Վախը զսպաշապիկ չէ

Որտե՞ղ է ավարտվում քաղաքական պայքարի թույլատրելի սահմանը, եւ որտե՞ղ է սկսում գործել Քրեական օրենսգիրքը։ Արդյո՞ք վարչախմբին ոչնչացնելու, զենք վերցնելու կոչերը կարելի է դիտարկել միջազգային կոնվենցիաներով նախատեսված ապստամբության իրավունքի շրջանակներում, երբ ավարտվում են օրինական ճանապարհով իշխանափոխություն կատարելու բոլոր հնարավորությունները, իսկ հանցավոր խմբի կողմից իշխանությունը զավթվել է անօրինական ճանապարհով։ Օրերս «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը դատարանի դահլիճում կոչ է արել մարդկանց․ «Զենք վերցրեք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրեք»։ Եվ այս հայտարարությունն առիթ է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցի՝ «Վ. Ավետիսյանի արարքում առերեւույթ առկա ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) փաստի առթիվ»։ Իրավապաշտպաններն արձագանքում են այս հայտարարությանը՝ Ավետիսյանի բերանը փակելու, լռեցնելու միջոց է։ Իշխանությանը մոտ կանգնած անձինք ասում են՝ բռնության կոչերն արգելված են եւ քրեորեն պատժելի։ Երկու կողմն էլ, ըստ ամենայնի, ճիշտ են։ Իշխանությունը որոշել է վախեցնել, լռեցնել «ծռերին», որոնց դատը դեռ երկար կարող է շարունակվել, իսկ բռնության, ֆիզիկական ոչնչացման կոչերը բոլոր երկրների օրենսդրությամբ են պատժվում։ Սակայն եթե իշխանությունն իր առջեւ խնդիր է դրել՝ մեղմել հասարակական մթնոլորտը, հանդուրժողականության, հաշտեցման քայլեր կատարել, նվազեցնել հասարակական առճակատումը, նման քրեական գործի հարուցում չպետք է նախաձեռներ։ Վախով եւ քրեական օրենսգրքով հասարակությանը չես զսպի։

Մեկնաբանություն
X