Զարուհուն չեմ հավատում, ասեմ՝ ինչու․․․

Զարուհին Տարոնին «դժոխք պիտի ուղարկեր»։

Անկեղծ ասած, Զարուհուն չեմ հավատում, ասեմ՝ ինչու։ Դժոխքի ու դրախտի թագավորությունը Աստծո որոշելիքն է, ոչ թե՝ մահկանացու մարդու, թեկուզ այդ մարդը Զարուհին լինի։

Հիմա կասեք՝ բառացի եմ հասկացել, Զարուհին փոխաբերական իմաստով է ասել։ Թող ձեր ասածով լինի։ Դա նշանակում է, որ Տարոնի կյանքը անտանելի է դարձնելու, դժոխային։

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Տարոն Մարգարյանի մասով ասաց․

«Նա նիստին շատ լարված էր, սեքսիստական արտահայտություններ էր անում. նա փորձում էր լռեցնել Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Մանուչարյանին՝ ասելով. «Այդ աղջկա խոսափողը անջատեք»: Այդ վարվելակերպը գավառամտության նշան է և խտրականության մոտեցում»:

Սեքսիստական բառի ծագումնաբանությունը, եթե հիշում եք, անհիշելի ժամանակներից է եկել։ Դեռևս նախորդ Ազգային ժողովում այն մեկնաբանում էր Առաքել Մովսիսյանը, գրական անունը՝ Շմայս։ Ըստ այդմ, մոտավոր գիտենք, թե ինչ է նշանակում այդ բառը, նրա տակ թաքնված նրբերանգները։

Բայց հիմա Զարուհին փորձում է բառի ստուգաբանությունը ոչ ճիշտ մեկնաբանել և այն համարել ոչ ավել, ոչ պակաս՝ գավառամտություն։

Հիմա ձեզ եմ հարցնում՝ սեքսիստականի մեջ ի՞նչ գավառամտության բան կա։ Այն ավելի շատ եվրոպական արժեքների մեջ է մտնում։ (Առաքել Մովսիսյան․ «Սեքսիզմ, սեքսիստական արտահայտություններ», հատոր երկրորդ, էջ 77, 8-րդ պարբերություն)։

Մյուս կողմից լուրջ փաստարկ՝ որ Տարոն Մարգարյանը Զարուհու ասած դժոխքում չէ։

Մի՞թե դժոխքում գտնվող մարդը կարող է սեքսիստական արտահայտություններ անել։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X