Ո՞վ կարող է լինել Մատենադարանի տնօրեն

…Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող հազարավոր ձեռագիր մատյանները եղել են մեր ժողովրդի ազգային ինքնությունը պահպանող արժեքները. սա քաջ գիտեին մեր պապերը, երբ թշնամիների ասպատակությունների ժամանակ ամենից առաջ՝ նույնիսկ իրենց զավակներից առաջ ջանում էին փրկել ձեռագիր մատյանների «կյանքը»: Նրանք ներքին բնազդով հասկանում էին, որ հնագույն ձեռագրերի վրա է խարսխվում մեր ժողովրդի կենսահաստատ ուղին: Եվ մի ժողովուրդ, ով ստեղծել ու պահպանել է հնագույն ձեռագրերը՝ մոռացած սեփական անձը, անգամ կյանքը, չի կարող անտարբեր լինել ցանկացած իրադարձության հանդեպ, որ ծավալվում է Մատենադարանի շուրջ:

Մատենադարանը գիտության հսկաներ շատ է տեսել, որոնց թողած ժառանգությունը հիմք է հանդիսացել հայագիտության աննախընթաց վերելքի համար՝ Լևոն Խաչիկյան, Սեն Արևշատյան, Նիկողայոս Թահմիզյան, Ասատուր Մնացականյան, Հակոբ Փափազյան և այլք…

Մոտ երկու ամսից լրանալու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահվան մեկ տարին, ում համար Մատենադարանը հայագիտության հիմքն էր և այդ ասպարեզի ընդհանուր վերելքի ջահակիրը: Սակայն մինչ օրս հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու Մատենադարանի տնօրենի ընտրությունը: Այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Վահան Տեր-Ղևոնդյանն է, ով Մատենադարանում աշխատում է 2012 թվականից: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման 11.1 կետի համաձայն՝ «հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է 6 ամիս ժամկետով», իսկ 11.2 կետի համաձան՝ եթե «հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած , ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել 3 ամիս՝ մեկ անգամ»:

( Տեսնել հետևյալ հղումով՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=87497):

Ավելի վաղ այս կարգն ամրագրվել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25 –ի N 224-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշումներում: (Տեսնել հետևյալ հղումներով՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=87503 և http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=87504) : Սա նշանակում է , որ առաջին վեց ամիսների ընթացքում պետք է տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվեր, և եթե մրցույթի արդյունքում չընտրվեր Մատենադարանի տնօրենը, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարումը կարող էր երկարաձգվել ընդամենը 3 ամիս: Այս ամենը չի արվել, ինչը օրենքի բացահայտ խախտում է :Եվ արդեն գրեթե մեկ տարի է, ինչ հայ հասարակությունը սպասում է Մատենադարանի նոր տնօրենի ընտրությանը՝ Հին ձեռագրերի ինստիտուտի կոլեկտիվի հետ միասին: Թե՛ ժողովրդի, և թե՛ մտավորականների անհանգստությունն այս օրերին ցույց է տալիս, որ, երբ որևէ խնդիր վերաբերում է Մատենադարանին, ազգը դառնում է միասնական: Մի ժողովուրդ, որի նախնիները սեփական կյանքի գնով Ցեղասպանության արհավիրքից փրկում էին ձեռագիր մատյանները, կյանքի վերջին շնչում Դեր-Զորի ավազների վրա իրենց մանուկներին սովորեցնում էին Հայոց գրերը, ակնկալում է մեր ազգային ժառանգության պահպանումը տեսնել լուրջ գիտնականի բարեխնամ ձեռքերում, ում ամբողջ կյանքն անցել է Հին ձեռագրերի ինստիտուտի կամարների ներքո և հայագիտության ոլորտում տասնամյակների ներդրում ունի: Իսկ Մատենադարանում այդպիսի դոկտոր գիտնականներ քիչ չեն՝ Ստելլա Վարդանյան, պրոֆ. Էռնա-Մանյա Շիրինյան, Գևորգ-Տեր Վարդանյան , պրոֆ. Արծրունի Սահակյան, Արմեն Այվազյան, Արամ Թոփչյան, Գոհար Մուրադյան…

