Մնացին Շիրակի մարզի դատախազն ու դատավորը

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Շիրակի մարզպետարանի կայքը լուսաբանում է նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանի գործունեությունը: Մարզպետն հանդիպում է խոշորացված համայնքների բնակիչների հետ, մասնակցում է միջոցառումներին, հյուրեր է ընդունում եւ այլն: Նոր մարզպետը դեռևս կադրային փոփոխություն չի իրականացրել: Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երևանաբնակ մարզպետն աշխատակիցների նկատմամբ բարյացակամ է տրամադրված եւ կադրային որևէ փոփոխություն չի պատրաստվում անել: Մարզպետն ընտանիքով տեղափոխվել է բնակվելու Գյումրի: Արթուր Խաչատրյանի միակ կապը Շիրակ աշխարհի հետ կնոջ գյումրեցի լինելն է: Վերջին շրջանում մի նոր տենդենց է՝ մարզի պատասխանատու պաշտոններն ստանձնում են անձիք, որոնք ծնունդով շիրակից չեն: Կառավարության ծրագի՞րն է, թե զուտ պատահականություն, մարզի բնակիչներն սկսել են կասկածել:

Գյումրեցիներն արդեն կատակում են՝ մնացին մարզի դատախազն ու դատավորը, որ Երևանից ուղարկեն: Գյումրեցիների կասկածը հիմնավորված է, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանն է ծնունդով գյումրեցի, իսկ դատախազ Կարեն Գաբրիելյանը մարզի Արևշատ գյուղից է: Վերջինս անցյալ տարի փոխարինեց երևանաբնակ Րաֆֆի Ասլանյանին:

Անդրադառնալով մայրաքաղաքային պաշտոնյաներին՝ նշենք, որ մարզպետարանում միայն մարզպետը չէ, որ ծնունդով շիրակցի չէ: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանը Երևանից Գյումրի է եկել դեռ տասնյակ տարիներ առաջ՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով մարզպետարանում: Մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանը նույնպես մայրաքաղաքից է գործուղվել Շիրակ: Նրան անցյալ տարի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշանակեց այդ պաշտոնին, երբ նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի շուրջ մի շարք սկանդալներ հասունացան: Ոստիկանապետից զատ, այսպես ասած օտար է նաև, Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանը: Մայրաքաղաքային պաշտոնյաներից վերջինը մարզպետ Արթուր Խաչատրյանից ընդամենը օրեր առաջ Շիրակ գործուղված մաքսային ծառայության Շիրակի տարածքային պետն է: Սուրեն Ղազարյանն այս պաշտոնին նշանակվեց հունիսի 4-ին: Նշենք, որ նրա նախորդը՝ Կարեն Մանուկյանը, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ազգականն էր, եւ շրջանառվող խոսակցությունների համաձայն նրա՝ աշխատանքից ազատվելը սպասելի էր, քանի որ ազգականն այլևս պատգամավոր չէ:

Սրևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X