Այն երկիրը, որ վարկ է մուրում, չի կարող լուրջ աջակցություն գտնել իր միջազգային գործընկերների շրջանում․ Սուրեն Զոլյան

Հունիսի 16-ին եւ 17-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետեւանքով զոհվել է 4 հայ զինծառայող։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասց ե ոգեւորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային եւ անհամարժեք։

Հարցին, թե հայկական կողմը պե՞տք է ձեռնարկի համարժեք գործողություններ հակառակորդի նկատմամբ, քաղաքագետ Սուրեն Զոլյանն արձագանքեց․ «Դեռ Սեյրան Օհանյանի ժամանակ է խոսվել, որ պետք է ձեռնարկել պատժիչ գործողություններ։ Բայց մենք տեսնում ենք, որ դրանք չեն ազդում Ադրբեջանի վրա։ Խնդիրն այն է, որ այսօր պաշտպանության նախարարությունը բյուջեից մեծ գումարներ պետք է տրամադրի, աշխատանքներ կատարի, որպեսզի ավելի պաշտպանված եւ անխոցելի դարձնի առաջնագիծը, հազար դրամներով հնարավոր չէ հարցը լուծել։ Մենք հաճախ լսում ենք, որ երբ խոսք է լինում զինվորների բուժման, արտասահման ուղարկելու մասին, պաշտպանության նախարարությունն ասում է, որ գումարներ չկան։ Ի՞նչ է դա նշանակում։ Եթե չկան գումարներ, ապա, թող սկսած նախարարի աշխատավարձից, պահումներ անեն, ոչ թե պատճառաբանեն թե գումարներ չկան։ Այսինքն՝ պետք է լինի պատասխանատվություն, այդ թվում նաեւ՝ նյութական պատասխանատվություն։ Պետք է լինի նաեւ անձնական պատասխանատվություն ոչ թե դասակի կամ վաշտի հրամանատարների մակարդակով, այլ առնվազն կորպուսի, գեներալների եւ գնդապետների մակարդակով․ ամեն մի այդպիսի դեպք պետք է շատ լուրջ հետեւանքներ ունենա իրենց հետագա պաշտոնավարության համար։

Երկրորդը՝ մենք տեսնում ենք, որ լուծումները պետք է լինեն քաղաքական, եւ ոչ թե պետք է անընդհատ բողոքել Ադրբեջանից, թե նա վատն է, այլ ակտիվացնել Հայաստանի գործունեությունը դիվանագիտական եւ միջազգային ասպարեզում։ Պետության հեղինակության մասին է խոսում նաեւ այսօր գործող դիվանագիտական կորպուսը։ Եթե մենք նայենք, թե ովքեր են ներկայացնում այսօր մեր երկիրը արտասահմանում, ապա դժվար թե նրանցից որեւէ բան սպասենք։ Պետք է վերանայվեն նաեւ մեր պաշտպանական սխեմաները։ Առաջնային գիծը պետք է ապահովված լինի համապատասխան տեխնիկական սարքերով։ Ճիշտ է, դրանք թանկ արժեն, բայց պետք է գիտակցել, որ զինվորի կյանքն ամենամեծ արժեքն է, եւ բյուջետային միջոցները պետք է ուղղվեն դրանց ձեռքբերմանը»։

Հետաքրքրվեցինք, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումը, շարունակվող միջադեպերը հայ-ադրբեջանական հակամարտության գծում չե՞ն վկայում, որ հայկական կողմը չի իրականացնում դիվանագիտական բավարար աշխատանք։
«Դիվանագիտական աշխատանքը համեմատական է երկրի ազատությանը։ Այո՛, կադրային առումով արվել են շատ անհաջող նշանակումներ, եւ մենք տեսնում ենք, որ այդ դիվանագետները ոչ թե գործին են ծառայում, այլ բոլորովին այլ նպատակների, քրեական հեղինակություններին շնորհվում են դիվանագիտական անձնագրեր, որոշ դեսպաններ քրեական հեղինակություններից առանձնապես չեն էլ տարբերվում եւ շատ ավելի հաջողակ են բիզնես ծրագրերում։ Բայց եթե մենք ունենայինք փայլուն դիվանագիտական կազմ, որի հետեւում կանգնած չէ հեղինակություն ունեցող պետություն, ապա նա ի վիճակի չէր որեւէ արդյունքի հասնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Իշխող կուսակցությունը բուռն արձագանքեց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությանը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում պետք է ներգրավեն քաղհասարակության ներկայացուցիչների, որպեսզի նա դառնա ավելի արժանահավատ եւ հանրային վստահություն վայելող կառույց։ Արդյո՞ք այդ հայտարարությունը չի վկայում, որ մեր երկիրը չի վայելում բավարար վստահություն իր արտերկրի գործընկերների շրջանում։

«Այո, կա եւ՛ քաղաքական, եւ՛ քաղաքացիական ազատությունների խնդիր, եւ՛ արդարադատության բացակայություն։ Սվիտալսկին այդ առումով որեւէ նորություն չի ասել, ասաց այն, ինչ բոլորը գիտեն։ Եվ եթե Ադրբեջանն ունի այլ լծակներ, որոնց հետ հաշվի են նստում, ապա Հայաստանը, չունենալով դրանք, պետք է իր քաղաքականությունը կառուցի միջազգային նորմերի, ժողովրդավարության հիման վրա։

Այն երկիրը, որ վարկ է մուրում, չի կարող լուրջ աջակցություն գտնել իր միջազգային գործընկերների շրջանում»,- ասաց Սուրեն Զոլյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X