Սերժ Սարգսյանի անունը զուր է հոլովվել

Անցյալ շաբաթ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի կողմից իր մի երգը («Քեզ համար, Հայաստան»՝ գրված 1988-ին, Գյումրիի երկրաշարժի կապակցությամբ) Հայաստանի օրհներգ դարձնելու հրապարակային առաջարկը եւ հատկապես այն միտքն ասպարեզ նետելը, թե այդ երգը ՀՀ օրհներգի վերածելու գաղափարին հավանություն է տվել նախագահ Սերժ Սարգսյանը, ինձ թվաց համբերությունը հատող վերջին կաթիլ Ազնավուրի շուրջ տասնամյակներ շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից խաղարկվող զավեշտում:

Երբեք չեմ կարողացել հասկանալ, թե Հայաստանի իշխանությունների ռեւերանս-ծամածռություններն Ազնավուրի առջեւ ինչ շարժառիթ կամ բացատրություն ունեն: Հայաստանյան իշխանություններն այն աստիճան երաժշտություն չգիտեն, որ Ազնավուրն իրենց աչքում երաժշտական մեծությո՞ւն է, ասենք՝ Բեթհովեն է, Մոցարտ է, Վերդի է, գոնե Մոնտեվերդի է: Թե հայկական երաժշտարվեստում են համեմատում, եւ Ազնավուրը հանկարծ Չուխաջյան է, Սպենդիարով է, Խաչատրյան է, Տերտերյան է:
Վախենամ՝ Ազնավուրն առանձնացող ու բարձրացող մեկը չէ անգամ իր ժամանակակից եւ արվեստակից շանսոնիեների թվում: Ինչո՞վ է Ազնավուրը գերազանցում, դիցուք, Ժակ Բրելին կամ Սալվադորե Ադամոյին, Իվ Մոնտանին, Լուիս Պերալեսին, Լուչիո Դալլային եւ տասնյակ ուրիշների: Ոչնչով: Մինչդեռ այդ թվարկված երաժիշտներից ո՞վ է իրեն քաղաքական-հասարակական դերակատարություն վերագրել, որեւէ երկրի իշխանությունների հետ հարաբերություններ կառուցել, սնամեջ շողոքորթությունից աջուձախ նվաղել:

Թեեւ դե, հիմա… հարյուրամյա ծերունի է, ինչ անում է՝ անի: Հայաստանի իշխանություններն էլ առանձնապես վայելչության ու արժանապատվության մարմնացում չեն: Այնպես որ, եթե օրհներգի մրցույթ է հայտարարված (եւ փառք Աստծո, որ այդպես է, որովհետեւ ՀՀ ներկա օրհներգն անգամ լսելու արժանի չէ, ուր մնաց կատարելու եւ աշխարհին ներկայանալու), ամեն հեղինակ էլ կարող է իր ստեղծագործությունը ներկայացնել, Ազնավուրն էլ՝ նրանց թվում: Ինչո՞ւ ոչ: Եթե այդպես վարվեր, խնդիր չէր ծագի:

Բայց ոչ՝ Ազնավուրը, փոխարեն մրցույթի հայտ ուղարկելու, PR արշավ է ծավալում հօգուտ իր երգի: Լավ, դա էլ մի կողմ. շանսոնիե է՝ ծեր, ոչ ամենապայծառ գիտակցությամբ, անվերջ ինչի մասին ասես խոսում է, հիմա էլ խոսել է իր երգը Հայաստանի հիմն դարձնելու մասին… Բայց ոչ, պատմությունն այդտեղ էլ չի ավարտվում՝ Ազնավուրի հավակնություններն առաջ մղելիս ՀՀ նախագահի ազգանունն է մեջբերվում ու հոլովվում, որպես հավակնությունների ակնարկվող հիմք եւ գրավական:

Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը։

Որքան էլ ինքս հեռու եմ հայկական երաժշտության երկրպագու լինելուց, միեւնույն է՝ ՀՀ նախագահի կողմից Ազնավուրի երգը ՀՀ օրհներգ դարձնելու գաղափարին հավանություն տալը, այդ մասին ասպարեզ նետված տեղեկությունը դժվար է վիրավորական չնկատել հայկական երաժշտարվեստի համար:

Ազգագրական, ժողովրդական, ռաբիս եւ այլ սեգմենտները մի կողմ թողած, որ ինքս բոլորովին չեմ սիրում, հայերը նաեւ բարձրարժեք հոգեւոր երաժշտություն ունեն, որ անգամ երաժշտագետների է հիացնում, եւ դասական երաժշտության առումով էլ այս երկիրն ու ժողովուրդն ունեն միջազգային չափանիշներով գնահատվող, երբեմն՝ նաեւ արժեք ու հեղինակություն ունեցող կոմպոզիտորներ Չուխաջյանից, Տիգրանյանից ու Սպենդիարյանից մինչեւ Արամ Խաչատրյան, Ավետ Տերտերյան, Ալեքսանդր Հարությունյան, Տիգրան Մանսուրյան եւ այլք: Այլեւս չասելով ծափահարությունների արժանի կատարողական արվեստի, Կոնսերվատորիայի ու մնացյալի մասին:
Հետեւաբար, ի՞նչ է նշանակում հայերեն անգամ չխոսացող շանսոնիեն, որ հազիվ թե տեղ ունի հայկական երաժշտության անդաստանում կամ որեւէ կապ հայկական երաժշտության հետ, ելնելով Հայաստանի նախագահների հետ անձնական շփում եւ բարեկամություն ունենալու հանգամանքից, իր ստեղծագործությունն առաջ մղի ու գովազդի որպես օրհներգի ֆավորիտային հավակնորդ:

Պարզելու համար, թե նախագահ Սարգսյանն ինչ դիրքորոշում ունի Ազնավուրի երգի եւ այն ՀՀ օրհներգ դարձնելու հավակնությունների առնչությամբ, անցյալ շաբաթ երկու հարց ուղարկեցինք նախագահի աշխատակազմ՝ խնդրելով հնարավորության դեպքում մեկ-երկու օրում պատասխանել: Պատասխանն ստացվեց հաջորդ օրը՝ հունիսի 14-ին, եւ միայն իմ մեղքն է, որ այս հոդվածը գրելը եւ պատասխանը հրապարակելը ձգձգվեց: Նախագահի աշխատակազմ ուղարկված հարցերը հետեւյալն էին.

«1. Արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանն արտահայտվել է ՀՀ գործող օրհներգը Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու մասին, եթե այո՝ ապա ի՞նչ դիրքորոշում ունի:

2. Անշուշտ, պետական օրհներգի ընդունումն ընթացակարգերի հարց է, ոչ թե նախագահի հավանության, այդուհանդերձ, եթե նախագահ Սարգսյանն արտահայտվել է հօգուտ «Քեզ համար, Հայաստանն» օրհներգ դարձնելուն, ապա, ըստ Սարգսյանի, այդ երգն էսթետիկական, երաժշտական, պատմական, քաղաքական ի՞նչ ուղերձ կամ արժեք ունի, որ ՀՀ օրհներգի համար դիտարկվի»:

Նախագահականից ստացված պատասխանն էր.

«Ձեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ ՀՀ նախագահի դիրքորոշումը հետեւյալն է. Հայաստանի օրհներգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվում է Ազգային ժողովի կողմից»:

Ասել է թե՝ հրապարակավ եւ պաշտոնապես նախագահ Սարգսյանը ոչ միայն չի սատարում, այլեւ նպատակահարմար չի համարում անգամ արտահայտվել «Քեզ համար, Հայաստան» երգի մասին: Երեւի մի կողմից Ազնավուրին չնեղացնելու համար, մյուս կողմից՝ բազմաթիվ հարցերի պատասխաններից խուսափելու: Այդքանով էլ Սարգսյանի ազգանունը զուր էր հոլովվել։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X