Այսօր հայ մշակույթը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Բացի այն ,որ աշխարհում ժողովուրդների ինքնությունը և ազգային պետությունները ոչնչացնելու գործընթացներ են տեղի ունենում, այլև աշխարհի շատ հեղինակավոր համալսարաններում հայագիտության ուսումնասիրության քողի ներքո բառացիորեն զբաղվում են «հակահայագիտությամբ», պատրաստվում են «գիտական կադրեր», որոնք միջազգային հարթակներում խեղաթյուրում են մեր ժողովրդի պատմությունը և հայկական էթնիկ մշակույթի ամեն մի երևույթ: Իհարկե, գնահատելով համաշխարհային հռչակ ունեցող օտարազգի հայագետների ունեցած անուրանալի ավանդը, չի կարելի անտեսել նշված հանգամանքը: Հետևաբար ,Մատենադարանի ապագա տնօրենը պետք է իմանա, թե որքան ծանր պատասխանատվություն է Հին ձեռագրերի ինստիտուտում «ապրող» մեր ազգային արժեքների պահպանությունը ստանձնելը: Եվ այս համատեքստում թե՛ սոցիալական ցանցերի, և թե՛ «կենդանի» զրույցների միջոցով փորձեցի գիտության և մշակույթի բնագավառներում մեծ ավանդ ունեցող մտավորականների, Մատենադարանի գիտնականների ու աշխատակիցների հետ քննարկել այս հրատապ խնդիրը ՝ ո՞վ կարող է լինել Մատենադարանի տնօրեն: Նրանցից մեկը անվանի գրող-հրապարակախոս Ռուզան Ասատրյանն է, ով իմ հարցին ի պատասխան՝ իր ֆեսբուքյան էջում գրեց.

«Մատենադարանի տնօրենի պաշտոնում ինչպիսի անհատականություն եմ ուզում տեսնել: Հարցն ազգային խնդիր է, մեկնաբանությունը՝ ծավալուն,կփորձեմ համառոտ անդրադառնալ.

Գրողիս համար Մատենադարանը սրբավայր է,առանց մեկնաբանությունների,ամեն օր աղոթքով պետք է բաց անել այս հաստատության դուռը, քանզի աշխարհի ու պատմության առաջ բացահայտված ու դեռ հազարավոր գաղտնիքներ պարունակող հնադարյան հազվագյուտ ձեռագրերը կրում են ոչ միայն հայության, այլև մարդկության համար շա՜տ գաղտնիքներ , որոնց բացահայտումը տրվելու է միայն արժանիներին՝ նախախնամության կամոք:Աշխարհի խոշոր գրապահոցներից՝ սկսած նոբուգոդոնսորյան կավե սալիկներից մինչև Ալեքսանդրյան գրադարան, ու նաև հայ գրերի Տիր Աստծո տաճարի հիմնահատակ ավերում՝ մարդկությունը ներկայացրել է միշտ հետևանքերը, այլ ոչ թե պատճառները...Չեմ ուզում փակագծեր բաց անել...

Դարերի ընթացքում միակ անպարտելի հոգևոր մեր տարածքը՝ Մատենադարանը, մեր իմաստությունն է, ուժը, ոգին, ամենահզոր զենքն աշխարհի տգիտության դեմ: Ուստի այդ Մատենադարանի տնօրենը առաջին հերթին «գենետիկորեն» հա՛յ պետք է լինի, որպեսզի ոչ միայն կարողանա կարդալ հնագույն ձեռագրերը, որպես գիտնական, այլև՝ իր բջիջներով ձուլված լինի ամբարված գիտության արժեքին՝ որպես կենսաբանական մարմին: Տնօրենը, լինելով ազգային մտածողության գերագույն քրմի կարգավիճակում, պետք է ունենա համամարդկային արժեքների բարձր զգայարաններ: Նա այդ հաստատության զգուշավոր դռնապանն է, որպեսզի ոչ մի ձեռագիր չհոսի հանցագործության ճանապարհով, և տնօրենի գահին նստած՝ այն ամենատես աչքը,որ յուրաքանչյուր գիտական արտադրությունից քաղում է իմաստության նեկտարը ՝ սիրով, մարդ պետք է լինի, որպեսզի հին ձեռագրերի այդ ողջ համակարգը նոր ժամանակների խոսափողը դառնա: Մատենադարանի տնօրենը պաշտոն չէ, այլ գիտության պատերազմի վերջին գեներալի պատասխանատվություն... Կոռոպցիա, շահեր...սրանք ճղճիմ են, ոտքի տակ ընկած գորգ, այդ համակարգի պատերի ներսում…այլ կերպ չեմ տեսնում:
Հոգևոր մշակույթը ազգային անգերազանցելի արժեք է....»:

Չուշացավ նաև միջնադարյան հայ երաժշտության պահպանման և տարածման գործում մեծ ավանդ ունեցող, «Շարական» անսամբլի գեղ. ղեկավար Դանիել Երաժիշտի պատասխանը.

