետները: Վահան Մարտիրոսյանը ձևակերպեց
նախարարության՝ որպես պատվիրատուի, դիրքորոշումը. 2 շաբաթ ժամանակ է տրվում
ընկերությանը, որպեսզի բոլոր թերացումները վերացնի, արագացնի աշխատանքի
ընթացքը, ինժեներական որակյալ ռեսուրսներով համալրի անձնակազմը, լիարժեք
շահագործման հանձնի որակի վերահսկողության լաբորատորիան: Հակառակ դեպքում՝
պատվիրատուի կողմից ընկերության հանդեպ կկիրառվեն տույժեր ու տուգանքներ։

«Մինչև այս ամսվա ավարտը շահագործման պիտի հանձնվեն փաստաթղթերի
պահանջներին համապատասխանող լաբորատորիաներ։ Մինչ այդ պետք է կատարվեն
միայն հողային աշխատանքներ, բետոնե ծածկն առանց այդ լաբորատորիաների չի
ընդունվելու»։

Նախարարը շեշտեց, որ վերահսկողությունն այս դեպքում ամենօրյա
հաշվետվողականությունն է, որպեսզի կատարված յուրաքանչյուր աշխատանք
փաստաթղթավորվի, իսկ թերացումներին արագ արձագանք տրվի:

Այլ մանրամասներ՝ տեսնյութում...

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Մեկնաբանություն
X