Այսօր Ֆեյսբուքն է որոշում, թե ինչն է նորություն դառնում, ինչը՝ ոչ

«Թվապատում 2017» մեդիա կոնֆերանսի շրջանակներում Հայաստանում է լեհ հայտնի խմբագիր, մեդիա մենեջեր, մեդիա կազմակերպությունների թվային ռազմավարությունների մշակման խորհրդատու, Հարվարդի Բիզնես դպրոցի գիտաշխատող Գժեգոժ Պիխոտան, ով սկզբում սկսել է աշխատել Լեհաստանի Gazeta Wyborcza (Agora) պարբերականում, որպես լրագրող, ապա՝ խմբագիր, այնուհետեւ՝ Agora հիմնադրամի փոխնախագահ: Պիխոտան լրատվական մեդիա ընկերությունների միջազգային ասոցիացիայի (INMA) տնօրենների խորհրդի անդամ է, ուսումնասիրում է թվային տեխնոլոգիաներով պայմանավորված փոփոխությունների ազդեցությունը տարբեր ոլորտների, այդ թվում՝ մեդիայի վրա: Սեպտեմբերին, որպես ավագ գիտաշխատող, տեղափոխվելու է Օքսֆորդի համալսարան՝ ուսումնասիրելու թվային հարթակների ազդեցությունը բրիտանական եւ միջազգային լրատվական կազմակերպությունների վճարովի բովանդակության վրա:

«Թվապատում 2017-ի» ընթացքում Գժեգոժ Պիխոտան դասախոսություն կարդաց «Ո՞վ է աշխարհի ամենա-ամենա խմբագիրը» թեմայով։ Լեհ խմբագիրը նախ դիմում է լսարանին՝ կա՞ մի թերթ, որն աշխարհում բոլորն են կարդում։ Պատասխանն ակնհայտ է՝ չկա, սոցիալական կայքերն այսօր դարձել են հիմնական տեղեկատվական աղբյուրը, եւ, իհարկե, դրանց մեջ Ֆեյսբուքն 1-ին տեղում է՝ ունենալով 1 մլրդ. 940 մլն. օգտատեր։ Դրան հաջորդում են Messanger-ը (1 մլրդ. 200 մլն.), WhatsApp-ը (1 մլրդ. 200 մլն.) YouTube-ը (1 մլրդ.), Instagram-ը (700 մլն.) եւ այլ հավելվածներ։ Սրանցից միայն 4-ը՝ facebook-ը, Messanger-ը, WhatsApp-ը, Instagram-ը, պատկանում են մեկին՝ Մարկ Ցուկերբերգին՝ Ֆեյսբուքի հիմնադրին։ Ըստ այդմ, ավելի քան պարզ է, թե ով է աշխարհի ամենա-խմբագիրը։

Ի՞նչ է անում Ֆեյսբուքը. հավաքում է լսարան՝ գովազդ վաճառելու համար, միայն 2016-ին Facebook-ի եկամուտը գովազդներից 27.6 մլրդ․ դոլար է կազմում։ Ընդհանուր առմամբ, թվային գովազդի եկամուտների 70 տոկոսը բաժին է հասնում երկու տեխնոլոգիական ընկերությունների՝ Google-ին եւ Facebook-ին։

2016-ին շաբաթվա կտրվածքով արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ չափահաս բնակչության 44 տոկոսը լուրերն իմանում է Ֆեյսբուքից։ Ներկա դարաշրջանում Ֆեյսբուքն է որոշում, թե ինչն է նորություն դառնում, ինչը՝ ոչ, ավելին՝ Ֆեյսբուքն ինքն է ընդունում խմբագրական որոշումներ, երբեմն գրաքննելով տարբեր հրապարակումներ, լուսանկարներ։ «Ինքն է որոշում, թե ինչն է լրարժան, ինչը՝ ոչ, բայց դա Ֆեյսբուքում անում է ոչ թե խմբագիրը, այլ ալգորիթմը»,- ասում է Պիխոտան ու հավելում, որ ալգորիթմները ձեւավորում են լրահոսը, ըստ այդմ՝ օրական մոտ 3 հազար պատմություն սպասում է իր օգտատերերին, բայց ալգորիթմը տվյալ օգտատիրոջ համար ինդիվիդուալ կերպով ընտրում եւ ցուցադրում է 200-ը, փաստ է, որ մարդն ամենաշատը 10 ինֆորմացիայի վրա է «քլիք» անում։

