Ո՞վ է վարչապետի նոր խորհրդականը. նա հայտնի է սկանդալային մի շարք պատմություններով

Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականների թիվն այսօր ևս մեկով ավելացավ։ Վռամ Գյուլզադյանը նշանակվեց խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Նշենք, որ այս պահի դրությամբ Կարեն Կարապետյանը իր տրամադրության տակ ունի 12 խորհրդական, որից 3-ը՝ գլխավոր, 7-ը՝ հասարակական հիմունքներով։

Ո՞վ է վարչապետի նորանշանակ խորհրդական Վռամ Գյուլզադյանը

Վռամ Գյուլզադյանի անունը հանրությանը լավ հայտնի է։ Նախկին ՕԵԿ-ական պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին։ Եղել է սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, գյուղատնտեսության հարցերով զբաղվող խմբի անդամ։ Այնուհետև նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության պետ, որից հետո մամուլում նրա անվան հետ կապված աղմկահարույց բացահայտումներ եղան։ Բանն այն է, որ նախկին ՕԵԿ-ականին գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի պաշտոնից հեռացրեց ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը: 2010 թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով ծառայողական քննությունից հետո տվեց իր համաձայնությունը՝ Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատվելու հարցում: Նրան մեղադրեցին իր պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ: Գյուրզադյանը իր պաշտոնանկության մասին լուրերը կապեց ՕԵԿ-ակական գյուղնախարարի մանկամտության և Արթուր Բաղդասարյանի՝ հոգեկան խնդիրներ ունենալու և ինչ-որ պատգամավորի աղջկա բիզնեսին «խփելու» հետ:

Աղմկահարույց դեպքի վերաբերյալ մամուլում տեղեկություններ տարածվեցին, համաձայն որոնց՝ Վռամ Գյուլզադյանը «Զվարթնոց» օդանավակայանում արգելափակել է տվել ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի աղջկան բիզնեսի հետ առնչվող ուղեբեռ՝ հումքի տեսքով: Ըստ տեղեկությունների՝ Գյուլզադյանի պաշտոնից հեռանալը կապված էր Դավիթ Հարությունյանի զայրույթի հետ:

Վռամ Գյուրզադյանը գյուղատնտեսության նախարարությունից հեռացվելուց հետո 2012 թվականին պայքարում էր գյուղապետ դառնալու համար: Նա թեկնածությունը առաջադրել էր Լոռու մարզի Վարդաբլուրի գյուղապետի ընտրություններում, բայց չէր հաղթել։

Այժմ Ֆերմերների ազգային միության խորհրդի անդամ է: Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդամ է:

Մեկնաբանություն
X