«Մատենադարանի տնօրենը պետք է լինի հայրենասեր, բարոյական մարդ, մասնագետ, զգա և սիրի հինավուրց ձեռագրերի բույրը, գիտակցի դրանց ազգապահպան նշանակությունը։ Նա չպիտի լինի կուսակցական, չպիտի ունենա կոռումպացված ընկեր,ազգական,խնամի։Մի խոսքրվ պիտի լինի ՀԱՅ»:

Հին ձեռագրերի բույրը զգացող , բարոյական մարդ, հայրենասեր. սրանք չափանիշներ են, որոնք կարող է ունենալ միայն այն անձը, ում ռունգներին խորթ է փողի բույրը և իր հոգու բոլոր բջիջներով զգում է ազգային մշակույթի ամեն մի մասունքի արժեքը: Եվ մաեստրոյի խոսքին գալիս է լրացնելու Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Մայր ցուցակի և ձեռագրագիտության բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանի մոտեցումը.

«Մատենադարանի ապագա տնօրենը պետք է լինի հայագիտության մեջ մեծ ավանդ ունեցող գիտնական՝ մարդ, ով հիմնավորապես տեղյակ է Մատենադարանի էությանը և ապրում ու առաջնորդվում է միմիայն ազգային-մշակութային շահերով: Նա պարտավոր է լինել, շեշտում եմ՝ հավասարակշռված, կայուն բնավորության տեր, ինչը շատ կարևոր է նման պատասխանատու աշխատանքի համար: Մատենադարանի տնօրենը պետք է լինի գիտության մարդ և գիտության կազմակերպիչ: Այլ տեսակ տնօրեն ես չեմ կարող պատկերացնել: Անկարելի է մեր ազգային մշակույթի ժառանգության կարևորագույն մասի կառավարումն ու գործածությունը հանձնել, օրինակ, ինչ որ մեկին, ով անձնակենտրոն կամ եսակենտրոն, միայն սեփական գրպանի հոգսով ապրող առևտրականի էություն և ոգի ունի»:

Գրող–հրապարակախոս, հայկական ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում շուրջ երեք տասնամյակների մեծ ավանդ ունեցող Կլարա Թերզյանի համար Մատենադարանի ապագա տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուն նախևառաջ պետք է լինի հայ մշակույթի նվիրյալ.

«Մատենադարանի տնօրենը պետք է լինի լուրջ գիտնական, շատ ազնիվ մարդ՝ նվիրված մեր ազգային մշակույթին: Նա պետք է լինի բազմակողմանի զարգացած մարդ, ով անցել է Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ականավոր միջնադարագետ Լևոն Խաչիկյանի դպրոցը»:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագության ինստիտուտի առաջատար գիտաշխատող , բանագետ, բանահավաք, վիպագետ Արուսյակ Սահակյանի կարծիքով այսօր թե՛ գիտությունը, և թե՛ հայագիտությունը կանգնած է մարտահրավերների առաջ, ամենուր շահերի փնտրտուքն է գերիշխում: Եվ Մատենադարանի տնօրենը պետք է կարողանա դիմակայել այդ բոլոր հարվածներին.

