«Երկիր ծիրանի»-ն խախտում է լեզվական նորմը․ Լեզվի տեսչությունը, կարծես, դեմ չէ

«Հայերենը ճկուն լեզու է» արտահայտությունը որոշ կառույցներ սրտներին շատ մոտ են ընդունել։ «Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի հաղորդագրությունն էլ՝ ասվածի վառ ապացույցը։ Կուսակցությունը պահանջում է ԶԼՄ-ներից իրենց անունը գրել մեծատառերով, քանի որ դա է ճիշտ գրելաձևը. «Կարիքն առաջանալու կապակցությամբ կրկին տեղեկացնում ենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության անվանումը որևէ լեզվով չի թարգմանվում: Կուսակցության անվան մեջ և՛ Երկիրը, և՛ Ծիրանին անպայման գրվում են մեծատառերով․․․»։

Մինչդեռ հայերենի լեզվական նորմերը ենթադրում են մեծատառերի գործածության հստակ ուղղագրություն, այն է. բաղադրյալ հատուկ անուններում, որոնց մեջ լրացյալը, առանձին վերցված, հատուկ անուն չէ, գրվում է փոքրատառ։ Իհարկե, այս կանոնն ունի բացառություններ, որոնք անպայմանորեն առնչվում են տեքստի ոճական առանձնահատկությունների հետ։ Բայց քանի որ այս օրինակում ոճական այդ առանձնահատկությունների մասին խոսելը տեղին չէ, ուստի կապ հաստատեցինք ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության հետ՝ հարցի վերաբերյալ մասնագիտական կարծիք ստանալու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը կառույց է, որն իրականացնում է օրենքով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Թեև Կառավարությունը վերջերս հավանություն է տվել այս կառույցի լուծարմանը։

Մեր հարցին, թե սա լեզվական կանոնների խախտո՞ւմ չէ, տեսչությունից պատասխանեցին, որ այդպես էլ պետք է գրվի. «Նայած թե ոնց է գրանցված իրավաբանական փաստաթղթերում։ Եթե արդեն գրանցված է անունը որպես մեծատառով գրվող անուն, արդեն պետք ա գրվի մեծատառ։ Լեզվական, քերականական իմաստներով ճիշտ չէ»։

-Այսինքն՝ յուրաքանչյուր կառույց կարող է հեշտությամբ շրջանցել լեզվական ցանկացած նորմ։

  • Ինչ իրավունք ունեն, բայց եթե հիմա իրենց անունը գրանցել են էդպես, Լեզվի տեսչությունն ի՞նչ կարող է անել, ինքը չի դիմել Լեզվի տեսչություն։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X