Պետք է անհատական օգնել գյուղացուն, ոչ թե չինովնիկների միջոցով պարարտանյութ, սերմացու բաժանել․ Հրաչ Բերբերյան

Օրեր առաջ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտը մի քանի տասնյակ գյուղերում 100 տոկոսով ոչնչացրել է ցանքատարածություններն ու վնասել պտղատու այգիները: Բանն այն է, որոշ գյուղերում հակակարկտային կայաններ չեն եղել, իսկ եղածներն էլ օգուտ չեն տվել: Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կարկտահարության արդյունքում գյուղացիները զրկվել են իրենց ունեցած ողջ բերքից: Դա նրանց միակ եկամուտն էր՝ ողջ տարվա համար: «Գյուղը 100 տոկոսով վնաս է կրել, ամեն ինչ գետնին է հավասարվել: Մեր գյուղը, որ ամենաշատ միրգ էր լինում, այս տարի մնացինք առանց մրգի: Հիմա մարդիկ, ով փող ունի, նոր ցանք է անում, մնացածն էլ շվարել են, վարկերի տակ են: Ես էլ սոխ էի ցանել, ամբողջովին գետնին է հավասարեցրել, հիմա ջրում են, տեսնեմ՝ օգուտ կտա»,- ներկայացրեց գյուղապետը: Նրա խոսքերով՝ տեղադրված հակակարկտային կայանները կրակել են, բայց անարդյունավետ: Հարցին, թե ի̉նչ քայլեր եք ձեռնարկել օգնելու գյուղացիներին, գյուղապետն ասաց. «Վնասի չափը հաշվարկել ենք, գյուղացիներին հողի եւ ջրի վարձերը հաշվել ենք, ուղարկել ենք կառավարություն՝ հույս ունենալով, որ ե՛ւ գյուղացուն կօգնեն, ե´ւ հարկերը կհանեն»:

Կարկտահարությունից հետո գյուղացիները հայտնվել են անելանելի եւ ծայրահեղ ծանր վիճակում, միլիոնների հասնող վարկային պարտավորություններ ունեն առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների նկատմամբ: Նրանց բոլորին միայն մեկ հարց է տանջում՝ ինչպես են մարելու կուտակած վարկային պարտավորություններն ու պարտքերը: Արդյոք այս դեպքում կառավարությունը կկարողանա առարկայական օգնություն ցույց տալ գյուղացիներին, թե կբավարարվի միայն ջրի եւ հողի հարկերը զեղչելով, ինչպես միշտ է անում: Այս հարցի պատասխանը առայժմ չկա:

Կարկտահարությունից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր գյուղատնտեսության և տարածքային կառավարման նախարարներին և Արմավիրի մարզպետին տասնօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով առաջացած վնասները և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք:

Գյուղատնտեսության նախարարությունում բավարարվում են միայն կարկտահարությունից վնասներ կրած գյուղերում շրջելով եւ մարդկանց հանգստացնելով: Իսկ փոխհատուցման մասով կամ գյուղացու հոգսը թեթեւացնելու համար ոչ ոք իրավասու չէ, դա է վկայում օրեր առաջ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքն այն մասին, որ գյուղացիները գյուղատնտեսությամբ զբաղվելուց առաջ պետք է գնահատեն ռիսկերը՝ զբաղվեն գյուղատնտեսությամբ, թե՞ չզբաղվեն:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով կարկտահարության դեպքերին, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ հակակարկտային կայանները օգուտ չեն տալիս. «Մենք վաղուց ենք ասել, որ հակակարկտային կայանները օգուտ չեն տալիս, այն էլ անհայտ գիտնականի կողմից, որ մինչեւ հիմա չենք կարողանում գտնել նրա հեղինակին: Ացետիլենային համակարգը ապամոնտաժվեց բութանային համակարգի, ոչ մի փորձարկում միջազգային նորմերով չանցավ, թե որտեղ են այդ կայանները փորձարկվել եւ ո̉ր երկիրն է ընդունել դա: Կարկուտի դեմ պայքարելու տարբեր տեխնոլոգիաներ կան՝ ավիացիոն, հրթիռային, արկային, որոնց էֆեկտիվությունը 50-70% է, իհարկե ավիացիոնը ամենաէֆեկտիվներից մեկն է: Մենք նույն սխալները չպետք է կրկնենք, ավիացիոն տեխնոլոգիան Հայատանում կիրառվել է 70-ական թվականներին արկայինի հետ միասին, աշխատել է, էֆեկտիվությունը եղել է 70%: Մենք պետք է առաջ գնաք եւ անցնենք ցանցային համակարգի, որը ամենահաջող պաշտպանության միջոց է: Այն այգիները, որոնք ցանցապատված են, որեւէ խնդիր չունեն, անգամ ցրտահարության հետ կապված խնդիր չունեն, դա լուրջ օգուտ է գյուղացուն: Հայաստանում շատ քիչ տարածքներ կան, որ ցանցապատված են»:

Նրա խոսքով՝ Հայաստանում ուզում են 500 հատ էլ հակակարկտային կայան տեղադրել, հարցին, թե հիմա քանի կայան է գործում Հայաստանում, Հրաչ Բերբերյանը պատասխանեց. «Տարբեր թվեր են ասում, որովհետեւ մի մասը մասնավոր է տեղադրվել, մի մասը պետությունն է ձեռք բերել, ես գիտեմ, որ 500 հատ էլ ուզում են տեղադրել, իբրեւ թե էֆեկտիվ կլինի, ես կարծում եմ, որ այս պարագայում խեղդվողը ձեռքը գցում է փրփուրներից: Մարդիկ մտածում են, որ Բերբերյանը դեմ է հակակարկտային կայանների, էդպիսի բան չկա, անգամ կայանի աշխատողները բարեխիղճ աշխատում են, բայց այդ սարքերը, որ էֆեկտիվություն չունեն, ինչ մեղավոր են աշխատակիցները: Դուրս է գալիս, որ գյուղացու համար ծառայություններ են մատուցում, որը գյուղացին չի տեսնում, բայց այդ գումարներ ծախսվում են»:

Բերբերյանը ասաց, որ այս տարի Հայատանում կա գյուղատնտեսության անկում. «Կառավարությունը հայտարարեց 17,5% անկում, մեր ունեցած տվյալներով՝ դա շուրջ 40% է: Պետք է գյուղացուն ձեռք մեկնեն, եւ ոչ թե չինովնիկների միջոցով պարարտանյութ, սերմացու բաժանեն, ասեն օգնեցինք գյուղացուն, այլ պետք է այդ ընտանիքներին անհատական գումար հատկացվի, որ մարդիկ կարողանան վարկերը փակել»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X