«Մատենադարանը սրբավայր է, որի տնօրենը պետք է լինի նվիրյալ, ազնվագույն, անշահախնդիր, չծախվող անհատականություն: Անհրաժեշտ պայման եմ համարում Հայրենասիրությունը: Մատենադարանի տնօրենը պետք է հիշի, որ իրենից առաջ գիտության հսկաներ են եղել՝ Լևոն Խաչիկյան, Սեն Արևշատյան , Հակոբ Անասյան, Նիկողայոս Թահմիզյան…և կարողանա զարգացնել նրանց թողած ավանդները: Իմ չափանիշը ՝ Մարդն է»:

Մատենադարանի Ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանն արդեն մի քանի տասնամյակ յուրաքանչյուր այցելուի առաջ բաց է անում մեր ժողովրդի պատմամշակութային հարուստ ժառանգության աշխարհի դռները: Նա հասցրել է աշխատել Մատենադարանի երախտավորների հետ: Եվ ավագի իրավունքով Մատենադարանի ապագա տնօրենին հղում է հետևյալ պատգամը.
«Մատենադարանի տնօրենը նախևառաջ պետք է խոշոր գիտնական լինի, տեղյակ լինի բազմաթիվ բնագավառներից: Շատ կարևոր է, որ նա լինի ազնիվ ու կիրթ անձնավորություն, քանի որ իրեն է վստահվում մեր ազգային հսկայական հարստությունը: Լավ կլինի, որ հաջորդ տնօրենը արժանի լինի իր մեծ նախորդներին»:

Երբ ֆեսբուքի միջոցով հարցս ուղղեցի լրագրող-խմբագիր, մի շարք գիտական հրատարակությունների մասնակից և հեղինակ Հրաչուհի Փալանդուզյանին, նա իր գնահատականն ամփոփեց ընդամենը երկու, բայց՝ տարողունակ նախադասության մեջ.
«Մատենադարանը կարող է ղեկավարել միայն ազգային արժեքները գնահատող և դրանցից սնվող հայ մտավորականը»:

Այնուհետև ինձ ուղարկեց Հրաչյա Թամրազյանի՝ Մատենադարանի տնօրեն դառնալու առթիվ տարիներ առաջ իր վարած հարցազրույցը: Կարդում եմ ու կանգ եմ առնում հետևյալ հատվածի վրա.

«Հայագիտությունը երբեմն հասկացվում էր սոսկ իբրև պատմաբանասիրական ոլորտ: Արդիական ընկալումը որքանո՞վ է փոխվել:

-Դա շատ բազմաճյուղ ոլորտ է, ներառում է բազմաթիվ գիտություններ, նաև մեր լինելության ընթացքին է կապված. մեր անցյալի, ներկայի և ապագայի կենսական շղթան է, առանց այդ հենքի չունենք մշակույթ, չունենք քաղաքակրթություն և անգամ քաղաքականություն»։

Նրա պաշտոնավարման 9 տարիների ընթացքում տեսանք, որ հենց այդ գաղափարն էր ընկած նրա գործունեության հիմքում : Հենց այս փաստն էին վկայակոչում ինձ հետ այս հարցի շուրջ զրուցած մանկավարժները՝ գրականության և պատմության ուսուցիչները …

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ազգագրագետ Լևոն Աբրահամյանի խոսքով «Մատենադարանի տնօրենը պետք է լինի նվիրյալ մասնագետ, մարդ, ով ամբողջ կյանքում եփվել է ձեռագրերի աշխարհում, գիտի դրանցից յուրաքանչյուրի արժեքը: Նա պետք է իր ավանդը ունենա հայագիտության ոլորտում: Հայագիտությունը բազմաճյուղ ու բազմակողմանի ոլորտ է: Եվ ես շատ կուզենայի Մատենադարանի տնօրենի պաշտոնում տեսնել մի այնպիսի մարդու, ինչպիսին եղել է Լևոն Խաչիկյանը»:

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի Ազգային պատկերասրահի աշխատակից, Գեղարվեստի ակադեմիայի դասախոս Քնարիկ Ավետիսյանը ինձ հետ ունեցած զրույցի ընթացքում ասաց.

«Մատենադարանի տնօրենի ընտրությունը պետք է հայտարարվեր 6 ամիսների ընթացքում, ինչը մինչ օրս չի արվել: Դա արդեն մտահոգիչ է:

Ինչպիսի՞ն պետք է լինի Մատենադարանի տնօրենը. ազնվագույն հայ, համաշխարհային մշակույթի գիտակ ու նվիրյալ, մրջյունի պես աշխատած անձնավորություն: Նա պետք է լինի միջնադարյան հայ մշակույթի ուսումնասիրության գործում մեծ ավանդ ներդրած անհատականություն, լինի գիտության կազմակերպիչ, ով կարող է հավատ ներշնչել, որ Մատենադարանը կտանի զարգացման հունով, կտանի 21-րդ դար՝ խորքում կարողանալով պահպանել մեր ազգային ժառանգությունը: Եվ որ ամենակարևորն է՝ պետք է լինի հայագետ»:

Մատենադարանի տնօրենի ընտրության գործընթացին հետևում են նաև Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ու հայ մշակույթի ճանաչված դեմքերը: Նրանցից է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախկին հաղորդավար Աիդա Ներսիսյանը, ով իմ հարցին ի պատասխան՝ գրեց.

