Ճարտարապետների միությունը մամուլից է տեղեկացել «Հայկական գյուղ» նախագծի մասին

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ եղել է «Դալմա մոլ» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ գտնվող տարածքում, որտեղ նրան ներկայացվել է «Հայկական գյուղ» նախագիծը: Այն ենթադրում է, այսպես ասած, ազգագրական թաղամասի ստեղծում, որտեղ կլինեն բնակելի համալիրներ, հյուրանոցներ, այլ կառույցներ, որտեղ կպատկերվի Հայաստանի տարբեր բնակավայրերի կոլորիտը: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են, իսկ կառուցապատման ներդրումային ֆոնդը գտնվում է ձևավորման փուլում։

«Հայկական գյուղ» նախագծի վերաբերյալ զրուցեցինք Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ։

-Պարոն Մինասյան, ծանո՞թ եք «Հայկական գյուղ» նախագծին։ Ի՞նչ կարծիք ունեք։

-Ես թերթերից եմ կարդացել, որ նման ծրագիր կա։ Դե, եթե որոշել են, կարող է լինել։ Շատ վաղուց՝ 80-ական թվականներից շատ մոդա էր խորհրդային տարածքում։ Վրացիները այդպիսի գյուղ սարքեցին, որտեղ հավաքված էին կոլխիդայի տները, տարբեր տեղերից տների տիպեր հավաքեցին և մի գեղեցիկ բաներ էին։ Դա շատ վաղուց էր։ 80-ականներին մենք էլ այստեղ ուզում էինք դա անել։ Երկար մտածելուց հետո առաջացավ «Ձորագյուղ» ծրագիրը, որը, ափսոս, կիսատ մնաց։ Ուզում եմ ասել՝ նման ծրագրեր լինում էին և մեծ ընդունելություն էին ունենում։ Հիմա ես չգիտեմ՝ այս ծրագիրը որքանով կլինի։

-Այսինքն՝ կո՞ղմ եք «Դալմա մոլ»-ի հարևանությամբ գտնվող այգում նման միջավայրի ստեղծմանը։

-Գիտեք՝ ոնց ասեմ։ Էնտեղ այգիներ, որպես էդպիսին, արդեն չկան, թեև ամբողջությամբ անապատ չի, որոշ բաներ պահպանվել են այգիներից, էնպես որ, եթե դա պարուրված լինի կանաչների մեջ, տների մեջ, երևի թե լավ կլնի։

-Ասում են՝ սրճարաններ են լինելու, հյուրանոցներ, բնակելի տներ։

-Որովհետև նոր գյուղը չի ապրի առանց դրանց գործի քցելու։ Ես, որ տեսել եմ վրացական տարբերակը, էնտեղ մարդկանց բերում էին, աշխատացնում էին։ Մնացածներն էլ ցուցադրում էին, կամ ինչ-որ թանգարանային բան էր լինում, դարբինը դարբնոցում մի գործ էր անում և այլն։

-Պարոն Մինասյան, իսկ չկա՞ր հայկական մի գյուղ, որտեղ կարելի էր իրականացնել այս ծրագիրը և զբոսաշրջությունը զարգացնել գյուղերում։

-Հայկական մի գյուղում որ լինի, տարօրինակ մի բան կստացվի էն առումով, որ գյուղն ունի իր դեմքը։ Տեղանքը ընտրել են էնպես, որ և լինի Երևանի տարածքի մեջ, և լինի կենտրոնից դուրս։

-Նախագծի քննարկմանը, փաստորեն, չեք մասնակցել։

-Չէ։ Դա Կառավարության ծրագիրն է։ Իհարկե, ես նորմալ չեմ համարում, որ մենք այդ լուրերն իմանում ենք հետո։ Դա մեր որոշ գործընկերների թերացումն է կամ ժամանակ չունեն, բայց ես գիտեմ, որ դա արվում է Ճարտարապետության և շինարարության համալսարանի միջոցով, բայց մեր Ճարտարապետների միության անդամները նույնպես ուզում են իմանան, մասնակցություն ունենան, բայց քննարկումներ չի եղել, մենք տենց էլ չկարողացանք քննարկումները կարգավորել։

-Դուք չկարողացա՞ք, թե պարզապես ձեզ չդիմեցին։

-Ուղղակի չդիմեցին, թե չէ քննարկում կազմակերպելն ինչ բան է որ։ Քննարկելը լավ բան է։ Նախկինում գոնե՝ շատ վատաբանված խորհրդային տարիների ժամանակ, տենց բան չկար, որ Ճարտարապետների միությանը տեղյակ չպահեն, գոնե տեղյակ են պահում։ Նույնը «Հին Երևան» ծրագրի մասին։ Դա նեղ մտածելակերպի ծրագիր է։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X