Հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները

Ռուսաստանում անցկացվող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին 3- րդ տուրում՝ Յոախիմ Լյովի գլխավորած Գերմանիայի հավաքականը, ով հանդես է գալիս երիտասարդական կազմով և փորձարկում նոր ֆուտբոլիստներ՝ 3-1 հաշվով հաղթեց Կամերունի ընտրանուն: Տիմո Վերները դարձավ դուբլի հեղինակ նաև իր հաշվին գոլ գրանցեց՝ Քերեմ Դեմիրբեյը: 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կամերունի հավաքականի հարձակվող Վինսենտ Աբուբակարը:

Չիլիի հավաքականը, որն այս առաջնության ֆավորիտներից մեկն է, այդպես էլ չկարողացավ առավելության հասնել Ավստրալիայի ընտրանու նկատմամբ: Առաջին խաղակեսի 42-րդ րոպեին ավստրալացի Ջեյսմ Տրոիզին բացեց խաղի հաշիվը: Չիլիի ընտրանին՝ Մարտին Ռոդրիգեսի օգնությամբ պատասխան գոլը խփեց միայն 67-րդ րոպեին:

Այսպիսով Գերմանիան և Չիլին հանդես կգան կիսաեզրափակչում: Գերմանիայի հավաքականը իր ուժերը կչափի Մեքսիկայի հետ, իսկ Չիլին կխաղա Պորտուգալիայի դեմ:

Ինչպես միշտ ֆուտբոլի ազգային հավաքականների համար Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը յուրօրինակ փորձաշրջան է՝ 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնության խաղերի նախօրեին, նաև տանտիրոջ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ու նախ և առաջ Ռուսաստանի Դաշնության համար:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները տեղի են ունենում ռուսական չորս քաղաքների մարզադաշտերում (Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Կազան և Սոչի) և ըստ մասնագետների նաև վիճակագրության՝ այս խաղարկությունը երկրպագուների շրջանում իսկապես բարձր վարկանիշ ունի, մարզադաշտ այցելողների քանակը զգալ է, այցելողները հիմնականում ռուսներ են, տեղի և հարակից քաղաքների բնակիչներ:

Եվ չնայած այն բանին, որ Չերչեսովի գլխավորած տանտեր Ռուսաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային արգելքն ու դուրս գալ կիսաեզրափակիչ, այդուհանդերձ, անցկացվող մյուս հանդիպումների նկատմամբ ևս երկրպագուների կողմից առկա է մեծ հետաքրքրվածություն:

2005թվականից ի վեր, չորս տարին մեկ՝ հենց այն երկրում որտեղ պիտի կայանա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, անցկացվում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկություն: Մրցաշարի ողջ պատմության ընթացքում միայն 5 երկրների հավաքականների է հաջողվել հաղթանակ տանել:

Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի մրցանակային ֆոնդը կազմում է 20 միլիոն դոլար: Այս առաջնությունում հաղթողը հավաքականը կստանա 4 միլիոն դոլար, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ընտրանիները՝ 3 միլիոն 600 հազար դոլար, և 3 միլիոն դոլար: Չորրորդ տեղը զբաղեցնող հավաքականի համար ևս հատկացվել է մեծ գումար՝ 2,5 միլիոն դոլար, իսկ ահա մրցաշարային երկու խմբերից դուրս մնացած թիմերը նույնպես ձեռնունայն չեն մնա և կստանան 1 միլիոն 700 հազար դոլար:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X