«Մատենադարանը մեր ժողովրդի դարերով ստեղծած հոգևոր ու մշակութային գանձերի շտեմարանն է, որտեղ պահպանվում են մեր ինքնությունը հաստատող հազարամյա մշակութային արժեքներ, բնաջնջումից փրկված, ցեղասպանության մասին պատմող ձեռագրերի բացառիկ նմուշներ, հայ մանրանկարչության ու մատենական արվեստի գլուխգործոցներ... բոլորը չես թվարկի: Այլ խոսքով՝ Մատենադարա'նն է այն այցեքարտը, որով մենք հպարտորեն ներկայանում ենք աշխարհին և համաշխարհային քաղաքակրթության մեջ ապահովում մեր ներկայանալի տեղն ու դերը: Այստեղից հետևում է, թե ինչքան մեծ պատասխանատվություն պետք կրի այն գիտնականը, հայագետը, մատենագետը կամ պատմաբանը, ով կստանձնի հին ձեռագրերի ինստիտուտի տնօրենի պարտականությունները: Չեմ ասում պաշտոնի, քանի որ այս բառը Մատենադարանի պարագայում խորթ է հնչում: Այստեղ միայն գիտության մշակներ են, որոնք իրենց ողջ ուժերը ներդնում են հոգևոր մշակույթը ուսումնասիրելու, դրանք ժողովրդին հասցնելու ազգանվեր գործում: Եվ նրանց աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար տնօրենը ի'նքը պետք է լինի գիտության ծառա, էությամբ՝ազնիվ, սկզբունքային, ազգասեր, մշակութասեր, մեծ ավանդ ունենա հայագիտության ոլորտում, և ամենակարևորը, աչքի լույսի պես պահի-պահպանի մեր հոգևոր գանձերը: Եվ լավ է, որ այս հաստիքը նշանակովի չէ, ընտրովի' է: Իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե ընտրողները բացառապես Մատենադարանի աշխատակիցները լինեին, նրա գիտական խորհուրդը:

Կարծում եմ դրսից ցանկացած միջամտություն սխալ կլինի: Մատենադարանը մեր երկրի համար մի յուրօրինակ «սրբազան խորան» է: Հուսանք, որ ավերիչ ձեռքը գոնե այստեղ չի հասնի:

Այո՛: Մատենադարանը անգերազանցելի արժեք է:Եվ դա պատմականորեն ապացուցված ճշմարտություն է: Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների շնորհիվ բացահայտվում են հայ մշակույթի այնպիսի իրողություններ, ինչպիսիք են ժողովրդական կիրառական արվեստները, որոնք արտահայտվել են մանրանկարներում և ձեռագիր մատյանների կազմաստառներում՝ ասեղնագործություն, ժանեկագործություն...: Հենց ձեռագիր մատյանների շնորհիվ էլ ժողովրդական վարպետներ Անահիտ և Անժելա Աբգարյաններն արդեն 30 տարուց ավելի վերծանում և վերականգնում են հայկական ասեղնագործութան դպրոցները:

-Ինչպիսի՞ անհատականության կվստահեք մեր ազգային ժառանգության պահպանությունը,-հարցնում եմ:

