Հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները

Ռուսաստանում անցկացվող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրում Յոախիմ Լյովի գլխավորած Գերմանիայի հավաքականը, որ հանդես է գալիս երիտասարդական կազմով եւ փորձարկում նոր ֆուտբոլիստներ, 3։1 հաշվով հաղթեց Կամերունի ընտրանուն: Տիմո Վերները դարձավ դուբլի հեղինակ, նաեւ իր հաշվին գոլ գրանցեց Քերեմ Դեմիրբեյը: 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կամերունի հավաքականի հարձակվող Վինսենտ Աբուբակարը:

Չիլիի հավաքականը, որն այս առաջնության ֆավորիտներից է, այդպես էլ չկարողացավ առավելության հասնել Ավստրալիայի ընտրանու նկատմամբ: Առաջին խաղակեսի 42-րդ րոպեին ավստրալացի Ջեյսմ Տրոիզին բացեց խաղի հաշիվը: Չիլիի ընտրանին Մարտին Ռոդրիգեսի օգնությամբ պատասխան գոլը խփեց միայն 67-րդ րոպեին:

Այսպիսով, Գերմանիան եւ Չիլին հանդես կգան կիսաեզրափակչում: Գերմանիայի հավաքականն իր ուժերը կչափի Մեքսիկայի հետ, իսկ Չիլին կխաղա Պորտուգալիայի դեմ: Ինչպես միշտ, ֆուտբոլի ազգային հավաքականների համար Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը յուրօրինակ փորձաշրջան է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության խաղերի նախօրեին, նաեւ տանտիրոջ՝ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ու նախեւառաջ Ռուսաստանի Դաշնության համար:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները տեղի են ունենում ռուսական չորս քաղաքների մարզադաշտերում (Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Կազան եւ Սոչի) եւ, ըստ մասնագետների, նաեւ՝ վիճակագրության, այս խաղարկությունը երկրպագուների շրջանում իսկապես բարձր վարկանիշ ունի, մարզադաշտ այցելողների քանակն զգալի է, այցելողները հիմնականում ռուսներ են, տեղի եւ հարակից քաղաքների բնակիչներ: Եվ չնայած այն բանին, որ Չերչեսովի գլխավորած տանտեր Ռուսաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային արգելքն ու դուրս գալ կիսաեզրափակիչ, այդուհանդերձ, անցկացվող մյուս հանդիպումների նկատմամբ եւս երկրպագուների կողմից առկա է մեծ հետաքրքրվածություն:

2005 թ․ ի վեր, չորս տարին մեկ, հենց այն երկրում, որտեղ պիտի կայանա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, անցկացվում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկություն: Մրցաշարի ողջ պատմության ընթացքում միայն 5 երկրների հավաքականների է հաջողվել հաղթանակ տանել: Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի մրցանակային ֆոնդը կազմում է 20 միլիոն դոլար: Այս առաջնությունում հաղթող հավաքականը կստանա 4 միլիոն դոլար, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած ընտրանիները՝ 3 միլիոն 600 հազար դոլար եւ 3 միլիոն: Չորրորդ տեղն զբաղեցնող հավաքականի համար եւս հատկացվել է մեծ գումար՝ 2,5 միլիոն դոլար, իսկ, ահա, մրցաշարային երկու խմբերից դուրս մնացած թիմերը նույնպես ձեռնունայն չեն մնա եւ կստանան 1 միլիոն 700 հազար դոլար:

Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X