Իրավունք

Երրորդ դատավճիռը՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունից 11 տարի անց

Հունիսի 22-ին կլրանա Երեւանի Մալաթիա համայնքի «բանկի կռուգ» կոչվող մարդաշատ տարածքում ինքնաձիգի կրակոցներից պատվիրված սպանության զոհ դարձած Սեդրակ Զատիկյանի եւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանի մահվան 11-րդ տարին: 11 տարի անց դատարանը կկայացնի սույն գործով երրորդ՝ 5 անչափահաս երեխաներին որբացնելու դատավճիռը: Դրանում խտացված է լինելու պետության բարոյական ու իրավական պատասխանատվությունն իր քաղաքացիների կյանքի ու անվտանգության հանդեպ:

Հունիսի 20-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կլսի ԱԺ նախկին պատգամավոր լուսահոգի Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող 2-րդ անձի՝ Նարեկ Խաչատրյանի վերջին խոսքը, պաշտպանական ճառը եւ կհրապարակի դատավճիռը: Հիշեցնենք. ըստ մեղադրանքի՝ Նարեկ Խաչատրյանն ու Ստեփան Հակոբյանը պարբերաբար վիճել են թաղամասի բնակիչ Սեդրակ Զատիկյանի հետ, որի պատճառով նրանց միջեւ առաջացել է թշնամություն: Արսեն Առուշանյանը, լինելով Նարեկի եւ Ստեփանի մտերիմը, տեղեկացել է, որ նրանք թշնամաբար են տրամադրված Սեդրակի նկատմամբ եւ ցանկանում են սպանելով վրեժխնդիր լինել նրանից: Նարեկն ու Ստեփանն Արսենին առաջարկել են սպանել Սեդրակ Զատիկյանին՝ խոստանալով գումար: Առաջարկն ընդունվել է, պատվերն իրականացվել 2006թ. հունիսի 22-ին:

Դժվար չէ կռահել, որ ամբաստանյալը կշարունակի չընդունել մեղադրանքը: 9 տարի հետախուզման մեջ գտնված եւ ի վերջո հայտնաբերված Նարեկ Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր․ «9 տարի սպասել եմ, որ գամ արդարացվեմ: Իմ մասին որեւէ մեկը ցուցմունք տվե՞լ է»: Այո, տվել են: Ըստ մեղադրանքի՝ առնվազն 6 հոգի: Թեեւ նախաքննական մարմինը եւ մեղադրող Վահագն Պողոսյանը խնայել էին ամբաստանյալին, եւ դատարան չէին բերվել հնարավոր բոլոր ապացույցները, սակայն դատախազի թվարկած ցուցմունքներն ու ապացույցներն էլ բավարար էին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար։

Կարեւոր էր հատկապես «գաղտնի» վկա «Արամ Արամյանի» ցուցմունքի հիշատակումը: Այն, որ սպանության պատվերը եղել է 100 հազար դոլար՝ երկու եղբայրների՝ Սեդրակ եւ Անդրանիկ Զատիկյանների սպանության համար: Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 13-ին մահացած գտան նաեւ Անդրանիկին, կրկին՝ մեքենայի մեջ, իսկ 2016-ի ապրիլին՝ «Արամ Արամյանին»: Նախաքննական մարմինը չի շտապում ուղղակի կապ տեսնել Զատիկյան եղբայրների եւ վկայի մահվան դեպքերի միջեւ:

Մեղադրողն իր ճառում նշեց նաեւ, որ ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող, ծանրացնող հանգամանքներ չկան: Մեղմացնող չկա, բայց ծանրացնող հանգամանքները շատ են. հանցագործությամբ ծանր հետեւանքներ են առաջացել, հանցանքը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ամբաստանյալը հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դեր է ունեցել (նա է գտել իր հոր ընկերոջ որդուն՝ մարդասպանին՝ որպես հարմար թեկնածու, նա է զբաղվել «պատվերի փողը» մարդասպանին ուղարկելու, կեսն էլ չուղարկելու բանակցություններով), հանցանքը կատարվել է վրեժի շարժառիթով՝ հանրության համար վտանգավոր եղանակով:
Ուստի դատարանը պետք է կայացնի արդարամիտ դատավճիռ, դատական ակտ... իսկապես հանուն Հայաստանի Հանրապետության: Այն պետք է վերջակետ դնի տարիներով շարունակվող սպանություններին ու կասկածելի մահվան դեպքերին: Այն պետք է նաեւ հստակ ուղերձ լինի դրսում դեռ անպատիժ շրջող հանցագործներին. երեխաներ որբացնելուց հետո խնջույք անողների վերջը մութ ու սառը բանտախուցն է, իսկ հույսի փոխարեն՝ ներարկված ատելությունից կորսված, կործանված երիտասարդությունն ու կյանքը...

Նաիրա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանություն
X