ՏԻՄ ընտրություններում հաղթել են «հները»

Հունիսի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցած ընտրություններում, ինչպես տեղեկանում ենք ընտրության արդյունքներից, հաղթել են համայնքների գործող ղեկավարները: Մասնավորապես Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում ակնկալվում էր, որ լարված ընտրապայքար պիտի տեղի ունենա առաջադրված նախկին եւ ներկա քաղաքապետերի միջեւ, սակայն նման բան տեղի չունեցավ: Գործող համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանը ձայների մեծ տարբերությամբ ՝ 3073 ձայն, հաղթել է նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանին՝ 1319 ձայն: Քեշիշյանը, հիշեցնենք, մինչ ընտրությունները հայտարարում էր, որ ժողովրդի պահանջով է առաջադրվել՝ ակնարկելով, որ վայելում է նորհաճնեցիների մեծամասնության աջակցությունը: Նույն մարզի Պռոշյան համայնքում եւս հաղթել է գործող գյուղապետը՝ՀՀԿ-ակամն Արթուր Մուրադյանը՝ ստանալով 1792 քվե, իսկ նրա օպոնենտ անկուսակցական, վառ արտահայտված իր ընդդիմադիր կեցածքով հայտնի Արմենուհի Մելիքյանը ընդամենը 218 ձայն է ստացել: ՀՀԿ-ական գյուղապետ Կարո Կարապետյանն է հաղթել Արարատի մարզի Սուրենավան համայնքում՝ ստացել է 796 քվե, իսկ նրա մրցակից ինքնառաջադրված ԲՀԿ-ական Վարգեն Ղազարյանը՝ 469 քվե: Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում հաղթել է գործող գյուղապետ Արմեն Խլղաթյանը, Արագածոտի մարզի Սաղմոսավան համայնքում ՀՀԿ-ական Գեւորգ Ավագյանը, իսկ Մեծաձորում միակ թեկնածու գործող համայնքապետ Մաջիտ Ամոյանը՝ստացել է ընդամենը 19 ձայն:

Մեկնաբանություն
X