«Հայկական վերածնունդը» որոշում է կայացրել Վանաձորի մասով

Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցությունը, որը ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստան»-ի հետ միասին շուրջ 9 ամիս է՝ բոյկոտում է ավագանու նիստերը, որոշել է չմասնակցել հունիսի 21-ին տեղի ունենալիք ավագանու նիստին: Այս մասին երեկ մեզ հայտնեց խմբակցության անդամ Հասմիկ Խլոպուզյանը: Նա օրերս մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ հարցի վերաբերյալ պետք է քննարկում տեղի ունենա ավագանու ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանի, ինչպես նաեւ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, ինչից հետո էլ կհայտարարվի մասնակցել-չմասնակցելու մասին: Մեր ճշտմանը՝ կուսակցության ղեկավարությո՞ւնն է հրահանգել չմասնակցել, թե՞ դա տեղական կառույցի որոշումն է, Խլոպուզյանը չմանրամասնեց: «Ընդամենը կարող եմ ասել սա՝ նիստին չենք մասնակելու»,-ասաց նա: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հրանտ Մարգարյանն էլ ասաց, որ նիստերին չմասնակցելը քաղաքական որոշում է, իսկ որոշումները կայացնում է կուսակցության քաղաքական խորհուրդը: Նա առաջարկեց այդ հարցով դիմել կուսակցության քաղաքական խորհրդին: ԲՀԿ քաղխորհուրդը, մեր տեղեկություններով, որոշել է նիստերին մասնակցելու հարցը առկախել, քանի որ «Ելք» դաշինքի հետ միասին գործընթաց է սկսել՝ ՍԴ-ից պահանջում է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ղեկավարվելով Վանաձորի ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամներն այս տարվա մարտ ամսից սկսած առանց քվորումի նիստեր են գումարում եւ որոշումներ կայացնում: ՍԴ որոշումից հետո, թերեւս, կհստակեցվեն ԲՀԿ-ի անելիքները: Նշենք, որ Գյումրիում ավագանու ՀՎԿ խմբակցությունը որոշել է դադարեցնել երկարատեւ բոյկոտն ու մասնակցում է նիստերին:

Մեկնաբանություն
X