Ճաճոենց հարսին ոստիկանները հսկում են

Լոռու Գուգարք գյուղի բնակիչ, ամուսնու սպանության համար մեղադրվող Լիանա Կ-ն ստորագրություն է տվել չհեռանալու մասին, և գտնվում է ոստիկանության հսկողության տակ։ Ոստիկանները հսկում են Լիանայի տան և հարակից տարածքը՝ կնոջը պաշտպանելով հնարավոր հաշվեհարդարից։ Մինչ այս պահը ոտնձգություններ չեն եղել։ Այս մասին մեզ հայտնեց Լիանայի շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

«Նշանակվել է դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որը դեռևս չի կատարվել», - ասաց նա։

Քանի որ սպանվածը Լոռու մարզում հայտնի հեղինակություն Էդիկ Մարտիրոսյանի՝ «Ճաճոյի» Էդոյի որդին էր՝ Տիգրան Մարտիրոսյանը, մայիսի 25-ին տեղի ունեցած այս սպանությունը մեծ հնչեղություն ստացավ։ Նույն օրը տեղեկություն շրջանառվեց, որ Լիանան պարբերաբար ընտանեկան բռնության է ենթարկվել և հերթական վիճաբանության ժամանակ կրակել է, պաշտպանվելով ամուսնու հարձակումից։

Լիանայի փաստաբանը նաև հայտնեց, որ կինը մինչ օրս դուրս չի եկել ծանր սթրեսից։ «Բոլոր դեպքերում, դա ակնհայտ երևում է», - ասաց նա։ Կա՞ն ապացույցներ, որ նա պաշտպանվելով է կրակել։ Այս հարցին Ռուբեն Հակոբյանը պատասխանեց․ «Այսպես ասեմ՝ ես համոզված եմ, որ նրա գործողություններում հանցակազմ չկա»։

Մեկնաբանություն
X