-Մատենադարանը մեր ազգի պատմությունն է: Եվ Մատենադարանի տնօրենը պետք է լինի ազգասեր մարդ, լա՛վ մարդ և ամենակարևորը՝ բոլորի կողմից ընդունված: Նախկին տնօրենները կարողացել են պահպանել մեր ազգային գանձերը և Մատենադարան են վերադարձրել աշխահով մեկ սփռված շատ ձեռագիր մատյաններ: Նա , ով կդառնա Մատենադարանի տնօրեն, պետք է կարողանա փայփայել և հաջորդ սերունդներին փոխանցել մեր արժեքները՝ ճիշտ այնպես, ինչպես որ մեր նախնիներն են ձեռագրերի կազմաստառների միջոցով մեզ հասցրել հայկական ասեղնագործության բարձրարվեստ նմուշները: Մենք մեր ցուցահանդեսների ժամանակ բազմիցս շփվել ենք միջնադարագետների հետ և շատ դրական տպավորություն ենք ստացել. եթե մարդ տեսնում է ասեղնագործ աշխատանքները, մոտենում և արժևորում է, ուրեմն նա ժողովրդական մշակույթի , ազգային արժեքների կրող է: Շատ լավ կլինի, եթե Մատենադարանի տնօրեն դառնա հայագետ-միջնադարագետը,-համոզված են Աբգարյան քույրերը:

Ճանաչված հրապարակախոս, Արցախյան ազատամարտի պատմությունը վավերագրող, Հայաստանի հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդաշարի հեղինակ և վարող Գոհար Մարտիկյանի համար Հին ձեռագրերի ինստիտուտը մեր հոգևոր զենքերի սրբազան պահոցն է: Նա շատ կարևոր է համարում, որ Մատենադարանի տնօրեն դառնա այնպիսի անհատականություն, ով մեր արժեքներին սրբազան երկյուղածությամբ վերաբերվելու հատկանիշով է օժտված:

-Շատ կուզենայի Մատենադարանի տնօրենի պաշտոնում տեսնել Հայոց պատմության խորագիտակ, հնագույն ձեռագրերին սրտի թրթիռով վերաբերվող բազմավաստակ գիտնականի: Ինձ համար առաջին նախապայանն այն է, որ նա հայագիտության մեջ տասնամյակների ավանդ ունեցող անհատ լինի. մարդ, ով կունենա ՀԱՅԻ ոգի և Մատենադարանը կդարձնի Հայի հպարտություն: Շատ կարևոր է , որ Մատենադարանի տնօրենը կարողանա պատրաստել օսմանագետներ: Հին ձեռագրերի ինստիտուտում պահվող բազմաթիվ օսմաներեն բնագրեր կան, որոնք կարող են մեծ դեր ունենալ Հայ Դատի համար պայքարում: Մի խնդիր էլ. արդեն մի քանի տարի Մատենադարանում իրականացվում են հնագույն ձեռագրերի թվայնացման աշխատանքներ, որի արդյունքում դրանք հասանելի են դառնալու բոլորին: Եվ Մատենադարանի տնօրենը պետք է դրսևորի մեծ զգուշավորություն, որ մեր գանձերին կորստյան վտանգ չսպառնա, չտուժի դրանց պատմականությունը: Մեր պապերը հնագույն ձեռագրերին վերաբերվել են ինչպես սեփական երեխաների, նույն զգացումը պետք է ունենա նաև Մատենադարանի տնօրենը, այսինքն՝ լինի Հայ,-համոզված է տիկին Մարտիկյանը:

…Մեկ նյութի շրջանակում հնարավոր չէ ամփոփել բոլոր հնչած կարծիքներն ու մոտեցումները: Այս զրույցների ընթացքում բացահայտեցի մի պարզ իրողություն. ժողովուրդն անտարբեր չէ Մատենադարանի շուրջ ծավալվող իրադարձությունների նկատմամբ՝ սկսած հնագույն ձեռագրերով համալրումից, գիտական հրատարակության ծնունդից մինչև նոր տնօրենի ընտրություն: Անտարբեր չէ, քանի որ քաջ գիտակցում է , որ Մատենադարանը մեր իմաստության սուրն է՝ ընդդեմ մեր թշնամիների: Տա Աստված՝ արդարանան բոլոր սպասումները, և Մատենադարանի տնօրեն դառնա, իսկապես արժանի, հայագիտության լուրջ ավանդ ներդրած, յուրաքանչյուր ձեռագրի արժեքն իմացող և մեր հազարամյակների մշակույթից սնվող մտավորականը: Ճիշտ ընտրությունը կմիավորի մեր՝առանց այդ էլ պառակտված հասարակությունը մշակույթի ոլորտում, և Մատենադարան ստեղծած ժողովուրդը հանգիստ կզգա գո՛նե Մատենադարանի հարցում…

Հասմիկ Պողոսյան

Մեկնաբանություն
X