Քաղաքագրություն. Ռ. Իսրայելյան՝ «Ճոճվող Երևանը»

Եվ այդ բանը դուք զգալու եք ոչ հեռավոր ապագայում:

Լայն տարածված քաղաքը, բաժանված ձորերով, պահանջում է կապվել: Այստեղ է, որ ժամանակակից տեխնիկան ցույց է տալու իր ուժը, ինժեներական միտքը փայլելու է, գտնելով նորանոր լուծումներ, զուտ ինժեներական կառուցումներով միմյանց կապելու թաղերը:

Կառուցվելու են նոր կամուրջներ: Հրազդանի ձորը երկու տեղ արդեն կապվել է երկաթբետոնե կամարներով: Այժմ այս ձորը կկրի իր վրա և երրորդը՝ միացնելով Արաբկիրը Շահումյանի շրջանի հետ: Սա կմիացնի ոչ միայն քաղաքի երկու շրջանները, այլև այն թաղերը որ հետագայում են կառուցվելու: Չորորդ կամուրջը կլինի հենց այն պատնեշը, որ կկտրի Հրազդանը «Հաղթանակ» կամուրջից ներքև, Էջմիածնի ճանապարհից դեպի երրորդ մասը գնացող ուղու մոտ:

Մի կամուրջ էլ նախատեսվում է Ավանի ձորում, որը կմիացնի Նորքը Զեյթունի հետ: Այս կամուրջը, ինչպես և Շահումյանի կամուրջը, շատ բարձր դիրք է ունենալու և այնտեղից բացվելու են չափազանց հետաքրքիր տեսարաններ:

Կկառուցվի և էսկալատոր, այսինքն շարժվող աստիճաններ, որ կբարձրանա սարալանջով, անտառի միջով կապելով քաղաքի կենտրոնը Արաբկիրի հետ, այն տեղում, որտեղ վերջանում է Թամանյանի փողոցն ու դեմ առնում սարի լանջին, իսկ վերևում դուրս կգա Հաղթանակի այգու մուտքի մոտ:

Կառուցվելու է ճոպանուղի: Սա կլինի Նալբանդյան փողոցի վերջում, Գետառի մյուս ափին, իսկ մյուս ծայրը բարձրանալու է Նորք և, հավանական է, որ այնտեղից էլ հասնի Մարաշ: Ճոպանուղին շատ հետաքրքիր օդային տրանսպորտ է, պողպատե հաստ ճոպաններից կախված վագոններով: Եվ ահա, այդ մեղմ օրորվող վագոններից դուրս նայելիս թվալու է, թե դու տեղումդ ես, և Երևա՛նն է, որ ճոճվում է իր տներով ու փողոցներով, կանաչապատ սարերով: Էլ չեմ ասում, թե ի՜նչ անմոռանալի պատկեր է մեզ սպասում գիշերն այդ բարձունքից, երբ ցածում Երևանը լուսյերի ծով է դառած, ծովի նման էլ պիտի փայլի մեր աչքի առաջ:

Ինձ համար հաճելի է ասել, որ Թբիլիսիի ինժեներները, որպես լավ փորձ ունեցողներ, մասնակցելու են այդ գործին: Կարծում եմ, նրանց համար այդ աշխատանքը նույնքան սրտամոտ կլինի, ինչքան մեր մասնագետների համար

Պատրաստեց՝ Արամ Պաչյանը

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X