Թույլ ու պոպուլիստական քննարկում

Կառավարության ծրագրի քննարկումը, ինչպեսեւ սպասվում էր, մեր ոչ այնքան պրոֆեսիոնալ խորհրդարանի պարագայում վերածվեց վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի մնալ-չմնալու, Սերժ Սարգսյանի գալ-չգալու թեմայով քննարկման։ Անշուշտ, դա էլ պակաս կարեւոր չէ, ի վերջո, ո՞վ է լինելու 2018-ից հետո ՀՀ վարչապետը, որը դե ֆակտո երկրի առաջին դեմքն է։ Բայց առավել կարեւոր է, թե ինչ ուղղությամբ է ընթանալու մեր երկիրը, տնտեսության մեջ ինչ հեղափոխական քայլեր են արվելու՝ վիճակը շտկելու, հասարակական կյանքի որակը բարելավելու, հույս, հավատ, հեռանկար առաջացնելու համար։ Այս առումով իրավացի էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, որ մեծ-մեծ տառերով գրել էր՝ Հրանտ Բագրատյանի պակասը ո՜նց է զգացվում։ Եվ ոչ միայն Հրանտ Բագրատյանի, նաեւ՝ Արծվիկ Մինասյանի, Արամ Մանուկյանի ու Լեւոն Զուրաբյանի, Ալիկ Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Հովհաննիսյանի, անգամ՝ Վարդան Այվազյանի։ Առաջին իսկ բովանդակային քննարկման ժամանակ ակնհայտ դարձավ, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը թույլ է, պոպուլիզմի ավելցուկ կա, վերլուծական մտքի ու փորձի, տնտեսության իմացության պակաս։ 120 էջանոց փաստաթուղթը խորհրդարանը պետք է տառ-տառ վերլուծեր, դրա բոլոր թերություններն ի հայտ բերեր, առաջարկներով հեղեղեր կառավարության անդամներին, ստիպեր, որ ավելի համարձակ ու հեղափոխական ծրագիր առաջարկեն եւ ավելի մեծ պատասխանատվության տակ մտնեն։ Այլ ոչ թե դոփեր վարչապետի լինել-չլինելու հարցի վրա, որի պատասխանը, ինչպես հասկացվեց, ոչ մեկը չունի, բացի Սերժ Սարգսյանից, նա էլ համառորեն հստակություն չի մտցնում այդ հարցում։ Իսկ դա նշանակում է, որ այս կառավարությունն էլ է ժամանակավորի հոգեբանությամբ աշխատելու՝ անորոշ ապագայով պայմանավորված։

Մեկնաբանություն
X