Տուրիզմի զարգացման հերթական խթանը Գյումրիում

>

Այսօր մեծ շուքով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում բացվեց «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը: Հյուրանոցի բացումն այնքան կարևոր իրադարձություն էր քաղաքի համար, որ ներկա էին մարզի առաջին դեմքերը՝ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, նորաթուխ մարզպետ Արթուր Խաչատրյանը, փոխքաղաքապետը եւ այլոք:

Ըստ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի՝ քաղաքի կենտրոնում գտնվող նորաբաց հյուրանոցը լուրջ խթան է զբոսաշրջության զարգացմանը:

«Գյումրին ինքնատիպ կոլորիտ ու հարուստ մշակույթ ունեցող քաղաք է, «Պլազա Վիկտորիան» կնպաստի քաղաքում զբոսաշրջության զարգացմանը»,- ընդգծեց նա:

Մարզպետ Արթուր Խաչատրյանը նույնպես կարևորեց հյուրանոցի նշանակությունը՝ նշելով, որ Գյումրին զբոսաշրջության մեծ ներուժ ունի:

Տեղեկացանք, որ այս պահին հյուրանոցում աշխատանքի են տեղավորվել 2տասնյակից ավել քաղաքացիներ, որոնք հիմնականում Գյումրիից են: Մեր տեղեկություններով՝ հյուրանոցի սեփականատերը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն է, որի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Հիշեցնենք, որ հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը, իսկ այս ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգը։ Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ թերևս սպասելի էր Գյումրիում Սուքիասյանների ընտանիքին պատկանող շքեղ հյուրանոց վերաբացվելու փաստը:

Ինչպես երևում է՝ Հանրապետության վարչապետն ու քաղաքական գործիչները Գյումրիում տուրիզմը զարգացնելու առաջնահերթ պայմանը հյուրանոցներ կառուցելն են համարում: Գյումրու Ռուսթավելի փողոցում է գտնվում վարչապետ Կարապետյանի ընտանիքին պատկանող շինությունը, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսվում է կառուցել նմանը չունեցող եռահարկ շքեղ հյուրանոցառեստորանային շքեղ համալիր:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X