Քիչ աշխատիր, որ շատ ստանաս

Աշխատանքի դիմաց վարձատրությունը, թերեւս, արդարության ամենանուրբ ցուցիչներից է։ Սոցիալիզմի գլխավոր սկզբունքը, օրինակ, «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» բանաձեւն էր։ Բայց աշխատանքի վարձատրության հարցում իդեալական արդարության հասնելը շատ բարդ է։ Մանավանդ անկախության տարիներին մենք համատարած տեսնում ենք մարդկանց, որոնք ոչինչ չեն անում, բայց շատ բարձր եկամուտ ունեն, եւ մարդկանց, որոնք օրնիբուն «դառը դատում են, դատարկ նստում»։ Սա է պատճառը, որ վարձատրության հետ կապված օրենքների քննարկումներն Ազգային ժողովում ամենաբուռն են անցնում, եւ ընդդիմությունը միշտ հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ պետք է պետական պաշտոնյաների մի մասը, դատավորներն ստանան տասնապատիկ ավելի, քան, ասենք, ուսուցիչները, բժիշկները, չէ՞ որ մեզ ոչ միայն արդարադատություն է հարկավոր, այլեւ կրթական, առողջապահական լավ համակարգ։ Աշխատավարձերի նման տարբերությունը սոցիալական անարդարության մթնոլորտ է ստեղծում։ Արդյո՞ք դա պայմանավորված չէ բարձր աշխատավարձ ստացողների լոբբինգով, ֆինանսական եւ այլ հնարավորություններով։ Ինչո՞ւ պետք է, ասենք, ինչ-որ հիմնարկի ղեկավարը, վարչության պետն ստանա 4-5 անգամ բարձր աշխատավարձ, բայց ժամը 18։00-ին սենյակի դուռը կողպի ու գնա տուն, իսկ գրոշներ ստացող ենթական մինչեւ ուշ գիշեր ճգնի՝ կատարելով շեֆի աշխատանքի հիմնական մասը։ Եթե վարձատրությունն է այն մոտիվացիան, որն ստիպում է մարդուն շատ ու լավ աշխատել, ապա ամեն օր անարդարության բախվելով՝ նա հաստատ լավ չի աշխատի։ Նույն տրամաբանությամբ հարց է ծագում․ ինչպե՞ս են անվճար աշխատում հասարակական հիմունքներով ընդունված խորհրդականներն ու տարբեր հանձնաժողովների անդամներ։ Ո՞րն է նրանց աշխատելու մոտիվացիան։

Մեկնաբանություն
X