Պուտինը մերժե՞լ է Ալիեւին

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հերթական լարվածության պատճառա-հետեւանքային հիմքերի մասին փորձագիտական հանրության կարծիքը միասնական չէ: Մի հանգամանք, այդուհանդերձ, ուշադրության չի արժանանում: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլում անոնսավորվել էր, որ Աստանայի «Ապագայի էներգիա-2017» ցուցահանդեսի միջոցառումների շրջանակներում «չի բացառվում, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առանձնազրույց ունենան» (http://anaxeber.az/gundem/29447): Ինչպես հայտնի է, Աստանա էր մեկնել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը, սակայն, նա վերադարձավ Երեւան եւ հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Երբ Սերժ Սարգսյանը հեռացել էր Աստանայից, այնտեղ շտապեց Իլհամ Ալիեւը, սակայն Պուտինի հետ նրա առանձնազրույցի մասին որեւէ տեղեկություն այդպես էլ չտարածվեց: Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմը կասկածում էր, որ Աստանայում Ռուսաստանի նախագահը կբարեհաճի լսել Իլհամ Ալիեւին, որը պետք է բարձրացներ Ռուսաստանի ադրբեջանցիների կոնգրես հասարակական կազմակերպության լուծարման հետ կապված հարցը: Նույն հրապարակման մեջ հույս է հայտնված, որ «միեւնույն է, ընթացիկ ամիս նախագահները (Պուտինը եւ Ալիեւը՝ Վ. Ա.) կհանդիպեն Թեհրանում, որտեղ կգումարվի «Հյուսիս-հարավ» կոմունիկացիոն միջանցքի անդամ երկրների գագաթնաժողովը»:

Խնդիրն այն է, որ գագաթնաժողովը կարող է եւ հետաձգվել՝ կապված Թեհրանում վերջին ահաբեկչությունների եւ Պարսից ծոցում ստեղծված լարվածության հետ: Բայց եթե այն նույնիսկ տեղի ունենա, ապա ի՞նչ երաշխիք կա, որ Աստանայում Ալիեւի հետ առանձնազրույցից հրաժարվելով՝ Պուտինը Թեհրանում նրա հետ կքննարկի զուտ երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր: Ադրբեջանական քաղվերլուծաբանների ընդհանրական կարծիքով ներկայումս Մոսկվան Բաքվից չորս «սպասելիք ունի»: Ձեւակերպումն ակնհայտորեն մեղմացված է, խոսքը Ռուսաստանի հետեւյալ պահանջների մասին է՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցություն, ԼՂ հակամարտության գոտում ռուսական զորքերի տեղաբաշխում, սպառազինությունների առքուհաճառքի ներկայիս մակարդակի պահպանում, Ադրբեջանում ռուսական համայնքի եւ ռուսաց լեզվի կարգավիճակի օրենսդրական հստակեցում:

Այս պահանջները, ինչպես ադրբեջանական մեկնաբաններն են ասում, Ռուսաստանն սկսել է առաջադրել դեռեւս 2015թ. տարեվերջից: Ո"րն է Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխության պատճառը՝ այդ մասին ադրբեջանական աղբյուրները ոչ միայն գերադասում են լռել, այլեւ տեսք են ընդունում, որ հարաբերությունների սառնության պատճառը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան 60-ամյակի միջոցառումներին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի եւ ԱԳ նախարար Լավրովի հետ միասին Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությունն է:

Բայց դա կարող է ռուս-ադրբեջանական «գժտության» հետեւանք, ոչ թե պատճառ լինել: Լարվածության բուն պատճառը, հավանաբար, ԼՂ կարգավորման հարցն է, որտեղ Ալիեւը Ռուսաստանից պահանջում է ավելին՝ փոխարենը գործնականում ոչինչ չտալով: Ռուսաստանը, կարծես թե, մերժել է Ալիեւին եւ անցել հակաքայլերի: Ռուսաստանի ադրբեջանցիների կոնգրեսի լուծարումը քաղաքական լուրջ հարված է Ալիեւի հեղինակությանը:

Տեղեկություններ կան, որ հարցի կարգավորման համար նա մի քանի անգամ Մոսկվա է գործուղել աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, տեղի է ունեցել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հանդիպումը փոխարտգործնախարար Կարասինի հետ: Իրավիճակն այնքան անհուսալի է, որ Բաքվի լրատվամիջոցներից մեկը թույլ է տվել այսպիսի ձեւակերպում. «Ինչպես Ադրբեջանում, Ռուսաստանում էլ դատական իշխանությունը գտնվում է գործադիրից կախման մեջ եւ Կրեմլի ցանկության դեպքում Գերագույն դատարանը կարող էր չբավարարել ՌԱԿ-ը լուծարելու որոշում, իսկ եթե պարզ ասենք, ապա ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների առկայության դեպքում ՌԴ արդարադատության նախարարությունն անուշադրության կմատներ ադրբեջանական համայնքի կազմակերպության թերացումները, ինչպես դա տարիներ շարունակ արվում էր: Կրեմլի համար երբեք էլ գաղտնիք չի եղել, որ ՌԱԿ-ը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից, ինչու" ներկայումս դա սկսել է անհանգստացնել նրան»

( http://politico.az/xeber/12918 ):

Իրոք, ինչո՞ւ է Պուտինն սկսել մերժել Ալիեւին...

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X