Մինչեւ հաջորդ ֆորում կգործենք ընդունված բանաձեւով․ Արտակ Զեյնալյան

Հունիսի 16-18-ը Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը։ Այդ օրերին ադրբեջանական կողմը խախտեց հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով ունեցանք չորս զոհ եւ երկու վիրավոր։ «Ելք» դաշինքը ներկայացնող ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ քաղաքական կուսակցությունների օրակարգի շուրջ եղել են մտքերի բախումներ, դեբատներ։

«Արդյունքում ընդունել ենք բանաձեւ, որի շրջանակներում էլ գործելու ենք մինչեւ հաջորդ ֆորումը։ Եվ հաջորդ ֆորումի ժամանակ էլ կներկայացվի հաշվետվություն, մարդիկ հանդես կգան տեսակետներով, թե ինչ են արել։ Սրանք համազգային խնդիրներին կամ երկու պետություններին վերաբերող քննարկումներ էին, որի ժամանակ հանդես են եկել պրոֆեսիոնալ զեկուցողներ, նրանց տրվել են հարցեր։ Քաղաքական ուժերը, որոնք որոշումներ կայացնելու լիազորությամբ են օժտված, ազդելու են այդ որոշումների վրա։ Սա շատ կարեւոր համաժողով էր, եւ հակառակորդի իրականացրած գործողություններն, ըստ էության, ահաբեկման էլեմենտներ էին պարունակում իրենց մեջ՝ մշտապես սարսափի մեջ պահելով հայկական կողմին։ Ես կարծում եմ, որ դա արդեն 25 տարի է, ինչ չի հաջողվում, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել, վերանայել վերաբերմունքը ամբողջ պրոցեսի նկատմամբ եւ անհրաժեշտ հետեւություններ անել»,- ասաց Արտակ Զեյնալյանը։ Դեռ հայտնի չէ, թե երբ է կայանալու հաջորդ ֆորումը։

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ անցյալ տարի, ապրիլյան պատերազմից հետո, խոսվում էր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կնքվելիք ռազմական փոխօգնության պայմանագրի մասին, ի՞նչ փուլում է այն։ Ըստ Արտակ Զեյնալյանի՝ օրակարգում դեռեւս չկա այդ հարցը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X