«Իգլայի» գործը դարձավ փողերի լվացում

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքները փոխվել են: Նա մարտի 22-ից անազատության մեջ է, մեղադրվում է Վրաստանից մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեջ: Այժմ նրան մեղադրում են ոչ թե որպես կատարողի, մաքսանենգ ճանապարհով զինամթերք տեղափոխողի, այլ որպես դրդողի: Ո՞ւմ եւ ինչո՞ւ է դրդել, որ Վրաստանից «Իգլա» բերեն․ ոչ նախաքննության մարմինը՝ ԱԱԾ քննչականը, ոչ էլ Բաբայանի պաշտպանը չեն հայտնում։ Սրան է գումարվել մի նոր մեղադրանք՝ փողերի լվացում: Ինչպես հայտնի է, փողերի լվացումը Քրեական օրենսգրքի ամենադժվար ապացուցելի հոդվածներից է: Անկախ այն բանից՝ կհաստատվի այն, թե ոչ, կարելի է պնդել, որ երկար քննությունը Բաբայանի գործով ապահովված է։

Բաբայանը «լվացել» է նախընտրական փողե՞րը

Սամվել Բաբայանին առաջադրված նոր մեղադրանքը շատերը կապում են ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների հետ: Վարկած կա, որ խոսքն այն փողերի լվացման մասին է, որոնք Սամվել Բաբայանը եւ նրա քաղաքական համախոհ, «ՕՐՕ» նախընտրական դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն ստացել էին ընտրություններից առաջ: Նույնիսկ գումարի չափ է շրջանառվում ՝ մոտ 7 մլն․ դոլար, որը ներդրել է Սեյրան Օհանյանի ռուսաստանցի ընկերներից մեկը: Այս գումարի մի մասով, ըստ որոշ տեղեկությունների, մարել են Սամվել Բաբայանի պարտքերը: Մյուս մասը ծախսվել է նախընտրական կամպանիայի ֆինանսավորման եւ այլ նպատակների համար: Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի շրջանակներում, որով սահմանվում են փողերի լվացման հատկանիշները, պարզվում են ոչ միայն փողերի իրական չափերը, գտնվելու վայրը կամ տնօրինման եղանակը, այլեւ ծագման աղբյուրը: Այնպես որ, եթե այս մեղադրանքը հենց նախընտրական գումարներին է վերաբերում, ապա կարելի է կանխատեսել, որ քննությունը կհասնի նաեւ Սեյրան Օհանյանին, ինչպես նաեւ այն անձին, որը ֆինանսավորել է «ՕՐՕ»-ի ընտրարշավը:

Սամվել Բաբայանի շահերը ներկայացնող փաստաբան Ավետիս Քալաշյանը հրաժարվեց հայտնել, թե հատկապես ինչ գումարների լվացման մասին է խոսքը: «Առայժմ ոչ մի տեղեկություն չեմ կարող տալ՝ պաշտպանական տակտիկայից ելնելով: Կարող եմ ասել, որ նախընտրական փողերի հետ մեղադրանքը կապ չունի հաստատ»,- ասաց փաստաբանը: Մեր հարցին, թե արդյո՞ք փողերի լվացման մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունի, նա պատասխանեց. «Պաշտպանական կողմի համոզմամբ, մի բան կարող եմ ասել՝ բոլոր մեղադրանքներն անհիմն են»:

Փողերի լվացումը քաղաքական գործչին կոտրելու հնարք է

Մարդուն փողերի լվացման մեջ մեղադրելու, մի շրջան մեկուսացնելու, ապա մեղադրանքները կարճելու պրակտիկան մեր իշխանություններն սկսել են կիրառել դեռ 2003 թվականից։ Այդ մեղադրանքների առաջին «զոհը» թերեւս Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախկին խորհրդական, գործարար Արբակ Խաչատրյանն էր։ 2003-ի նախագահական ընտրությունների շրջանում նրան ձերբակալեցին նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին 150 հազար դոլար տալու համար։ Դատաքննությունը տեղի ունեցավ Ռուսաստանում։ Արբակ Խաչատրյանին արդարացրին։ 2007 թվականին, նախագահական ընտրություններից առաջ, «փողերի լվացման» հոդվածով մեղադրանք առաջադրվեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ԱԳ նախկին նախարար Ալիկ Արզումանյանին եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Արզումանյանից մոտ 60 հազար դոլար առգրավեցին, իսկ Շիրխանյանից՝ մոտ 28 հազար։ Նրանց կալանավորեցին, միառժամանակ պահեցին անազատության մեջ։ Արզումանյանին եւ Շիրխանյանին մեղադրեցին ֆինանսական զեղծարարությունների պատճառով հետախուզման մեջ գտնվող գործարար, ՌԴ քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ Հայաստան անհայտ ծագման գումարներ տեղափոխելու եւ դրանք իշխանության դեմ պայքարին ծառայեցնելու մեջ։ Վերջում վարույթը կասեցվեց, իսկ գործն Ալիկ Արզումանյանի մասով գնաց Եվրոպական դատարան:

Տարօրինակ գործ Օսկանյանի դեմ

2012 թվականին փողերի լվացման եւ յուրացման փաստերով քրեական գործ հարուցվեց մեկ այլ նախկին արտգործնախարարի՝ այն ժամանակ ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ։ Նրան մեղադրում էին ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի ընտանիքի կողմից Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամին նվիրաբերված գումարները վատնելու մեջ: Եվ դա կրկին հերթական՝ 2013 թվականի նախագահականից առաջ էր։ Այդ ընտրություններում այն ժամանակ ԲՀԿ անդամ Օսկանյանը պատրաստվում էր թեկնածություն առաջադրել։ Երբ ընտրություններն անցան, ԱԱԾ-ն, որը քննում է փողերի լվացման բոլոր գործերը, դադարեցրեց Օսկանյանի դեմ քրեական հետապնդումը, եւ գործը կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով։ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Օսկանյանը վերականգնել է չվճարված հարկերը, որոնք առաջացել էին Հանթսմանի փողերն անձնական նպատակներով օգտագործելու արդյունքում, իսկ Օսկանյանն իր հերթին հայտարարեց, որ որեւէ նման խոստովանություն չի արել եւ Հանթսմանի գումարներից ոչ մի լումա չի օգտագործել։

Փողերի լվացման մեղադրանքը հաճախ է կիրառվում անցանկալի քաղաքական գործիչներին ասպարեզից հեռացնելու նպատակով: Ընդ որում, ինչպես տեսնում ենք, ազդեցիկ գործիչների դեմ այն հիմնականում առաջ է քաշվել նախագահական ընտրությունների շրջանում եւ, որպես կանոն, երբեք չի ապացուցվել: Բաբայանը բացառություն չէ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X