Ինչ լեգենդներ են պատմում հայերն արտերկրում քաղաքական ապաստան հայցելիս

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը** «Hraparak. am»**-ի հետ զրույցում նշեց, որ բելգիացի իր գործընկերները վերլուծել էին, թե Հայաստանից գնացած եւ ապաստան հայցողներն ինչ լեգենդներ են պատմել։ Առաջին լեգենդը եղել է խառնամուսնություններին վերաբերող լեգենդը, իբր ամուսինը հայ է, կինն՝ ադրբեջանցի, եւ ո՛չ Հայաստան կարող են վերադառնալ, ո՛չ Ադրբեջան։ Երկրորդ լեգենդը վերաբերում է սեռական փոքրամասնություններին, երրորդ լեգենդը վերաբերում է սոցիալական խմբին՝ «Եհովայի վկաներին»։ Քաղաքական հայացքների համար հալածանքը, ըստ նրա, առաջին պատճառն է։

«Մեր ԶԼՄ-ները, պատահում է, գիտակցաբար, թե անգիտակցաբար, «արջի ծառայություն» են մատուցում։ Մեկը, որպեսզի դրսում ներկայանա, որ եղել է քաղհալածյալ, թերթերին ներկայացնում է պատմություններ եւ հետո դրանք օգտագործում»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա հիշեցնում է, որ չորս տարի առաջ ՀՀ քրեական օրենսգրքի մեջ ավելացրեցին 329․1 հոդվածը (Անօրինական միգրացիայի կազմակերպումը)։

Գագիկ Եգանյանի խոսքով՝ ճարպիկ բիզնեսմենները կազմակերպում են անօրինական միգրացիա, եւ մարդկանց տեղափոխելով արտերկիր, այնտեղ թողնում են բախտի քմահաճույքին։ Իսկ նրանց՝ Հայաստան վերադարձի դեպքում էլ առաջանում են խնդիրներ։ Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 329․1 հոդվածով սահմանված է, որ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ՀՀ մուտքը, ՀՀ-ում գտնվելը, կամ ՀՀ տարածքով տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Եվ քանի որ եվրոպական երկրներն այսօր խնդիրներ ունեն՝ կապված միգրանատների հետ, շատ կարեւոր է, որ նրանք այնտեղ մուտք գործեն օրինական ճանապարհով։

Մեկնաբանություն
X