Էսօր առիթից օգտվում է միայն թուրքը, իսկ մենք՝ կեղծ խաղաղասեր ենք խաղում․ Վովա Վարդանով

Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը «Հրապարակի» հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին սահամանային լարվածությանը և դրա հետ կապված խնդիրներին։

-Առաջնագծում իրավիճակը լարված է, ունեցանք չորս զոհ, վիրավորներ, ըստ Ձեզ սա հակառակորդի կողմից հերթական սադրանքն էր, թե՞ ռազմական լայնածավալ գործողությունների նախապատրաստություն։

-Սադրանք չի, սա պատերազմի բաղկացուցիչ մի մասն է։ Մենք 89 թվականից պատերազմի մեջ ենք, կարող է ավելի լայնածավալ գործողություններ լինել, բնական է՝ կարող է։ Պատերազմը տենց «խասյաթ» ունի, որ կողմը, որ մտածում է՝ ինքն էտ պահին ուժեղ է, առիթից սկսում է օգտվել։ Բայց վատը նա է, որ էսօր առիթից օգտվում է միայն թուրքը, իսկ մենք կեղծ խաղաղասեր ենք խաղում։ Ոչ մի բանական էակ չի կարող խաղաղասեր լինել ի վնաս իրեն, այդ կեղծ խաղաղասիրությունն էլ թույլ է տալիս թուրքին, որ ոնց ուզի, ուր ուզի խփի։

Դուք բազմիցս նշել եք, որ ամեն անգամ, երբ զոհ ենք ունենում, պետք է հակառակորդի գյուղերից մեկն ավերել։ Սա չի՞ ավելացնի լարվածությունը ու արդյոք հայկական կողմը դրանից ավելի շատ չի տուժի։

-Ավելի շատ սենց-թե նենց տուժելու ենք։ Խնդիրը նրա մեջ ա, որ պետք ա հարված հասցնես ու հակառակորդին պատճառես վնաս, որից հետո նրանից ժամանակ պահանջվի, որպեսզի կազդուրվի, գնա մի տեղ ինքն իրա վերքերը լիզի։ Մենք չգիտենք թուրքը երբ կանգ կառնի, կուզի շաբաթվա մեջ մեկ կյանք կխլի, կուզի՝ հինգ, ինքն է որոշողը, երբ ու որտեղ խփի։ Այս որոշումներ կայացնելու մոնոպոլիան թուրքերի ձեռքից վերցնել է պետք։ Մենք 1993 թվականի աշնանից մենակ հակահարվածների վրա կառուցված մարտավարություն ենք որդեգրել և ռազմավարություն, ինչը սարսափելի սխալ եմ համարում։

-Վերջերս կրկին խոսվեց այն մասին, որ մեր ունեցած զոհերը միայն անապահով ընտանիքի զավակներ են, պաշտոնյաների զավակներ չկան։ Այս ամենը չի պառակտում արդյոք ազգին ու պատերազմի ժամանակ շատերին հետ չի՞ պահի առաջնագիծ գնալուց։

-Ցանկացած մարդ, որը էս երկրի տեր ա, ինքն էլ կգնա առաջնագիծ, իր զավակն էլ կգնա։ Անապահով ընտանիքի զավակը վատ կրթություն է ստանում հիմնականում և ստորին օղակն է զբաղեցնում պաշտպանական համակարգում, բնական է ամենաշատ զոհերը իրենք են։ Բայց ապրիլյան քառօրյայի ժամանակ սպայական շերտի կորուստներն ավելի շատ են եղել, քան զորակոչային հատվածը։ Կարճ ասած այդ «անապահով ընտանիք» և այլն որ ասում են, դա մեր հասարակությունը մասնատելու, հեղափոխական տրամադրություններ ստեղծելու և թուքերի համար դուռ բացելու համար ա։ Հիմա հարուստի, թե աղքատի երեխեն, եթե տեր չի էս երկրին «ջհանդամը» թե տեր չի, ես եմ տերը։

-Կարծիքներ կան, որ սահամանային լարվածությունը ժողովրդի «աչքը վախեցնելուն» է ուղղված, որ տեսեք այլ ելք չկա, պետք է հողեր հանձնել։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Թուրքի ուզածն հենց դայա, նա խփում ա դրա համար, որ մեզ մոտ փախնողականություն առաջանա, գաղթողները շատանան։ Բայց մենք պետք է մի բան հասկանանք, պրեզիդենտ, դեպուտատ, չգիտեմ ինչ, ով ուզում ա լինի, որ իրենք իմ սեփականությանը՝ հայկական հողի վրա իրավունքներ չունեն ինչ-որ բան հատկացնել, տրամադրել թուրքերին։ Ոչ մեկը դրա իրավունքը չունի, բաներ կան, որոնց ճակատագիրը իրենք չեն որոշում, ու այդ բաներից մեկն էլ հայկական հողն է, որի ճակատագիրն իրավունք ունի որոշել միայն հայ զինվորը։

Լիլիթ Շաբոյան

Մեկնաբանություն
X