Ինչպես դուրս գալ հետընտրական նիրհից

ԱԺ ընտրություններին մասնակցած, սակայն խորհրդարան մուտք չգործած ուժերը ապրիլի 2-ից հետո խորը նիրհի մեջ են։ Միայն նրանց հատուկենտ անդամներն են մասնակցում մամուլի ասուլիսների կամ երբեմն հնչեցնում հրապարակային տեսակետներ այս կամ այն հարցի վերաբերյալ։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանք լուրջ սպասելիքներ ունեին՝ կապված ապագա պատգամավորական գործունեության հետ, եւ հիմա, բախվելով դաժան իրականությանը, չեն կարողանում հաղթահարել դեպրեսիան։

Արձանագրենք, թե որքան հետեւորդներ ունեն խորհրդարան մուտք չգործած ուժերը՝ ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների։

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է 14739 քվե, «Հայկական վերածնունդը»՝ 58265 քվե, «Կոնգրես-ՀԺԿ»-ն՝ 25950, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11741, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32508 քվե։ Ուզեն թե չուզեն՝ մինչեւ գալիք ընտրություններ այս քաղաքական ուժերը պետք է աշխատեն չհիասթափեցնել գոնե իրենց ընտրողներին, էլ չենք խոսում համախոհների թիվն ավելացնելու մասին։ Բայց արի ու տես, որ նրանց այսօրվա եւ հետագա գործունեության մասին դժվար է որեւէ հստակ պատասխան ստանալ։ Նույնիսկ նրանցից, որոնք ընտրություններից առաջ «բլբուլ էին կտրել» եւ ակտիվ քարոզարշավ էին անցկացնում՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից։ Իհարկե, նրանք «լուրջ» պատճառներ ունեն դժգոհելու ընտրողից, որ ըստ արժանվույն չգնահատեց մեկի՝ արեւմտամետ եւ հակաԵԱՏՄ-ական ծրագիրը, մյուսի՝ խաղաղության ծրագիրը, երրորդի՝ սոցիալիզմը վերադարձնելու խոստումները, չորրորդի՝ ճարտար լեզուն եւ պոպուլիզմը, հինգերորդի՝ պաշտոնները լքելուց հետո ընդդիմադիր դառնալը։
Եվ փաստն այն է, որ ընտրություններից հետո Հայաստանի խնդիրները ո՛չ չքացել-հօդս են ցնդել, ո՛չ էլ գոնե մասամբ մեղմվել։

Հույս ունենք, որ խորհրդարան մուտք չգործած ուժերին ընտրող ոչ բոլոր քաղաքացիներն են արտագաղթել։ Եվ բնական է, որ նրանք ինչ-ինչ սպասելիքներ կարող են դեռ ունենալ այդ կուսակցություններից ու դաշինքներից, որոնք հարկ եղած դեպքում խոսում են իրենց հազարավոր հետեւորդներից։ Աչքի առջեւ հինգ տարի ունենալը դեռ արդարացում չէ։ Քաղաքակիրթ երկրներում կուսակցություններն ամեն օր են պատրաստվում գալիք ընտրություններին՝ կոնկրետ աշխատանքով։ Իսկ ահա Հայաստանում ամեն մի ընտրության ժամանակ պարտություն կրելուց հետո տեւական ժամանակ ընդհատակ անցնելն ու ԶԼՄ-ների հետ չշփվելը ավանդական դարձած գործելաոճ է։ Մեկն արտերկիր է մեկնում այդ ընթացքում՝ իր քաղաքական հետագա կարիերայի հետ կապված հարցերն այնտեղ ճշտելու նպատակով, երկրորդն իր կուսակից ընկերներին է պաշտոնի տեղավորում, մյուսներն էլ, ըստ երեւույթին, սպասում են հարմար պահի՝ տեսնելու, թե ինչ առիթով կարելի է խոսել։ Չէ՞ որ, դեռ հինգ տարի ժամանակ ունեն։

Մեկնաբանություն
X