1 ամսից քիչ էր մնացել, որ տուն գար․ եկավ, բայց այսպես չէինք սպասում մեր զինվորին․ Սեւանում հողարկավորեցին Վիգեն Պետրոսյանին․ (ֆոտո, վիդեո)

>

Զինվորական երաժշտության հնչյունների և կրակային համազարկի տակ սեւանցիները մայր հողին հանձնեցին հերոս զինծառայող Վիգեն Պետրոսյանին, հողին հանձնեցին լուռ՝ վիշտը սրտում պահելով, կորստի ցավով ու մեծ հպարտությամբ:

Տան բակը մարդաշատ էր եւ բոլորը խորապես ցավում էին կատարվածի համար․ «Ինչ խոսք, կամ ինչը պիտի լրացնի որդեկորույս ծնողի ցավը։ Վիգենը շատ համեստ երիտասարդ էր, ծնողները նույնպես, ողջ Սեւանի բնակչության կողմից հարգված ընտանիք են։ Մինչեւ երբ, երբ պետք է այս վիճակը շարունակվի, 20 տարեկան երիտասարդ էր, պետք է բանակից գար, նոր կյանք մտներ, երազանքներ ուներ․․․ ավաղ մնացին անկատար, ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցեց չզոհվեց, ընդամեն 1 ամսից քիչ էր մնացել, որ տուն գար․ եկավ, բայց այսպես չէինք սպասում զինվորին»,-ասաց զրուցակիցս։

Վիգեն Պետրոսյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սեւանի պետական քոլեջ, նա տան երեք եղբայրներից միջնեկն էր, մեծ եղբայրը 22 տարեկան է, փոքրը՝ 4: Հայրը աշխատում է գազի գրասենյակում, մայրը տնային տնտեսուհի է:

Հիշեցնենք, որ հակառակորդի կրակոցի հետեւանքով 3 զինծառայող է զոհվել: Արցախի ՊԲ փոխանցմամբ, հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X