Ինչու է լռում Սերժ Սարգսյանը

Ի՞նչ է փոխվելու 2018 թվականին Հայաստանում։ Ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, մյուս կարեւոր պաշտոնները։ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է։ Մենք շարունակելու ենք մնալ ռուսական ազդեցության գոտո՞ւմ, թե՞ Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը, ըստ նախատրամադրվածության՝ աշնանը, փոխելու է մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը։ Այս եւ բազում այլ հարցեր են այսօր թեւածում օդում։ Հարցեր, որոնց պատասխանները կամ չկան, կամ աղոտ են։ Պատճառը մասամբ այն է, որ դրանց որոշ մասի պատասխանները մեզնից չեն կախված, այլ աշխարհաքաղաքական իրողություններից, դեպքերի ընթացքից ու աստղերի դասավորությունից։ Բայց կան հարցեր, որ մեր որոշումների տիրույթում են։ Սակայն անգամ այդ հարցերում առայժմ որոշակիություն չկա։ Ինչո՞ւ։ Ի վերջո, ի՞նչն է խանգարում իշխող ուժին, որը չի զլանում տեղի-անտեղի հայտարարելու, որ ստացել է հասարակության ճնշող մեծամասնության քվեն եւ մինչեւ 2022 թվականն անխախտ է մեր լեռների պես, հայտարարել՝ 2018 թվականին ովքեր են լինելու իր վարչապետն ու փոխվարչապետները, իր նախագահը, անվտանգության խորհրդի իր ղեկավարը, որքանով է հարատեւ այսօր գործող պաշտոնյաների՝ Կարեն Կարապետյանի, Արա Բաբլոյանի, մյուսների պաշտոնավարումը։ Երեկ իշխանական խոհանոցին ծանոթ զրուցակիցս օրիգինալ բացատրություն տվեց այս մեծ «լռությանը»․ «Պատկերացնո՞ւմ ես՝ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ 2018-ից հետո ինքը չի լինելու երկրի ղեկին, վարչապետն էլ լինելու է Կարեն Կարապետյանը։ Հենց հայտարարության օրը նա պետք է հրաժեշտ տա ու գնա տուն՝ ոչ մեկն այլեւս չի ենթարկվի, իշխանական բուրգը հաշված ժամերի ընթացքում կքանդվի, կսկսվի իրարանցում»։

Մեկնաբանություն
X