Պիխոտան նկատում է՝ ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ կեղծ լուրերն ավելի մեծ լսարան էին գրավում, այդ ալգորիթմներն ընտրում էին այդ կեղծ լուրերն ու ներկայացնում լրահոսի ամենասկզբում։ «Չեմ ասում, որ միտումնավոր էին անում, բայց ալգորիթմն այդպես էր որոշում»,- ասում է նա ու նշում, որ այդ ալգորիթմները «սեւ արկղ» են կոչում, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպես են դրանք աշխատում։
Ֆեյսբուքն ինչքան հնարավոր է՝ շատ տվյալներ է հավաքում յուրաքանչյուր օգտատիրոջ մասին, համաձայն դրա էլ ձեւավորելով ամեն մեկի լրահոսը։ Նա այդ ինֆորմացիան ստանում է՝ հետեւելով ոչ միայն օգտատիրոջ վարքագծին, այլ նաեւ ուշադրություն դարձնելով տեխնիկական մանրուքներին, օրինակ՝ թե որտեղից եք մտնում սոցցանց։ Նա ասում է, որ մարդիկ տեղյակ էլ չեն, որ Ֆեյսբուքում աշխատում են ալգորիթմները։ Այսպես, օրինակ, 62 տոկոսը չի գիտակցում, որ կարդում է ֆիլտրված լուրեր եւ ոչ բոլոր հրապարակումները։

Իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ֆեյսբուքը երբեմն դիմում է նաեւ մանիպուլյացիաների՝ խտացնելով բացասական եւ դրական լուրերի պատկերը։ Վերջին շրջանում այս սոցիալական ցանցում շատացել են նաեւ տարբեր հոգեբանական թեստերը, որոնք առաջարկում են պարզել, թե ով եք եղել նախորդ կյանքում կամ ում հետ կամուսնանաք, ինչ եք սիրում եւ ում եք համակրում։ Ըստ նրա, բոլոր այդ թեստերը ծառայում են մի նպատակի՝ տալ ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա ձեր մասին, իսկ տալով շատ ինֆորմացիա, դու թույլ ես տալիս, որ քեզ թիրախավորեն տարբեր քաղաքական եւ գովազդային նպատակներով։ Այս մեխանիզմն օգտագործվեց ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ, եւ, ինչպես նշում է Պիխոտան, պետք չէ թերագնահատել այս գործիքը, որի միջոցով անգամ ընտրություններ են կեղծվում։ Օրինակ, Թրամփի նախընտրական կամպանիան իր բյուջեի մեծ մասը՝ մոտ 85 մլն. դոլար, ծախսել է Ֆեյսբուքում, որտեղ կա ԱՄՆ քաղաքացիների շուրջ 250 մլն. փրոֆայլեր։ Թիրախային այս խմբի համար օգտագործվել է մինչեւ 175 հազար գովազդային տարբերակ։

«Նրանք այնքան էլ կույր չեն, որքան պնդում են, նրանք նախագծում են ալգորիթմները, իրենց բիզնես գործիքները, մենք, որպես հասարակություն, պետք է ավելի թափանցիկություն եւ պատասխանատվություն պահանջենք Ֆեյսբուքից։ Սա մի գործիք է, որը շատ կիրառումներ ունի, ինչպես, օրինակ, դանակը, որով կարող ես եւ մարդ սպանել, եւ հաց կտրել»,-ասում է լեհ մեդիա փորձագետը։ Ըստ նրա, Ֆեյսբուքի ցանցային էֆեկտը պարզ է՝ շատ բովանդակություն, շատ ներգրավվածություն, շատ օգտատերեր, շատ գովազդատուներ։ Ի վերջո, ի՞նչ է Ֆեյսբուքը՝ «ուշադրության մեքենա»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X